Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄՈՎԻՆ ՔԱՑՈՒ ՏԱԿ ԸՆԿՆՈՂԸ

Մարտ 02,2002 00:00

ԿԱՄՈՎԻՆ ՔԱՑՈՒ ՏԱԿ ԸՆԿՆՈՂԸ Նման պատահական զուգադիպություններ չեն լինում, որ նույն օրերին ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններով «մեկ քայլ ետ գնալու» անհրաժեշտության մասին, ե՛ւ «Օրինաց երկիրն» ԱԺ ներկայացրեց նման փոփոխություններով մի օրինագիծ, որով ոչ թե մեկ, այլ 100 քայլ ետ ենք գնում։ Ըստ այդմ, «Օրինաց երկրի» նախագահը հոժարակամ ստանձնեց այն դերը, որից խուսափում էր հանրապետության նախագահը, զգուշանալով ընկնել մտավորականների քացու տակ։ Միանգամից ասենք, որ Արթուր Բաղդասարյանի բեմելն այս դերում բավական անհաջող եւ անհամոզիչ էր։ Նա կեղծում եւ վատ էր խաղում, երբ լրագրողներին անընդհատ փորձում էր վստահեցնել, թե «Լեզվի մասին» օրենքում իրենց փոփոխությունները միտված են խթանել «եվրոպական լեզուների եւ ռուսերենի տարածմանը մեր երկրում»։ Եվ սա այն պայմաններում, երբ «ՕԵ»-ի առաջարկած փոփոխություններում խոսքն առավել հաղորդակցման մասին է։ Առաջարկվում է «Լեզվի մասին» օրենքի 1-ին հոդվածում ավելացնել հետեւյալ պարբերությունը. «Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ռուսերեն լեզվով հաղորդակցումն եւ ռուսերեն լեզվի օգտագործումն իր տարածքում, ինչպես նաեւ եվրոպական լեզուների մուտքն ու տարածումը ՀՀ-ում»։ Ա՜յ քեզ գյուտ, պարզվում է, եվրոպական լեզուները դեռ նոր պիտի մուտք գործեն Հայաստան եւ տարածվեն։ Իսկ օտար լեզուների խորացված ուսուցմամբ բազմաթիվ դպրոցները, հանրակրթական սովորական դպրոցներում եւ բուհերում այդ լեզուների դասավանդումը «ՕԵ»-ի աչքից վրիպե՞լ է։ Կարծում ենք, որ նման վրիպման պատճառն այն է, որ այլ լեզուների նշումն այս օրինագծում զուտ դեկորատիվ նշանակություն ունի։ Առաջարկվող մնացած փոփոխություններում այլեւս բառ անգամ չկա եվրոպական որեւէ լեզվի մասին՝ խոսքը միայն եւ միայն ռուսերենին է վերաբերում։ Ինչպես նշել էինք, «Օրինաց երկիրը», փաստորեն, փորձում է օրենսդրորեն հնարավորություն տալ վերաբացելու ռուսական դպրոցները, որտեղ հայերենն ընդամենը դասավանդվող առարկաներից մեկն է։ Եվ իզուր էր Արթուր Բաղդասարյանը փորձում արդարանալ, թե խոսքը կարող է միայն մեկ, ասենք, Չեխովի կամ Պուշկինի անվան դպրոցին վերաբերել, քանզի իրենց նախաձեռնությամբ նման որեւէ արգելապատնեշ չկա։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ազատ են իրենց երեխաների համար հանրակրթական ուսումնական հաստատություններ ընտրելու հարցում»,- նշել են հեղինակները։ Նաեւ առաջարկվում է, որ ռուսական դպրոցների շրջանավարտները բուհերի ընդունելության քննություններն էլ հանձնեն ռուսերեն։ Այսպիսով, իր անկախության 10-ամյակը բոլորած մեր երկրում քաղաքական ուժ կոչվելու հավակնություն ունեցող մի կուսակցություն փորձում է օրենսդրորեն դարձյալ ամրագրել այն վիճակը, երբ ՀՀ քաղաքացին կարող է եւ չտիրապետել իր պետական լեզվին։ Որ այս նպատակը կարող էր եւ հետապնդել Ռուսաստանը՝ դեռ հասկանալի է. թերեւս կայսերապետական նկրտումները լիովին չեն վերացել, միայն այժմ դրանք այլ կերպ են կոչվում՝ աշխարհաքաղաքական շահեր։ Բայց ո՞ւմ շահերով են առաջնորդվում ՀՀ գործիչները։ Մի կողմ թողնենք Արթուր Բաղդասարյանի այն զավեշտալի պատրվակը, ըստ որի ռուսական դպրոցները պետք է վերաբացել, քանի որ ռուսերենի տեղեկատվական դաշտում ենք՝ PTP, OPT, HTB… Հեռուստաալիքների թիվն այժմ արդեն երկու տասնյակի է հասել, եւ իր թվարկածները դրանցից ընդամենը 3-ն են։ Ծիծաղաշարժ է նաեւ այն պատրվակը, թե պիտի մեր երեխաներին հնարավորություն տանք հաղորդակցվելու եվրոպական լեզուներին։ Ասենք, իմ երեխան, առանց «ՕԵ»-ի այս նախաձեռնության էլ, թիվ 78 հայկական դպրոցում սովորում է ե՛ւ ռուսերեն, ե՛ւ անգլերեն, ե՛ւ ֆրանսերեն։ Սակայն ինչո՞ւ ենք անընդհատ մատնանշում «Օրինաց երկրի» անունը։ Չէ՞ որ նման նախաձեռնություն այս ԱԺ-ում ներկայացվում է արդեն 3-րդ անգամ։ Մեկ Ռուսաստանի հետ իր բիզնեսն ունեցող Տարոն Սահակյանը համանման օրինագիծ դրեց շրջանառության մեջ, հետո ՀԺԿ-ն։ Վերջինս ինքնակամ հրաժարվեց այս նախաձեռնությունից՝ թերեւս գիտակցելով, որ այս օրինագծի քննարկումը եւ մերժումը կնճիռներ կավելացներ Ռուսաստանի հետ հարաբերություններում, իսկ ընդունումը կբերեր, որքան էլ «ՕԵ»-ն դա չի գիտակցում՝ ե՛ւ հայերենի նսեմացման, ե՛ւ մեր ազգային ինքնության աղճատման։ Այդ երկու փորձերի տապալումից հետո «ՕԵ»-ի նախագիծը դեռեւս պաշտոնապես շրջանառության մեջ չէր դրվել՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունից արդեն հետաքրքրվել էին դրա ճակատագրով։ «Ես կասկած չունեմ, որ այստեղ լոբբինգ կա։ Որ այդ լոբբինգին մասնակցում է Ռուսաստանի դեսպանատունը՝ դա էլ է ակնհայտ։- «Առավոտին» ասաց ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։- Ուղղակի ինձ համար մի բան է մի քիչ տարօրինակ՝ Պուտինն իր այցի ընթացքում շատ ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերեց այս հարցի նկատմամբ։ Եվ թվում էր, թե արդեն մենք հասանք այն սահմանին, որ այլեւս այդ շահարկումները չեն լինի։ Անկեղծ ասած, ոչ մեկն իր առջեւ խնդիր չի դնում, որ մեր մատաղ սերունդը չտիրապետի այդ լեզվին։ Ավելին՝ դա պետական քաղաքականություն է, եւ մենք այն բացառի՛կ երկիրն ենք, որտեղ 2-րդ դասարանից պարտադիր է ռուսերենի ուսուցումը։ Բայց այժմ փորձում են հանրակրթական դպրոցում ուսուցումը կազմակերպել ոչ միայն մայրենի լեզվով, այլ նաեւ ռուսերենով՝ ըստ էության, սա մի մոտեցում է, որը հակասում է ամբողջ միջազգային պրակտիկային։ Նույն Ռուսաստանում, եվրոպական երկրներում՝ ո՛րեւէ տեղ այդպիսի բան չկա»։ Թերեւս ակնհայտ է, որ այս նախաձեռնության դեմ հակափաստարկները (ի դեպ, դեռ ոչ ամբողջությամբ ներկայացված) շատ ավելի լուրջ են։ Եվ սին են Արթուր Բաղդասարյանի այն հավաստիացումները, թե բոլորն էլ կողմ են, որ այս օրինագիծն անցնի։ «Ազատություն» ռ/կ-ի անգամ թռուցիկ հարցումն ապացուցեց, որ «պետական լեզվի ամրոցը խարխլելու» նախաձեռնությունն անընդունելի է ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ ԱԺ մեծամասնության համար։ Տիգրան Թորոսյանն, ասենք, հեղինակներին առաջարկեց, որ հայոց լեզվի պարտադիր դասավանդումն էլ հանեն ռուսական դպրոցից. «Լիարժե՜ք պատկեր կստացվեր»։ … Կոմունիստական Մոլդովայում անգամ՝ այժմ ռուսերենի դասավանդումը ոչ թե 5-րդ, այլ 2-րդ դասարանից սկսելու նախաձեռնությունը անընդհատ ցույցերի պատճառ դարձավ։ Խոսուն ցուցանիշ է, որ Հայաստանում այժմ իրոք քացու տակ չեն գցում (ոչ ֆիզիկական իմաստով) նման նախաձեռնություններով հանդես եկող քաղաքական ուժերին եւ գործիչներին, որոնք դեռ հավակնում են հանդես գալ Հայաստանի եւ հայ ժողովրդի անունից: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել