Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱ ԳՆԱՑ՝ ՀՖՆ-ԻՑ ՑՆՑՎԱԾ

Մարտ 01,2002 00:00

ՆԱ ԳՆԱՑ՝ ՀՖՆ-ԻՑ ՑՆՑՎԱԾ Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում շվեյցարաբնակ դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ, ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախումբը հնչեցրեց Բեթհովենի 7-րդ եւ Բրամսի 3-րդ սիմֆոնիաները։ Մաեստրոն դիրիժորության դասեր է առել Արփադ Գերեզից (Ժնեւ) եւ Կառլ Օստերռայխերից (Վիեննա)։ Ճանաչվել է Ռումինիայի թիվ 1 դիրիժոր։ Աշխարհահռչակ Կառլո Մարիա Ջուլինիի կողմից հաճախ հրավիրվում է Միլան եւ Ֆլորենցիա։ Ղեկավարել է բազմաթիվ նվագախմբեր, այդ թվում՝ Orchestre de la Suisse Romande (Շվեյցարիա), Philharmonia of lasi (Ռումինիա), Բուխարեստի ռադիոյի եւ հեռուստատեսության կամերային նվագախումբ… Մեր հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդակայանում, դիրիժորի մեկնումից առաջ։ «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՖՆ-ի արտիստներին, միանգամից ասեմ՝ հիասքանչ համերգի համար։ Նվագախմբի հետ փորձերը կարճատեւ եղան, սակայն արտիստներն ու ես նպատակամղված օգտագործելով ժամանակը, դատելով ունկնդրի վերաբերմունքից, հասանք սիմֆոնիաների այնպիսի մատուցման, ինչպիսին կերազեր աշխարհի յուրաքանչյուր նվագախումբ եւ դիրիժոր։ Եվ թող միամիտ չհնչի, որ ասեմ. Բրամսը եւ հատկապես Բեթհովենը երջանիկ կլինեին լսելով այս կատարումները։ Մեծ խորհուրդ ուներ ինձ համար 7-րդ սիմֆոնիայի կատարումը պարզ պատճառով. հայրս բեթհովենյան այս երկի մեծ երկրպագու է, եւ համոզված եմ՝ նա իր ձայնադարանը կհարստացնի սիմֆոնիայի ՀՖՆ-ի այս կատարումով եւս։ Ուզում եմ մի բան ուղիղ ասել. ղեկավարել եմ ՀՖՆ-ն 1997 թվականին եւ այսօր։ Հուրախություն ձեզ, ինձ նույնպես՝ պարզապես ցնցված եմ։ Թեեւ արվեստում կատարյալ ոչինչ չկա կամ անընդհատ պետք է ձգտել կատարելության, այդուհանդերձ՝ ցնցված եմ։ Հպարտ եմ, որ իմ հայրենիքը աշխարհին ներկայանում է այստեսակ բարձրարվեստ նվագախմբով, հանձին՝ ՀՖՆ-ի երաժիշտների»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել