Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՄԱ ԵՍ ՈՒ ԴՈՒ ԻՋՆԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ՞Ն»

Մարտ 01,2002 00:00

«ՀԻՄԱ ԵՍ ՈՒ ԴՈՒ ԻՋՆԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ՞Ն» Նեղացել է քննության համար միջնորդող ուսանողուհու եղբայրը, երբ դասախոսը խնդրել է քննության օրը փոխելու համար դեկանատից գրավոր թույլտվություն բերել, ինչպես կարգն է։ Մեր պաշտոնյաներն էլ չեն ուզում իջնել օրենքի մակարդակին՝ ցանկացած, թեկուզեւ շատ լավ, օրենքի գոյությունը դարձնելով անիմաստ։ Թեմային շատ հարմար պատմությունը հիշեց եւ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի արդյունավետության մասին իր կասկածը հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ այս թեմայով երեկ կայացած սեմինարի ժամանակ։ Թվում էր, թե բոլոր հասարակական ու քաղաքական կառույցներն արդեն հասցրել են կոռուպցիային նվիրված սեմինար անցկացնել, սակայն Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կազմակերպած՝ «Կոռուպցիան որպես արգելք ժողովրդավարության զարգացման» թեմայով սեմինարը վկայեց, որ այս թեմայով դեռ ասելիք ունեն։ Նման սեմինարները նույնքան արդյունավետ են, որքան կոռուպցիայի դեմ պայքարը։ Եվ ինչպես իրավացիորեն նկատեց Հրանուշ Խառատյանը՝ որքան շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, այսինքն՝ զբաղվում կոռուպցիայի քարոզչությամբ, այնքան արժեզրկում ենք այդ պայքարը, երեւույթի նկատմամբ հասարակության ուշադրությունը բթացնում ենք. «Այնքան ենք վարժվում կոռուպցիայի գոյությանը, որ մի տեսակ խաղաղ անտարբերությամբ ենք դրան վերաբերում»։ Նաեւ նկատեց. «Մեր նախարարներից մի քանիսն էլ, որ իրենց քրտինքով ինչ-որ պալատներ են կառուցում, նույնպես կոռուպցիայի դեմ շատ ակտիվ քարոզ են տանում»։ Մինչդեռ ակնհայտորեն հակառակ կարծիքի էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման եւ իրականացման խմբի խորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Ստեփան Ծաղիկյանը, որը լինելով «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակներից, փորձում էր ապացուցել, որ լավ օրենք են մշակել։ Թեեւ այն հարցին՝ որքանով արդյունավետ կլինի այդ օրենքը, նա էլ պատասխանեց, թե չգիտի՝ այս իշխանությունների օրոք այն կգործի՞, թե՞ ոչ, բայց հուսով էր, որ կգան այլ իշխանություններ, որ կօգտագործեն օրենքը։ Հ. Խառատյանը, նկատելով, որ ձուկը գլխից է հոտում, փորձեց պրն Ծաղիկյանից պարզել. երբ կոռումպացված է վարչապետը, նախարարը, այդ նույն կառավարության ստեղծած հակակոռուպցիոն հանձնախումբը պիտի պայքարի այդ նույն կառավարության դե՞մ։ Եվ ի՞նչ գործ ունի այդ հանձնաժողովում պրն Ծաղիկյանը, որ կոռուպցիայի մասին գիրք է գրել եւ պայքարում է դրա դեմ։ Պրն Ծաղիկյանը այդ հանձնախմբում իր լինելը արդարացրեց նրանով, թե չէր ցանկանա գործը հանձնել այնպիսի ձեռքեր, որ գործից քիչ են հասկանում։ Իսկ իր ներկայությունն, ըստ իրեն, նպաստել է, որ իրենց մշակած այդ օրենքի նախագիծը գոնե մի փոքր ավելի «իրատեսական ու գրագետ է»։ Ավելին, պրն Ծաղիկյանը վստահեցրեց, որ կառավարությունն այս հանձնախմբի հետ կապ ունի այնքանով, որ ժամանակին վարձատրում է հանձնաժողովի անդամներին, իսկ նրանց մտքերի վրա ճնշում չի գործադրում։ Այսպիսով, պրն Ծաղիկյանը հակառակվեց ժողովրդական այն իմաստնությանը, թե ով վճարում է՝ նա էլ պատվիրում է։ Տիկին Խառատյանի մտայնությունն ու կասկածները չկիսելով՝ Ստեփան Ծաղիկյանը սխալ համարեց կոռուպցիայի դեմ պայքարն անօգուտ համարելը եւ կոնստրուկտիվ առաջարկներ լսելու ցանկություն հայտնեց։ Ի պատասխան Հ. Խառատյանը առաջարկեց՝ «գնդակահարեք նրանց, օրենքո՛վ գնդակահարեք»։ «Կառավարությունը հակակոռուպցիոն ծրագիր չպիտի՛ կազմի, նա իր կոռումպացված անդամների՛ն պիտի դատի, մնացած բոլորը ջուր է»,- ասաց տիկին Խառատյանը՝ հիշեցնելով մեր օրերի աբսուրդը, երբ «Առագաստ» սրճարանում մարդ սպանածը ազատ է արձակվում եւ դա այն ժամանակ, երբ մեր պետությունը իբր թե պայքարում է կոռուպցիայի դեմ։ Համոզված պնդելով, որ ԱԺ-ն «օրենքներ է ընդունում մի մարդու ուզածով, մի մարդու համար»՝ Հ. Խառատյանը նկատեց, որ մի երկրում, որտեղ օրենքները չեն գործում, կասկածելի է, որ օրենքով կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ։ Որպես ապացույց նշեց հակամենաշնորհային օրենքը՝ մինչդեռ մեր երկրում կա գոնե 5 ոլորտ, որ մենաշնորհային է։ Ի հակառակ օրենքի արգելքին, մեր պատգամավորները ամենակտիվ ձեռներեցներն են։ Օրենքները ոչ միայն չեն գործում, շրջանցվում են, այլ, ըստ տիկին Խառատյանի՝ պարզապես արհարմարհվում են։ Ի պատասխան այն տեսակետի, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է պաշտոնյաներին բարձր աշխատավարձ սահմանել, Հրանուշ Խառատյանը նկատեց, որ բյուջեն ձեւավորվում է «իմ ու ձեր նմանների, ոչ թե կոռումպացված պարոնների հաշվին։ Ուրեմն մեզանից հավաքված մի քանի կոպեկներով պետական ապարատի աշխատողների, իրավաբանների ապահովության խնդիր լուծենք, որից հետո լրացուցիչ դեռ պիտի նրանց կաշառենք»։ Հ. Խառատյանի ելույթին համահունչ էր նաեւ «Մարդկային կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի ելույթը, որ նկատեց, թե անարդյունավետ է պայքարը, եթե նախագահը, վարչապետը, նախարարը հենց իրենք իրենցից չսկսեն, եթե չդադարեն կաշառքով աշխատանքի ընդունել եւ պատժեն կոռումպցիոներներին։ Տիկին Դանիելյանը տեղեկացրեց, որ միջազգային ամբիոններում ներկայացնում է, թե բնապահպանական առումով ինչ անմխիթար վիճակում է մեր երկիրը, բայց դրանից մեր պաշտոնյաներն ամենեւին չեն ազդվում. «Հակառակը, եկան ինձ վրա ատրճանակ պահեցին, ասացին՝ այլեւս Երեւանի կանաչ տարածքների մասին չխոսես, թե չէ կգանք տունդ էլ կվառենք, ընտանիքդ էլ, ամեն ինչդ էլ»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել