Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ թե ընդդեմ, այլ… հանուն աղքատության

Փետրվար 28,2002 00:00

Ոչ թե ընդդեմ, այլ… հանուն աղքատության «2002թ. հունվար ամսվա աղքատության նպաստի բաշխումը կսկսվի մայիսից»,- Վանաձորի պաշտոնական մամուլում վերջերս տպագրված այս տեղեկությունից կարելի է եզրակացնել, որ «աղքատության վերացման ռազմավարական ծրագիրը» (ինչպես հաճախ տարփողում են որոշ իշխանավորներ՝ իրենց զեկույցներում) սոցիալական «բարեփոխումների» արդի փուլում կուղղվի ոչ թե ընդդեմ, այլ… հանուն աղքատության։ Առայժմ չհաջողվեց պարզել, թե հունվարից մայիս ժամանակաշրջանում ինչպե՞ս է սնվելու աղքատության կոչումը «նվաճածների» իսկապես աղքատ խավը, եթե 5 ամիս նպաստ չի ստանալու։ Ըստ երեւույթին, համապատասխան պաշտոնատարները եկել են այն եզրակացության, որ մարդն ունի սնվելու իրավունք ոչ շուտ, քան 5 ամիսը մեկ։ Ինչ խոսք, սույն հիմնադրույթը չի կարող վերաբերել այն պաշտոնատար անձանց, որոնց պետական աշխատավարձը եթե ուշանա, ապա զանազան դրամաշնորհային գումարներ կան (որոնց թվում՝ հենց նույն սոցիալական «բարեփոխումների» «մտահոգ խնդրին» ուղղված՝ «կողքից» «մանրից» կգան, ավելացրած «մանր- մունր» այլ եկամուտներ՝ «ստվերից»…)։ Հնարավոր է, որ աղքատության նպաստի բաշխումը «ծրագրավորելիս» որոշ պաշտոնատարներ նաեւ մտածել են, թե «Անտառը՝ մոտիկ, քոլն՝ առատ, գարունն էլ՝ քթի տակ։ Բանջարից-բանից թող քաղեն՝ ուտեն, էլի։ Ի՞նչ է եղել որ։ Օրեր են, կմթնեն՝ անց կկենան»։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ փետրվարի 2-րդ տասնօրյակում Վանաձորի փողոցներում, պատերի տակ արդեն բանջարավաճառներ էին երեւում։ Ի դեպ, 2000թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների «կորած-մոլորած» աղքատության նպաստներն էլ Վանաձորում, ի վերջո, որոշեցին բաշխել… 2002թ. հունվար-փետրվարին։ Սրանք այն նպաստներն են, որոնց վերաբերյալ դեռեւս 2001թ. նոյեմբերի սկզբին Վանաձոր այցելած սոցապ նախարարը նշել էր, որ «հոկտեմբեր ամսվա նպաստը վճարվեց 2001թ. հունվար ամսվա հաշվին, իսկ նոյեմբեր-դեկտեմբերը չվճարվեց՝ բյուջեի դեֆիցիտի պատճառով։ Այն չարտացոլվեց նաեւ 2001թ. բյուջեում։ Թեեւ ակնկալում ենք, որ 2001թ. աշնանը հնարավոր կլինի գոնե մեկ ամիսը վճարել»։ Ինչպես ցույց տվեց վճարումների հետագա ընթացքը, այդ աշնանային «ակնկալիքները» ընդամենը այս տարվա ձմռանը սկսեցին «շունչ ստանալ»։ Այս ամենին եթե ավելացնենք առնվազն այն, որ գործազրկության նպաստներն էլ Վանաձորում տարեսկզբի դրությամբ չէին տրվել ընդհանուր առմամբ 14 ամսվա կտրվածքով (2000-2001թթ. տարբեր ժամանակահատվածների համար), առողջապահական համակարգում առկա պարտքերն էլ գալիս են դեռեւս 1999 թվականից, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ահռելի գումարներ են պտտվում բանկերում, իսկ այդ գումարների մի մասը, կարելի է ենթադրել, որ ուղղվում է կոռուպցիայի դեմ պայքարին եւ ոչ թե դղյակներ դառնում։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել