Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելված «տեսախցիկ»

Մարտ 01,2002 00:00

Արգելված «տեսախցիկ» Անշուշտ՝ կարեւոր է, որ մարդկային զոհեր չկան։ Դե, մենք էլ «երջանկությունից» տեղներս չենք կարողանում գտնել, այս էլ քանի օր է՝ (փետրվարի 10-ից) քիչ է մնում ուռա՜ բղավենք։ Իսկ որ առաջին կարգի հաշմանդամ, երեք անգամ կաթվածահար եղած ծեր կինը վախից դողում եւ հինգ րոպեն մեկ միզում էր տակը, դա կարեւոր չէ՞։ Որ Փավստոս Բուզանդի N 95 բակում բնակվող չորս անչափահաս երեխաները (մեկը՝ կրծքի) մինչեւ հիմա փոքր-ինչ աղմուկ լսելիս վեր են թռչում, դա է՞լ ոչինչ։ Իսկ որ դեպքը կատարվելու օրվանից բակի բնակիչները ոչ ջրից են կարողանում օգտվել, ոչ էլ զուգարանի՞ց (հիմնովին մնացել են փլատակների տակ)։ Իսկ ձմեռվա պարե՞նը, կահո՞ւյքը, մյուս նյութական արժեքնե՞րը, որ գտնվում էին նախկին քիմիական տեխնիկումին (այժմ՝ քոլեջ) կից, մինչեւ բակի կեսը ձգվող երկսենյականոց տանը։ Ի վերջո, տունը, ուր այդ մարդիկ բնակվում էին եւ այժմ մնացել են անօթեւան… Անվերջ կարելի է թվել… Ամենայն հավանականությամբ նույն այդ տանը կարող էին լինել վերոհիշյալ անչափահաս երեխաները, նրանց ծնողները։ Ինչ է, մարդկային զոհե՞ր պիտի լինեին, որ ուշադրության արժանանայինք (թեեւ դա եւս կասկածելի է), թե՞ պիտի շնորհակալություն հայտնենք, որ մարդ չի մահացել։ Բոլորը ամբողջ օրը խոսում են Եվրախորհուրդ մտնելու, իրավական երկիր, պետություն կառուցելու մասին, այն դեպքում, երբ ամեն քայլափոխի կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները։ Այս հակասանիտարական պայմաններում (անջուր, անզուգարան, փոշու մեջ խեղդվելով) որքա՞ն կարելի է դիմանալ։ Կենտրոնի թաղապետարանին ուղղված դիմումը մնաց անպատասխան։ Քաղաքապետարանի՞ն դիմենք, նախագահի՞ն… Հետո՞ ում դիմենք… Լենինի դամբարանի՞ն… Կարոտախտից եք խոսում, արտագաղթի դեմ եք իբր պայքարում։ Ինչպե՞ս կհրամայեք վարվել, երբ տեր ու տիրական չունենք երկրում, ինքնահոսի, թշվառության է մատնված քաղաքակիրթ մի ժողովուրդ։ Սա, պարզապես, անթույլատրելի է, մեղմ ասած՝ անբարոյական։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ բողոքում ենք այս սառցային անտարբերության դեմ ու պահանջում համապատասխան գերատեսչություններից՝ հնարավորինս շուտ աշխատանքներ սկսել քոլեջի շենքի փլուզման հետեւանքով գոյացած աղբը մաքրելու, տուժած բնակիչների կրած վնասի չափը գնահատելու (ոչ թե «թոզ փչելու») եւ փոխհատուցելու ուղղությամբ, այլապես բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ այս երկրում իրականացվում է (կարծում եմ՝ կտրուկ չի հնչի) հայահալած քաղաքականություն, սպիտակ ջարդ… ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Տուժած բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել