Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒՏ ՌԻԹՄ ԵՎ… ԱՆԽԱՌՆ ՄԵՂԵԴԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 28,2002 00:00

ԶՈՒՏ ՌԻԹՄ ԵՎ… ԱՆԽԱՌՆ ՄԵՂԵԴԱՅՆՈՒԹՅՈՒՆ Հայ հանդիսատեսը միշտ էլ եղել է խստապահանջ, բարձրաճաշակ ու շնորհակալ։ Երաժիշտները լավ գիտեն սրտի այն թրթիռը, որ ապրում ես համերգից առաջ՝ անկախ նրանից, դո՛ւ ես համերգ տալիս, թե՛ եկել ես լսելու ինչ-որ կատարում։ Մեր օրերում մեծ տարածում են գտել հայտնի ստեղծագործությունների փոխադրումները, նորովի գործիքավորումներն ու հնչյունային ինքնատիպ մեկնաբանությունները։ Հանրահայտ գործի անսովոր հնչողությունը հաճախ բոլորովին նոր ու հետաքրքիր կերպարների աշխարհ է բացում մեր առջեւ։ Նման մի բացահայտում էր օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը, որտեղ «Երեւան» հարվածային գործիքների անսամբլը ներկայացավ անզուգական կատարմամբ, նրբագեղ ճաշակով։ Խմբի անդամները բարձր պրոֆեսիոնալներ են, որոնք հավասար վարպետությամբ տիրապետում են հարվածային բոլոր գործիքներին։ Կատարվեցին Յ.Ս.Բախի, Ասուրիկո Տակենակայի, Սթիվ Ռայխի եւ անսամբլի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սահակյանի ստեղծագործությունները։ Հարվածային գործիքների «Երեւան» անսամբլը, որ ստեղծվել է 1996-ին, մասնակցել է մի շարք փառատոների, համագործակցել հանրահայտ շատ երաժիշտների հետ, կատարել բազմաթիվ ձայնագրություններ։ Անսամբլի երկացանկից մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես ավանդական երաժշտության մեկնաբանությունները։ «Երեւանի» յուրաքանչյուր կատարում առատորեն բացահայտում էր հարվածային գործիքների անընդգրկելի հնարավորությունները։ Պարզապես ապշեցնող էր զուտ հարվածային գործիքների միջոցով արտահայտած մեղեդայնությունը։ Երաժիշտների ռիթմի անթերի զգացումը հրաշքներ էր գործում։ Շշմեցնող էին ինչպես գործիքային համահնչյուն ռիթմային երանգավորումները, այնպես էլ սովորական ծափերով կատարված ռիթմական կոմպոզիցիաները։ Հանդիսատեսի համար հայտնություն էին հաճախ անշուք ու միապաղաղ դեր կատարող հարվածային գործիքների անսպառ հնարավորությունները։ ՆՈՒՆԵ ԱԹԱՆԱՍՅԱՆ երաժշտագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել