ԱՆՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՀՀ օրենքը «Գովազդի մասին», որն ընդունվել է 1996թ. ապրիլի 30-ին, ունի հոդված 14՝ «Անչափահասների պաշտպանությունը գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման ժամանակ»։ Հիշյալ հոդվածն ունի 3-րդ կետ, որում սեւով սպիտակի վրա գրված է. «Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նկարահանված ապրանքներին»։ Հետաքրքիր է, իսկ «Ընտանեկան լոտոն» նկարահանվա՞ծ է անչափահասների համար եւ, ընդհանրապես, մոլեխաղերը (այդ թվում՝ լոտոն) որեւէ ձեւով առնչվո՞ւմ են անչափահասների պահանջմունքին։ Բնականաբար՝ ոչ։ Սակայն, ըստ երեւույթին, «Ընտանեկան լոտոյի» համար ՀՀ օրենքները «ասնավանի» չեն։ Այդ պատճառով էլ «Ընտանեկան լոտոն» գովազդում է 7-ի ա դասարանը, որը «սիրելի ընկեր Հակոբյանին» մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկների փոխարեն, չգիտես ինչու, լոտո է նվիրում։ Լոտո է գովազդում նաեւ փոքրիկ Արմենը, որը լոտո է նվիրում «սիրելի մայրիկին եւ քույրիկին»։ Պարզ է, չէ՞, որ օրենքը խախտելու համար ոչ «Ընտանեկան լոտոն», ոչ էլ գովազդը պատրաստողը պատասխանատվության չեն կանչվի։ Փոխարենը, բացառված չէ, որ լոտոների ուղղությամբ թարս հայացք կամ անդուր խոսք գցողը պատասխանատվության կանչվի։ Լոտոները մեր երկրում պաշտպանված են, լրագրողները՝ ոչ։ Իսկ անչափահասները, որոնց օգտագործում են ամեն զիբիլ գովազդելու համար՝ առավել եւս։ Մ. Բ.