Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՐԿԵԼ «ԴԵԳԵՆԵՐԱՏ»-ԻՆ

Մարտ 02,2002 00:00

ՓՐԿԵԼ «ԴԵԳԵՆԵՐԱՏ»-ԻՆ Մեծարգո Դատարան. Այսօր վճռվում է հայ հասարակության համար շրջադարձային նշանակություն ունեցող մի հարց՝ վիրավորական բովանդակություն ունի՞ արդյոք «դեգեներատ» բառը: Կախված նրանից, թե ինչ վճիռ կընդունի Դատարանը, կորոշվի «դեգեներատ» բառի հետագա ճակատագիրը: Արդ, խնդրում եմ հաշվի առնել, որ ամբաստանյալը, դժբախտաբար, ստացել է հայկական կրթություն, իսկ տուժողը, բարեբախտաբար՝ ռուսական: Ամբաստանյալը «դեգեներատ» բառն օգտագործել է՝ ամբողջ ծավալով չհասկանալով դրա իմաստը, իսկ տուժողը ընկալել է այն իբրեւ ծանր վիրավորանք: Իրականում այս ամենին պետք է վերաբերվել այլ կերպ: Բանն այն է, որ օտարամուտ «դեգեներատ» բառն ունի իր հայերեն համարժեքը՝ «այլասերված»: Եթե տուժողն իմանար, որ այլասերվածությունը խիստ տարածված երեւույթ է մեզանում եւ նշանակում է՝ տոհմիկ, ազնիվ հատկանիշներից զրկվելը, վատ հատկանիշներ ձեռք բերելը, ապա չէր դիմի Օրենքի պաշտպանությանը: Օրենքը չի կարող մեր հարափոփոխ կյանքում որեւէ մեկին պաշտպանել այլասերումից, քանի որ ժամանակի քայքայիչ ազդեցությամբ քչերն են կարողանում պահպանել իրենց տոհմիկ, ազնիվ հատկանիշները: Ավելի՛ն: Այլասիրությունը մեզ հարկադրում է խոստովանել, որ այլեւս չպետք է այլասերումը մեկնաբանել այլիմաստ: Այլերկրացի «դեգեներատ» բառը այլաբանություն է ընդամենը եւ այլեւայլ իմաստներ չպետք է փնտրել այլուր: Այսպիսո՛վ: Մեծարգո Դատարան, եթե Դուք ենթարկվեք որոշ դեգեներատների ճնշմանը եւ «դեգեներատ» բառը հայտարարեք վիրավորական, ապա այն կարող է դուրս մղվել մեր բառապաշարից եւ գործածվել միայն հատուկ արտոնագիր ունեցող բժիշկների կողմից՝ որպես դիագնոզ: Մի բան, որը ծանր կացության մեջ կգցի իսկական դեգեներատներին, չէ՞ որ նրանց դեգեներատությունը ոչ թե հիվանդություն է, այլ կենսակերպ: Շնորհակալություն ուշադրության համար: Հարգանքով՝ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել