Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքն անջատողական չէ

Մարտ 01,2002 00:00

Ջավախքն անջատողական չէ «Հզոր Հայրենիք» կուսակցության հայտարարությունը Ջավախքի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ Վրաստանի անկախացումից հետո հայահոծ բնակչությամբ Ջավախքը եղել եւ շարունակում է մնալ երկրի ամենախաղաղ եւ կայուն տարածաշրջանը։ Սոցիալ-տնտեսական բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ ազգաբնակչությունը երբեւէ սադրանքների չի գնացել, երկրի ու տարածաշրջանի համար երբեք վտանգավոր վիճակներ չի ստեղծել եւ անջատողականություն չի դրսեւորել։ Վերջերս, սակայն, Եվրախորհրդի ազգային փոքրամասնությունների գործերով Գլխավոր հանձնակատարի Ախալքալաքում հանդիպումների արդյունքում տեղի հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչների արտահայտած կարծիքն այն մասին, որ անհրաժեշտ է ընդլայնել ժողովրդի մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը եւ բարձրացնել ինքնակառավարման մակարդակը, մեկնաբանվեց տարատեսակ՝ հիմնականում Ջավախքի համար ոչ նպաստավոր դիրքերից։ Մեզ անհասկանալի է Ջավախքի վերաբերյալ քննարկումների ուղղվածությունը Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդում, երկրի խորհրդարանում եւ այլ ատյաններում, ինչը կամայական մեկնաբանությունների պատճառ դարձավ վրացական, թուրքական, ադրբեջանական, ռուսական, նաեւ հայկական մամուլում։ Այս հանգամանքը կամա թե ակամա լուրջ խորհելու տեղիք է տալիս վերջերս Վրաստանի շուրջ քաղաքական զարգացումների համատեքստում, մանավանդ որ, այն կատարվում է Ջավախքի բնակչության, ինչպես նաեւ հասարակական172քաղաքական կազմակերպությունների կամքից անկախ։ Զանգվածային լրատվության միջոցով տարածվող իրավիճակին հիմնականում չհամապատասխանող լուրերն ու մասնավոր մեկնաբանությունները կարող են հրահրիչ ազդեցություն ունենալ տեղի բնակչության վրա եւ տարերային գործողությունների պատճառ դառնալ։ Այս իրավիճակի կապակցությամբ արտահայտելով մեր խորը անհանգստությունը. – մտահոգված ենք, որ տարածաշրջանը կարող է դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման կետ, ինչը խիստ վտանգավոր է, – Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրում ենք տարածաշրջանի համար կենսական նշանակության այդ հիմնախնդրի առաջիկա զարգացումների վրա եւ ակնկալում նրանց գործուն մասնակցությունը ստեղծված լարվածությունը վերացնելու եւ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար: Միաժամանակ վստահ ենք, որ Ջավախքի ազգաբնակչությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, հստակ գիտակցելով տարածաշրջանի ընդհանուր շահերը, Հայաստան-Վրաստան հարաբերությունների կարեւորությունը, իրենց գործողություններում կառաջնորդվեն բացառապես դրանով։ «Հզոր Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ մյուս կառույցների եւ մարմինների հետ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ Ջավախքի շուրջ ստեղծված լարվածությունը մեղմելու եւ իրավիճակը կայունացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել