Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին իբրեւ պատասխանող

Մարտ 01,2002 00:00

Գյուղացին իբրեւ պատասխանող Դեռեւս անցյալ տարի Այգեզարդ գյուղի 170 թոշակառուների ստորագրությամբ դիմում ստացվեց։ Գրում էին, որ ՀՀ ՍԱՊՀ-ի Արտաշատի տարածքային կենտրոնի աշխատակիցը գնացել է գյուղ եւ թոշակառուներից պահանջել կամովի ամիսը 500-ական դրամ նվիրեն կենտրոնին, որ այն գոյատեւի։ Իհարկե, ոմանք հավատացել ու ստորագրել են աշխատակցի առաջարկած թղթի տակ, մտածելով, որ եթե կենտրոնը սնանկացել է, իրենցից չքավոր դարձել, ուրեմն պետք է օգնել։ Մյուս մասը նամակ-բողոքներ է ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային ժողովին։ – Ուր ուզում եք՝ բողոքեք,- զայրացած պատասխանել է «սնանկացած» տնօրենը։- Եթե շատ խոսեք՝ միլիցիայի կտամ ձեզ։ Այդպես էլ եղավ։ Որտեղ, ում որ բողոքել էին թոշակառուները, չպատասխանեցին։ ՀՀ ՍԱՊՀ-ի նախարարը նույնպես չպատասխանեց իմ մի հրապարակմանը՝ «Չարտոնագրված դրամահավաք» հոդվածին։ Դրամահավաքի մասին իմացանք միայն օրերս, երբ մարզի առաջին ատյանի դատարան էին եկել տասնյակ այգեզարդցիներ՝ պատասխանելու ՀՀ ՍԱՊՀ-ի Արտաշատի տարածքային կենտրոնի տնօրենի հայցապահանջին։ Իմացանք նաեւ, որ հայցադիմումները դատարանը ստացել էր ամանորի նախօրեին։ Դատարանի նախագահ Գ. Սարգսյանը չէր ցանկացել գցել մարդկանց բարձր տրամադրությունը, որը շատերի մոտ տարին մեկ անգամ է լինում։ Հայցադիմումները «բաժանել» էր իր եւ նոր նշանակված դատավոր Խ. Հովհաննիսյանի միջեւ։ Հայցադիմումներից մեկ էջից ավելին ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ ՍԱՊՀ-ի 1993, 1996, 1997, 1998 թվականների նույն նպատակի՝ «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին» արձակած որոշումների, կետերի ու ժամկետների մասին ցուցակն էր։ Կարդում ես հայցադիմումը, զարմանում ու ինքդ քեզ հարց տալիս. «Որտե՞ղ էին այս որոշումներ արձակողները 1993 թվականից մինչեւ օրս։ Ինչո՞ւ էին այդպես խնամքով պահում, պահպանում։ Երեւի թրփոշացնում էին, որ 9 տարի հետո հանկարծակիի բերեին արդեն «հարստացած» գյուղացիներին ու վաղեմությունը կորցրած որոշումներով 100 հազարից ավելի գումարներ հավաքեին»։ Արարատի մարզի առաջին ատյանի երկու դատավորներն էլ շատ լավ հասկանում էին, որ ոչ պետությունը տուժի, ոչ էլ գյուղացին։ Երկուսն էլ հայցվորի ներկայացուցչին մեղադրում էին, որ 9 տարիների ընթացքում կենտրոնը ոչինչ չի նախաձեռնել պետական որոշումները իրագործելու համար։ Չի գնացել գյուղերը, չի հանդիպել սեփականաշնորհված հողերի տերերին, բացատրել, որ այսպիսի որոշումներ կան, որ նրանք այդ գումարները մեկ անգամից չեն վճարելու, այլ ժամանակահատվածներով։ Այսօր գյուղացին ոչինչ չիմանալով՝ դատարան է եկել որպես պատասխանող։ Իսկ հայցվորը գրում է, թե այսպես ու այնպես, գյուղացիները խուսափում են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները կատարելուց։ Ուստի դատարանին առաջարկում է, ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 347, 369 հոդվածներով եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3, 87, 88 հոդվածներով, պատասխանողներից գանձվի ահավոր չափերի հասնող սոցվճարի գումարները, ավելացրած պետական տուրքը։ Պատասխանող Մայիս Հակոբյանն ասաց, որ հողի սեփականատերը իր 95-ամյա մայրն է։ Տանը 3 թոշակառուներ են։ Իր թոշակի 500 դրամը արդեն 2 տարի է՝ պահում են։ Աշխատում է, որտեղ թոշակառուների հիմնադրամի համար նույնպես պահումներ են կատարում։ Ասաց, որ իր համար պետական յուրաքանչյուր որոշում օրենք է, եւ ինքը ոչնչից խուսափող մարդ չէ։ – Լսո՞ւմ եք,- հայցվորի ներկայացուցչին հարցրեց դատավոր Խ. Հովհաննիսյանը։- Ինչո՞ւ եք 1993 թվականից լռել, սպասում էիք, որ գյուղացին հարստանա՞։ Գյուղացին այսօր հարուստ չէ։ Երկու դատավորներն էլ արդեն երկրորդ անգամ էին հետաձգում նիստը։ – Պետք է գյուղապետարանում, կադաստրում ստուգվի յուրաքանչյուր գյուղացու սեփականաշնորհված հողի կարգը, չափը։ Դատարան պետք է բերվեն միայն ճշգրտված փաստեր։ Վճարումը պետք է կատարվի վերջին երեք տարիների չափանիշներով,- նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցչին ասաց դատարանի նախագահ Գ. Սարգսյանը։ Պարզվեց, որ այս դեպքում պատասխանողներին ներկայացրած գումարների չափերը գրեթե կիսվում էին։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել