Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալը կվերընտրվի՞

Մարտ 02,2002 00:00

Գեներալը կվերընտրվի՞ ԵԿՄ համագումարն՝ ըստ կազմակերպության կանոնադրության, պետք է տեղի ունենար դեռ անցյալ դեկտեմբերին: Բայց, թերեւս, հաշվի առնելով ԵԿՄ վարչության նախագահի եւ առանձին անդամների նկատմամբ երկրապահների պատկառելի մասի բացասական վերաբերմունքը, կազմակերպության իշխանամետ ղեկավարությունը հակված էր ամեն ինչ անել այն ձգձգելու համար: Նրանք մտավախություն ունեին, որ այդ ժամանակահատվածում, որը համընկնում էր վարչության անդամ Մ.Սաղաթելյանի կալանավորմանը, իրենք կարող են կորցնել իրենց տեղն ու կշիռը ԵԿՄ-ում: Ավելի ուշ, իրավիճակը փոխվեց: ԵԿՄ վարչության որոշ անդամներ եւ բանակի մեկ-երկու գեներալ իրենց դիրքերը պաշտպանելու տարբերակ էին գտել՝ վարչության կազմը ձեւավորել միայն բանակում ծառայող երկրապահներից: Ահա սրանից հետո էր, որ այս անգամ համագումարը ձգձգելու մեջ ոմանք մեղադրեցին արդեն ԵԿՄ վարչության եւ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներին: Մեր այն հարցին, թե «Հանրապետությո՞ւնն» է շահագրգիռ ԵԿՄ համագումարի ձգձգման հարցում, կուսակցության նախագահ եւ ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Մենք որոշակի տեղեկատվություն ենք ունեցել, որ իշխանությունները փորձում են ձեւավորել տալ վերահսկելի ղեկավար մարմին՝ հետագայում այդ կառույցն օգտագործելով Ռ.Քոչարյանի ընտրությանն օժանդակելու համար: Ուստի, առաջարկել ենք բոլոր հարցերը քննարկել վարչության նիստերում, գալ ընդհանուր հայտարարի եւ միասնական տեսակետներով գնալ համագումարի՝ վեճերն այնտեղ չտեղափոխելու համար»: Ա.Բազեյանը կարծիք հայտնեց, թե իշխանության միջամտությունը հասարակական կազմակերպության գործունեությանը ճիշտ չէ, առավել եւս, երբ խնդիր է դրվում այդ կառույցն օգտագործել այս կամ այն իշխանավորի ընտրությունն ապահովելու համար: «Մեր մոտեցումները հայտնել ենք ե՛ւ վարչության նիստում, ե՛ւ առանձին հանդիպումների ժամանակ»,- ասաց պրն Բազեյանը՝ գտնելով, որ իշխանությունները պետք է հանգիստ թողնեն ԵԿՄ-ին: Պարզվում է. փորձ է արվում՝ ԵԿՄ-ն դարձնել զուտ իշխանական կառույց: ԵԿՄ-ում կարծիք կա, որ անելանելի վիճակ կարող է լինել, եթե վարչությունը որոշում կայացնի օժանդակել Ռ.Քոչարյանի առաջիկա ընտրությանը, իսկ մյուսներն՝ ի դեմս Ա.Բազեյանի, պաշտպանեն այլ թեկնածուի: Հարցադրումն ինքնին հաստատում է այն, որ իշխանությունները մտադիր են իրենց շահերին ծառայեցնել այդ կառույցը, մինչդեռ խանգարողները հատկապես այն երկրապահներն են, ովքեր կարող են դեմ լինել Ռ.Քոչարյանի վերընտրությանը: Իր հերթին Ա.Բազեյանն ասաց. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, եւ մերժելի է տեսակետը, թե նրա անդամներն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ: Նրանցից յուրաքանչյուրը ՀՀ քաղաքացի է եւ ունի սահմանադրական իրավունքներ, այդ թվում՝ կուսակցություններ հիմնելու, տեսակետներ արտահայտելու (բացառությամբ զինծառայողների): Մենք իրավական պետություն կարող ենք դառնալ միայն այն դեպքում, երբ իշխանություններն ազատվեն պատրանքից, թե կարող են վերահսկողության տակ առնել կուսակցություններին, քաղաքական դաշտը, նաեւ՝ հասարակական կազմակերպություններին»: Ա.Բազեյանի կարծիքով, ԵԿՄ ղեկավար մարմնում պետք է լինեն ե՛ւ զինվորականներ, ե՛ւ քաղաքացիական անձինք: «Զինվորականները պետք է ապահովեն քաղաքացիական անձանց, նախկին կամավորականների կապը բանակի հետ: Միաժամանակ քաղաքական որոշակի հայացքներ ունենալն էլ չպետք է չափանիշ լինի ԵԿՄ կամ վարչության անդամ լինել-չլինելու հարցում: Միակ որոշիչը պետք է լինի՝ անձը եղե՞լ է կամավորական, մասնակցե՞լ է պատերազմական գործողություններին, ցանկություն ունի՞ մասնակցել ԵԿՄ-ի ծրագրերի իրականացմանը, պատրաստակա՞մ է անհրաժեշտության դեպքում դարձյալ մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Հակառակ դեպքում ԵԿՄ-ն կկորցնենք»,- ընդգծեց Ա.Բազեյանը: Հնարավո՞ր է, որ համագումարում գեներալ Մանվելն այլեւս ԵԿՄ նախագահ չընտրվի: «ԵԿՄ-ն պահպանողական կառույց է, որտեղ հաճախակի փոփոխություններ տեղի չեն ունենում: Այսօր Մ.Գրիգորյանի վերընտրվելու հավանականությունը մեծ է: Ես գտնում եմ, որ ԵԿՄ-ի առաջին դեմքը պետք է զինվորական լինի, բանակում լուրջ դիրք ունեցող մարդ: Երկրապահների 25-30 տոկոսն այսօր ծառայում է բանակում եւ նրանք հոգեբանորեն չեն կարող ենթարկվել քաղաքացիական անձին»,- հավաստիացրեց Ա.Բազեյանը՝ միաժամանակ ասելով, թե իրավիճակը կարող է փոխվել, երբ պատերազմի վտանգը չեզոքացված լինի, ԼՂ հիմնախնդիրը՝ կարգավորված: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել