Քիուեսթյան սկզբունքները հայտնի են Գաղտնազերծում է պաշտպանության նախկին նախարարը «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի հետեւյալ հարցին՝ «Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, որ խաղաղության գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը: Նաեւ խոսում էր կոմունիկացիաների մասին: Սա արդյոք ա՞յն չէ, ինչի մասին դուք շարունակ խոսում եք», Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է. «Այսօր մենք գտնվում ենք ոչ հայանպաստ լուծման տարբերակի առջեւ, դրա պատճառը Քոչարյանի՝ Մեղրիին առնչվող տարբերակի բանակցությունների մեջ մտնելն է: Այսպիսով ստացվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն են մասնակցում այդ խնդիրների լուծմանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ղարաբաղը մասնակցում էր այդ բանակցություններին: Քոչարյանի գալուց հետո Ղարաբաղը ընդհանրապես գոյություն չունի բանակցություններում: Եվ դա ես համարում եմ Ալիեւի մեծ հաղթանակը. նա կարողացավ դաշտը փոխել. հակամարտությունը դարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ «շնորհիվ» Քոչարյանի: Քիուեսթյան պայմանավորվածությունները գաղտնի են պահում: Ի՞նչ կա այդտեղ գաղտնի. Ադրբեջանում դա հայտնի է: Հետեւյալ մոտեցումն է առկա. ազատագրված տարածքները վերադարձվում են, Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում, բայց ունի հատուկ կարգավիճակ, Շուշին եւ շրջակա 5 գյուղերը տրվում են Ադրբեջանին: Այստեղ մնում է Հայաստանի հետ կապի հարցը, որն առնչվում էր Մեղրիի կարգավիճակի հետ: Հիմա հարթությունը փոխվել է, երբ Մեղրիի տարբերակն օրակարգում էր, տեսան, որ Հայաստանի հանրությունը դա չի ընդունում, սկսեցին նոր ձեւ փնտրել: Սկսեցին կոչել «կոմունիկացիա», բայց իրականում ոչինչ չի փոխվում: Իսկ կապը կախված է նրանից, թե ինչ կարգավիճակով մենք կտրամադրենք Մեղրին: Կզիջե՞նք Մեղրին, կստանանք Լաչինը: Կտրամադրե՞նք Մեղրին միջազգային ուժերի հսկողությամբ, կստանանք Լաչինի միջանցքը նույն կարգավիճակով: Եվ հենց այնպես չի, որ Օսկանյանն ու Քոչարյանը սկսեցին ասել, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Երբ Քի Ուեսթում որոշվեց, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, դրանից հետո նրանք այդ քայլին են գնում՝ ասելով, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Դրանով իսկ փաստվում է բանակցություններում Ղարաբաղի այսօրվա կարգավիճակը: Ամփոփեմ. մեզ կանգնեցնում են այնպիսի մի դրության առջեւ, որը կամ կհանգեցնի Ղարաբաղի կորստին, կամ կմղի Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակին»: