ՈՉ ՄԻ ԶԻՋՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին անվտանգության ապահովման միջոցառումները կազմակերպիչների գլխավոր հոգսերից են։ Ճապոնիայի ոստիկանության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հասարակությանը հիշեցնում են, որ այդ օրերին ֆուտբոլային խուլիգանների դեմ պայքարի միջոցները խիստ են լինելու։ Օրերս կրկին տեղեկացվել է, թե Ծագող արեւի երկրի իրավապահպան մարմինները չեն հանդուրժելու փողոցներում ոչ մի անկարգություն։ Ասվածը նախ եւ առաջ հասցեագրված է Անգլիայի ֆուտբոլային ֆաներին։ «Բրիթիշ խուլիգանզ»-ի խնդիրն իրենից երկկողմանի փայտ է ներկայացնում։ Մի կողմից մառախլապատ Ալբիոնից ֆուտբոլասերների հեղեղը ոչ քիչ շահույթներ է բերելու, մյուս կողմից ո՞վ ցանկություն ունի բախվելու կիսահարբած անգլիացիների կռվարար ամբոխին։ Վիճակահանությամբ այս խնդրի լուծումը բաժին հասավ Ճապոնիային։ Ընդ որում, Անգլիայի հավաքականը նույն խմբում խաղալու է արգենտինացիների ու նիգերիացիների հետ, մի բան, որ հոգսաշատ երեւույթ է թե մրցակիցների, թե օրենքի պահապանների համար։ Արգենտինայի հետ Անգլիան ֆուտբոլային հին թշնամանք ունի դեռեւս 1966թ. աշխարհի առաջնությունից։ Այն ժամանակ 1/4 եզրափակիչը սպասարկող գերմանացի մրցավար Կրայտլյայնը Անգլիա-Արգենտինա խաղում կասկածելի պայմաններում դաշտից հեռացրեց հարավամերիկացիների թիմի ավագ Ռատտինին, որին նրա թիմակիցները ցանկանում էին պատասխանել՝ հանդիպումը բոյկոտելով։ Կրակին յուղ ավելացրեց դաշտի տերերի մարզիչ Ալֆ Ռեմզին՝ խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում՝ մրցակից թիմի խաղացողներին «անասուն» կոչելով։ Ֆուտբոլում այս երկու երկրներին ընդհանրապես բացառիկ «ջերմ» հարաբերություններ են կապում։ Իսկ 1982թ. Ֆոլքլենդյան պատերազմը, հանրահայտ «Մարադոնայի ձեռքը» եւ Սիմեոնե-Բեքհեմ հակամարտությունը երկու երկրների փոխհարաբերություններում փոխադարձ սիրալիրություն չեն ավելացնում, եթե չասենք, որ դարձնում են շիկացած։ Այնպես որ, Արգենտինա-Անգլիա խաղը Ճապոնիայի ոստիկանության համար գլխավոր գլխացավանքներից է լինելու։ Օրենքի պահապանների համար հեշտ չի լինելու նաեւ Անգլիա-Նիգերիա խաղը։ Հայտնի է, որ անգլիացի ֆաների շարքերում քիչ չեն նեոֆաշիստները, որոնց վրա հակառակորդի մաշկի սեւ գույնը նույն ազդեցությունն է թողնում, ինչ կարմիր լաթը՝ կատաղած ցլի։ Եվ, վերջապես, Շվեդիայի հետ հարաբերությունների մասին։ Ճիշտ է, հույս կա, որ այս դեպքում խնդիրներն ավելի քիչ կլինեն, սակայն կազմակերպիչները չեն մոռանում, որ, չնայած այդ երկու երկրների պատմամշակութային արժեքների ավելի մոտ լինելուն, 1992 թվականին դա չխանգարեց դրանց ժառանգորդներին զանգվածային ավերածություններ սարքել Շվեդիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Ամեն դեպքում, Ճապոնիան պատրաստվում է դիմավորել անգլիացիներին։ Ոստիկանության ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչն օրերս հայտարարել է. «Մենք անհանդուրժող ու հետեւողական ենք վարվելու նրանց հետ, ովքեր կփորձեն բռնարարքներ կատարել կամ իրենց պահել ոչ պատշաճ ձեւով։ Խուլիգանների նկատմամբ ոչ մի զիջում չի լինելու»։ Ք. Հ.