Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐՆԵՐԻ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎԱԾ Է

Մարտ 02,2002 00:00

ԿԱՐՄԻՐՆԵՐԻ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎԱԾ Է Ընկերները սկզբունքայի՞ն կնճիռներ ունեն Ազգային համաձայնության ճակատի ստեղծումը եւս ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանի մտահղացումն էր։ Սակայն պրն Դարբինյանի պատասխանն այնքան էլ համոզիչ չէր «Առավոտի» հետեւյալ հարցին. ինչո՞ւ եւ ինչպե՞ս եղավ, որ բազմահազարանոց Կոմկուսն իր շարքերում չգտավ առողջապահության համապատասխան նախարարի թեկնածու եւ առաջարկեց Արարատ Մկրտչյանի թեկնածությունը։ Մանավանդ՝ Կոմկուսը հայտարարել էր, որ սոցիալ-առողջապահական ճակատում ինքը հավակնում է լուրջ դերակատարություն ունենալ։ Ուրեմն ի՞նչ դժվար էր սեփական նախարարի թեկնածություն գտնելը։ Պարզվում է, անձամբ Վլ. Դարբինյանի համար դա խնդիր էր։ Նա խոստովանում է. «Մենք կոմունիստ առողջապահության նախարարի թեկնածու չունեինք։ ԱՀՃ-ի կառավարության ստեղծման համաձայնագիրը ստորագրվեց Սարդարապատում։ Այն կարող էր գոյատեւել, եթե Արամ Սարգսյանը շարունակեր իր գործունեությունը որպես վարչապետ։ Բայց եկավ Անդրանիկ Մարգարյանը՝ բոլորովին ուրիշ բնավորությամբ, ուրիշ աշխարհընկալմամբ մի մարդ, որը մերժում էր իր կուսակցությունից բացի՝ ուրիշ կուսակցությունների ներկայացուցիչներ այդ կառավարությունում»։ Վանյա Մխիթարյանը Կենտկոմի առաջին քարտուղարին հիշեցրեց, որ նա համագործակցում է նաեւ Անդրանիկ Մարգարյանի հետ. «Որովհետեւ նրա օրոք Վանյա Մխիթարյանը նշանակվել է փոխնախարար, Վարդան Գրիգորյանը նշանակվել է փոխնախարար… Այնպես որ, համագործակցությունը շարունակվել է նաեւ Անդրանիկ Մարգարյանի հետ։ Ի դեպ, սա եւս Վլ. Դարբինյանի քաղաքական արկածախնդրության օրինակ է։ ԱՀՃ-ն ընդամենը ստեղծված էր Ռ. Քոչարյանի դեմ։ Սակայն շատ արագ տապալվեց, քանի որ հնարավոր չէ դաշինք կազմել մարդկանց հետ, որոնք գաղափարական հիմք չունեն։ Իսկ այն, որ գաղափարական հիմք չի կարող լինել Կոմկուսի, ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի եւ այլնի միասնության մեջ, ակնհայտ էր։ Եվ երբ մայիսի սկզբին Քոչարյանը պաշտոնանկ արեց Արամ Սարգսյանին եւ Վաղարշակ Հարությունյանին, Կոմկուսը միանգամից անցավ մյուս թեւի կողմը։ Եվ ճիշտ չի ասում Վլ. Դարբինյանը, թե կուսակցությունը չուներ առողջապահության նախարարի թեկնածու։ Գագիկ Թադեւոսյանը քանի տարի ղեկավարում է ԱԺ համապատասխան հանձնաժողովը եւ շատ լավ նախարար կարող էր լինել։ Պրն Դարբինյանը շատ լավ գիտի, թե ինչո՞ւ է Արարատ Մկրտչյանին Կոմկուսի կողմից առաջարկել նախարարի պաշտոնում։ Նա թող այդ հարցին պատասխանի, եւ եթե համեմատեք նշանակման ժամկետները Կենտկոմի սեւ գույնի «31» ավտոմեքենայի ձեռքբերման ժամկետների հետ, կտեսնեք, որ ժամկետները համընկնում են»։ «Առավոտն» այդ հարցը արդեն տվել էր Վլ. Դարբինյանին եւ վերջինս պատասխանել էր, որ ծառայողական ավտոմեքենան Կենտկոմը ձեռք է բերել սեփական միջոցներով։ Վանյա Մխիթարյանը հիշեցրեց, որ Վլ. Դարբինյանը խոստացել էր իրեն դատի տալ, որովհետեւ ինքը մեղադրել էր Կենտկոմի քարտուղարին կուսակցության միջոցները հափշտակելու մեջ. «Ես սպասում եմ, որ նա ինձ դատի տա։ Այն պահից, երբ Վլ. Դարբինյանը ինձ դատի կտա, համապատասխան մարմինները կստուգեն, թե այն գումարները, որոնք տրվել են, եւ այն գումարները, որոնցով գնվել է մեքենան, մուտք արվե՞լ են կուսակցության դրամարկղ»։ Միջոցների թեման շարունակելով, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Կենտկոմը մինչեւ այսօր չի պահանջում պատասխանատվության ենթարկել թերթերից մեկում հրապարակված ինֆորմացիայի հեղինակին, ըստ որի՝ մայիսի 16-ի հանրահավաքի մասով, մեղադրանք է հնչում Կենտկոմի հասցեին, 15 հազար դոլար գումար վերցնելու համար։ Ի դեպ, որոշ աղբյուրներ եւս նշում են, թե գումարը կոնկրետ տեղ են հասցրել Խորեն Սարգսյանը եւ Սանատրուկ Սահակյանը։ Վլ. Դարբինյանը՝ մեր հարցին պատասխանելով, ասաց, որ իրենք դիմել են դատախազություն, սակայն այստեղից իրենց պատասխանել են՝ քանի որ հրապարակման հեղինակը գոյություն չունի, իրենք չեն կարող գործ հարուցել. «Իսկ այդ 15 հազարի պատմությունը մոգոնած, լկտի սուտ է»։ Եվս մեկ լուր փորձեցինք ճշտել Վլ. Դարբինյանի հետ զրույցում։ Այդ, այսպես կոչված, «կաշառքից» իբրեւ թե բաժին են ստացել կուսակցության մի շարք շրջկոմ-քաղկոմներ։ Պրն Դարբինյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց սա։ Նա ասաց հետեւյալը. «Մենք ամեն միջոցառման ժամանակ էլ գումար ենք ծախսում»։ Իսկ Կենտկոմի Վերահսկիչ հանձնաժողովի նախկին նախագահ Վանյա Մխիթարյանն իր հերթին պնդում է՝ «Կենտկոմի բոլոր ծախսերը պետք է լինեն Կենտկոմի դրամարկղից։ Մեր Կենտկոմը դոլարային հաշիվ չունի։ Այսինքն՝ Կենտկոմը շրջկոմի քարտուղարներին դոլարներ բաժանելու իրավունք չունի։ Այս արատավոր պրակտիկան սկսել է կիրառվել միայն Վլ. Դարբինյանի առաջին քարտուղար դառնալուց հետո։ Մեր անդամներն առանց դրամական միջոցների, սոված են եկել մեր հանրահավաքներին, դրա համար փող բաժանել պետք չէր։ Իսկ եթե բաժանել է՝ որտեղի՞ց դոլարները»։ ՀԿԿ Կենտկոմի քարտուղարից հետաքրքրվեցինք. ինքը Հրանտ Ոսկանյանին եւ Յուրա Մանուկյանին կուսակցության դավաճաններ համարո՞ւմ է։ Ըստ պրն Դարբինյանի. «Ովքեր կուսակցության գծից նահանջում են, բա ի՞նչ համարենք։ Սա մեր դավանանքն է, մեր քրիստոնեական հավատն է։ Եթե մարդը քրիստոնեական հավատից սայթաքել եւ գնացել է մահմեդական հավատի, բա ի՞նչ համարենք։ Մեր ուսմունքը մարքսիզմ-լենինիզմն է։ Մեր ծրագիրը համագումարի կողմից հաստատված ծրագիրն է։ Ով շեղվում է դրանից, պետք է դուրս մնա կուսակցությունից»։ Վանյա Մխիթարյանն իր հերթին պնդում է, որ ե՛ւ Յուրա Մանուկյանը, ե՛ւ Հրանտ Ոսկանյանը իրենց բոլոր գործողությունները համաձայնեցրել են Վլ. Դարբինյանի հետ. «Ուղղակի նրանց քաղաքական միամտությունն այն է, որ վստահել են Վլ. Դարբինյանին։ Վլ. Դարբինյանն ինքն է նրանց դրդել դավաճանության եւ հետո նենգորեն ջախջախել նրանց՝ սեփական կուսակցության մեջ։ Բայց քանի որ ե՛ւ Յուրա Մանուկյանը, ե՛ւ Վլ. Դարբինյանը ղեկավարվում են միեւնույն կենտրոնից, Յու. Մանուկյանը չի կարողանում մինչեւ հիմա ճշմարտությունն ամբողջությամբ ասել, չի կարողանում ասել՝ չէ՞ որ, Վլադիմիր Սարգիսովիչ, ինչ որ արել եմ, դուք եք ասել։ Դրանից բացի, Յուրի Մանուկյանն ամեն ինչ արել է Հրանտ Ոսկանյանի հետ։ Ուրեմն ո՞նց պատահեց, որ Ոսկանյանը մինչեւ այժմ Կենտկոմի անդամ է, իսկ Մանուկյանին հեռացրին կուսակցությունից, էս ի՞նչ կանոնադրական աթուրմա է»։ Վլ. Դարբինյանը հարցին այլ բացատրություն է տալիս։ Նա գտնում է, որ ընտրություններից առաջ նման բաներ լինում են, եւ քաղաքական դաշտում պայքարը սրվում է. «Ընտրազանգվածներին ապակողմնորոշելու կուրս են վերցնում։ Սա քաղաքական սուր պայքար է, որը մենք «դասակարգային պայքար» ենք կոչում։ Առանձին մարդկանց, կարիերիստների՝ մեր շարքերից, օգտագործելու են մեր դեմ։ Սակայն ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը միակամ է եւ միակամ էլ կգնա ընտրությունների»։ Վանյա Մխիթարյանի պնդմամբ՝ մնում է խղճալ «Վլադիմիր Դարբինյանի խեղճ քրիստոնյաներին եւ մահմեդականներին»։ Ավարտելով կոմունիստների «առերեսումը», վստահ ենք մի բանում. նախընտրական գզվռտոցն արդեն սկսվել է, եւ պառակտման, միմյանց սեւացնելու մոլուցքը շարունակվելու է։ Քաղաքական ուժերը իրար ձեռքից ընտրազանգված խլելու խնդիր ունեն, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կոմկուսը ամենակայուն եւ մեծաթիվ ընտրազանգվածն է ունեցել տարիներ շարունակ։ Այդ ընտրազանգվածը ցաքուցրիվ անելն այսօր ձեռնտու է շատ քաղաքական ուժերի, ինչը եւ ակնհայտ է դառնում ներկուսակցական խնդիրներին առնչվելիս։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել