Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶՆՈՎ ՍԿՍԵԼ ԵՆ ԶԲԱՂՎԵԼ

Մարտ 01,2002 00:00

ՄԵԶՆՈՎ ՍԿՍԵԼ ԵՆ ԶԲԱՂՎԵԼ Փետրվարի 27-ին արդեն հարկ չկար կանխատեսումներ անել, թե որքանով է ռեալ ահաբեկչության դեմ պայքարի հարցում ամերիկյան զինվորականների մակարդակով Վրաստանին ցուցաբերվելիք օժանդակությունը: Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ ամերիկյան ռազմական խորհրդականներն արդեն ժամանել են Վրաստան՝ մասնավորապես էթնիկ չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճում Ալ-Կաիդայի, իբր, թաքնվող գրոհայիններին հայտնաբերելու եւ վնասազերծելու համար: Փորձագետները կարծիք են հայտնել, թե ամերիկացիները մեր տարածաշրջանը դիտում են իբրեւ ահաբեկչության դեմ պատերազմի հնարավոր նոր ճակատներից մեկը: Իրականում ԱՄՆ-ը հակված է ահաբեկիչներ որոնել բոլոր այն երկրներում, որոնք կարող են առանձին տարածաշրջաններում դառնալ աշխարհաքաղաքական բացառիկ ազդեցության բանալի: Հետեւելով տարածաշրջանային զարգացումներին՝ տպավորություն է ստեղծվում, թե սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ողբերգությունն ԱՄՆ-ը ընկալել է իբրեւ պատեհ առիթ՝ «ԱՄՆ-ի շահերն ամենուր են» բանաձեւը կյանքի կոչելու համար: Հասկանալի էր, որ Աֆղանստան մտնելուց եւ ավերածություններ գործելուց, արեւմտամետ կառավարություն կարգելուց հետո ԱՄՆ-ը կանգ չէր առնելու: Աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու եւ բացառիկ գերհզոր երկիր դառնալու ճանապարհին դա նրա միայն առաջին քայլն էր: Հիմա, դատելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից, ԱՄՆ-ի կրոնն ընդունել տալու հարցում հերթը հասել է մեր տարածաշրջանին: ԽՍՀՄ փլուզումից ի վեր այն Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս բերելու համար ԱՄՆ-ը շատ ջանքեր է գործադրել: Իսկ ի՞նչ է կատարվում Վրաստանում ըստ էության: Այդ երկիրն ի հեճուկս Ռուսաստանի վաղուց է կողմնորոշվել դեպի Արեւմուտք: Բայց ռուսական ռազմաբազաների առկայությունն այդ պետության տարածքում, բազմաթիվ ինքնավարությունների եւ այլազգիների կոմպակտ բնակավայրերի առատությունը Վրաստանին մշտապես կաշկանդել են հօգուտ Արեւմուտքի վերջնական վճիռ կայացնելու հարցում: Ռուսաստանը միշտ բավարար, այդ թվում՝ ապակայունացման օջախներ ստեղծելու իմաստով, լծակներ է ունեցել այդ երկրին որոշակիորեն սանձելու համար: Վերջինը, թերեւս, չեչեն ահաբեկիչներին Վրաստանի տարածքում հետապնդելու նրա փորձերն էին, որոնց արդյունքում Վրաստանի իշխանությունները ստիպված եղան տեղի տալ: Բայց այդ միջոցառումները կարճաժամկետ էին: Հիմա «ատամ» ցույց տալու հերթն ԱՄՆ-ինն է: Հայտնի է, որ Վրաստան ժամանած ամերիկյան ռազմական փորձագետներին առաջիկայում կարող է միանալ նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մոտ 200 մարտիկ: Ավելին, երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Վրաստանին ռազմական օգնություն կցուցաբերի, բայց ամերիկյան զինծառայողները ռազմական գործողություններին չեն մասնակցի: Իր հերթին՝ «Նյու Յորք թայմսը», վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներին, գրել է, թե դրանց թիվը կարող է աճել՝ գործողությունների ծավալմանը համապատասխան: Իսկ այդպիսիք լինելու են ոչ միայն Պանկիսում, այլեւ, Աբխազիայի նախագահ Վ. Արշբանի պնդմամբ, Կոդորի կիրճում, որը գտնվում է Աբխազիայի տարածքում: Այդ երկրի նախագահը նկատել է, թե Վրաստանը խաղաղ բնակիչներին Կոդոր վերադարձնելու անվան տակ այնտեղ է տեղափոխում Պանկիսում գտնվող չեչեն գրոհայիններին՝ նպատակ ունենալով մի կրակոցով երկու նապաստակ սպանել՝ ԱՄՆ-ի միջոցով զսպել Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի հավակնությունները եւ սանձել Աբխազիայի հավակնությունները: Այս տեսակետը, թերեւս, ամրապնդվում է Ջ.Բուշի երեկ արած այն հայտարարությամբ, թե ԱՄՆ-ը կօգնի Վրաստանին, նկատեք. ոչ թե ահաբեկիչների, այլ՝ իսլամական էքստրեմիստների հետ պայքարում: Հարավային Օսիայի նախագահ Կոկոեւն իր հերթին հայտարարել է, որ եթե Վրաստանը փորձի ամերիկացիների օգնությամբ կարգավորել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունը, ապա ինքը կդիմի Ռուսաստանին՝ հանրապետության տարածք ռուսական զորքեր մտցնելու խնդրանքով: Փորձագետները կարծիք են հայտնում, թե Ռուսաստանը դրան, հավանաբար, կընդառաջի, եթե չի ուզում իր դիրքերը վերջնականապես հանձնել ԱՄՆ-ին: Բնականաբար Ռուսաստանը չի կարող Վրաստանում ծավալվող իրադարձությունները կողքից դիտել, որովհետեւ դրանք, ի վերջո, նրա աշխարհաքաղաքական, պետական եւ անվտանգության կենսական շահերն են շոշափում: Իսկ Վրաստանում՝ Աջարիայի եւ Ջավախքի տարածքներում, արդեն շուրջ մեկ շաբաթ կրկին լարված է: Փորձագետները պնդում են, թե դա Ռուսաստանի պատասխանն է՝ իր դեմ «տղա բերելու»՝ Վրաստանի փորձերին: Որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու, գլոբալ իմաստով՝ երկու գերտերությունների միջեւ դեռեւս Հարավսլավիայի դեպքերից հետո առաջացած հակադրությունը թեւակոխում է զարգացման էապես նոր փուլ՝ ակնհայտ է: Պարզ է նաեւ, որ հակադրության կողմերից որեւէ մեկը հենց այնպես իր դիրքերը չի զիջի: Իսկ դա նշանակում է, որ գերտերությունները սկսել են լրջորեն զբաղվել մեր տարածաշրջանով, ասել է թե, նաեւ Հայաստանով: Փորձագետները պնդում են, թե դա է, թերեւս, պատճառը, որ Արեւմուտքը շտապեցնում է մասնավորապես Հայաստանին՝ լուծել ԼՂ հիմնախնդիրը: Դատելով ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցից, պետք է ենթադրել, որ ճնշումը մեծ է եւ մտահոգիչ: Ի վերջո, չի կարող բացառվել, որ մի օր Ադրբեջանն էլ իր ներքին՝ ղարաբաղյան «ահաբեկիչների» ու «անջատողականների» դեմ պայքարի համար համանման խնդրանքով չի դիմի ԱՄՆ-ի օժանդակությանը, առավել եւս, որ Ադրբեջանն այդ մասին վաղուց է խոսում, իսկ ԼՂ-ն առայժմ ԱՄՆ-ի համար Ադրբեջանի տարածք է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել