Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԱ-Ի ՀՅՈՒՐԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԷՐ

Մարտ 01,2002 00:00

ՄԱԱ-Ի ՀՅՈՒՐԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԷՐ Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին «Օրինաց երկիրը» կգնա առանց որեւէ դաշինքի մեջ մտնելու։ Նախագահական ընտրություններին կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գա։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում պաշտպանել-չպաշտպանելու հարցը կորոշի կուսակցության համագումարը։ «Առավոտն» արդեն անդրադարձել էր «ՕԵ»-ի օրենսդրական նախաձեռնությանը՝ «Լեզվի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ հրապարակումը ճիշտ է, պարզապես «մասնակի է այն իմաստով, որ մեր նախաձեռնության իմաստը հետեւյալն է՝ նպաստել եվրոպական լեզուների եւ ռուսերենի տարածմանը մեր երկրում»։ Պրն Բաղդասարյանը հայտնել է, որ իրենց նախաձեռնությունը «չի նշանակում հայոց լեզվի դերի նսեմացում, այլ՝ հայոց լեզվի պարտադիր ուսուցում, բայց, միաժամանակ, եվրոլեզուների տարածում»։ Ի դեպ, պրն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Վլ. Պուտինը խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կարեւորել է ռուսաց լեզվի դրվածքի հարցը Հայաստանում։ «ՕԵ»-ն գտնում է, որ ցանկացած օրենք, այդ թվում՝ նաեւ «Սահմանադրությունը» դոգմա չէ եւ ենթակա է կատարելագործման, սակայն կուսակցության համար ընդունելի չէ կառավարման ձեւի փոփոխությունը։ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ թեպետ իրենք կողմ են կառավարման նախագահական (կիսանախագահական) ձեւին, բայց եւ ընդունելի են համարում, որ ընտրությունը ժողովուրդը կատարի, եթե, իհարկե, վեցյակին կհաջողվի խորհրդարանում բավարար ձայներ հավաքել։ «ՕԵ»-խմբակցությունն իր ընտրությունը կատարել է (ուժեղ նախագահական համակարգ, որին հակակշիռ պետք է լինի ուժեղ խորհրդարանը) եւ դեմ կքվեարկի վեցյակի նախաձեռնությանը։ Մահապատժի հարցի վերաբերյալ եւս «ՕԵ»-ն որոշում է կայացրել։ Կուսակցությունը կողմ է մահապատժի վերացմանը. «Ցմահ բանտարկությունը ոչ պակաս ծանր պատիժ է»։ «ՕԵ»-ն «անընդունելի է համարում՝ մի երկու տականքի պատճառով Հայաստանը դուրս թողնել ընդհանրապես զարգացումներից»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել