Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԱՎ, ԿԱՄ՝ ՈՉԻՆՉ

Մարտ 01,2002 00:00

ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԱՎ, ԿԱՄ՝ ՈՉԻՆՉ «Ֆինանսների նախարարը բանկերի միայն լավի մասին պիտի խոսի»,- հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը։ Եվ հիմնավորեց. իր խոսքը կարող է վնասել լավ վիճակում գտնվող բանկերին։ Սա այն ոլորտն է, որին շատ մարդիկ են առնչվում՝ հատկապես ավանդատուներ։ Պրն Խաչատրյանին ուրախություն էր պատճառել ԿԲ-ի արձագանքը «Արդշինբանկի» դեպքերին։ Ավելին, նա գովելի է համարում ԿԲ-ի կողմից վերջինիս համակարգային վարկ տալը։ Մի քայլ, որը բանկային համակարգից տեղյակ մարդկանց կողմից առնվազն տարակուսելի է որակվում։ ԿԲ-ն հասկացել է, որ մասնաճյուղի տնօրենի՝ գումարներով հանդերձ փախուստի «հետեւանքները շղթայական կարող էին տարածվել»։ Նման դեպքերում, ֆինանսների նախարարը գտնում է, որ հանցագործությունների հետեւից պետք է մինչեւ վերջ գնալ, մեղավորներին պատժել, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն։ Կենտրոնական բանկի կողմից որեւէ առեւտրային բանկ փրկելու այս հնարավորությունը նախկինում այլ բանկերի նկատմամբ չկիրառելու առնչությամբ Վ. Խաչատրյանն ասաց, որ ինքը կողմնակից չէ կոմերցիոն բանկերի պարտքը համակարգային վարկերով փակելուն։ «Կարծեմ, օրենքով նախատեսված են դեպքեր, երբ ԿԲ-ն կարող է համակարգային վարկ տալ»,- կարծեց պրն Խաչատրյանը։ Վերջինս կառավարության նիստում մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր է ներկայացրել։ Դրանցից ամենահիշարժանը, կարծում ենք, թանկարժեք մետաղներին վերաբերողն է։ Դրա համաձայն, մեր գանձարանից, պրն Խաչատրյանի որակմամբ՝ «մի քիչ» ոսկի պիտի տարվի Շվեյցարիա, մաքրվի, վաճառվի եւ գումարը մուտք արվի պետբյուջե։ Այս ավանդույթի հին լինելն ընդգծելու համար ֆինանսների նախարարը դրա ձեւավորման սկիզբը հասցրեց մինչեւ 1816 թ.։ Մի խոսքով, քանի կա Հայաստանի Հանրապետությունը, կառավարության որոշմամբ որոշակի քանակով մետաղ, որի բաղադրության ընթերցման ժամանակ ոսկի չհայտնաբերվեց, դրսում մաքրվում է եւ վաճառվում։ Այս տարի այդ «մի քիչը» 25,6 կգ է եւ կառավարությունը դրանից 300 հազար դոլարի ակնկալիք ունի։ Ի դեպ, դա «Սեւանի ապակի մեկուսիչ» ՓԲԸ-ի հաստոցների մանրաթելերում առկա ոսկին է, որը պետությունն ուներ, բայց դեռ չէր վաճառել։ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը «Մաքսային ծառայության մասին» օրինագիծն էր ներկայացրել։ Այս օրինագծի անհրաժեշտությունը ծագել էր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումից հետո, քանի որ Մաքսայինը քաղաքացիական ծառայություն չէ։ «Օրենքի ընդունումից հետո կոմիտեի կառուցվածքում փոփոխություններ չեն լինելու, աշխատանքում՝ առավել եւս»,- սա էլ Ա. Ավետիսյանի հայտարարությունն էր։ Փոփոխելու ոչինչ չկա, պարզվում է, այդ համակարգում։ «Օրենքը ֆիքսում է այն աշխատանքը, որը մենք անում ենք»։ Կարելի՞ է եզրակացնել, որ օրենքի նախագիծը կարվել է Մաքսային կոմիտեի «հագով»։ Ավելի ճիշտ, մի երկու «մտնելու» տեղ կա։ Մասնավորապես օրենքի նախագծով սահմանվում է մաքսային աշխատողի կողմից պետությանը կամ այլ սուբյեկտի հասցված վնասի փոխհատուցման կարգը։ Երեկ լրագրողներս ՀՀ կառավարությունում շատ վատ վարվեցինք ՀՀ Ավիացիայի պետ Հովհաննես Երիցյանի հետ։ Մարդը նիստին ներկայացրել էր… ավելի լավ է իր խոսքերով ասենք. «Ընդունվեց օդային օրենքի մասին»։ Վերջակետ։ «Օդային օրենքի մասին»-ի էությունը հասկանալու լրագրողների փորձը պսակվեց հաջողությամբ. կառավարության լրատվական ծառայության պետը պարզաբանեց, որ խոսքը «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է։ Լավ է, օդով թռչողներն էլ կունենան իրենց օրենքը, այսուհետեւ օրենքով կթռչեն։ Բայց այդքանից հետո, նույնիսկ, երբ պրն Երիցյանը մյուս նախարարների հեռանալուց հետո իր պատրաստակամությունը հայտնեց լրագրողների հարցերին պատասխանելու, վերջինները հայտարարեցին, որ հարցեր չունեն նրան։ Արածներս հեչ բան չէր. ի՜նչ գոհարներից զրկվեց ընթերցող եւ հեռուստադիտող հասարակությունը։ Այս ամենից Վ. Խաչատրյանը ամենակարեւորը համարեց նպաստների վճարման նոր կարգի մասին կառավարության որոշումը։ Դրանով կառավարությունը հերթական անգամ ավելի հասցեական դարձրեց նպաստը, չնայած թվում է՝ այդ մասին բազմաթիվ հայտարարություններից յուրաքանչյուրը պիտի որ վերջինը լինի. ի՜նչ անսահման կարող է լինել հասցեականություն կոչվածը։ Այն, որ 25 հազար թոշակառու կենսաթոշակի չնչին բարձրացմամբ զրկվելու է նպաստից, կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարի, նորմալ է համարում. ընտանիքի եկամուտը բարձրացել է, ինչո՞ւ պիտի նպաստ էլ ստանան։ Իսկապես, էս պետությունը հո անտակ հոր չի՞. համ թոշակ բարձրացնի, համ նպաստ տա, համ արտաքին պարտք փակի, համ՝ սեփական քաղաքացիների բերանները։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել