Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ելումուտ

Փետրվար 28,2002 00:00

Ելումուտ Ծնունդը ելք է, մահը մուտք է, կյանքդ ելումուտ է։ Տառապանքդ՝ դարանամուտ, մեկնաբանությունը՝ լուսամուտ։ Ընթացքը հաց է, ձեռքինդ թաս է, միջինը լաց է, հույս ու կասկած է։ Բախտը դրախտ է։ Ոսկու կարաս է, խելքը պակաս է։ Խելքի պտուկ է, դեմքը դալուկ է։ Փառքը աղքատին է հարկավոր. հարուստն արդեն իսկ ամեն ինչ վայելում է առանց փառքի, նույնիսկ նրան՝ փառասերին։ Փառասեր հարուստը յուրովի աղքատ է։ Մուրացիկն արտասանում էր. պտտվիր, պտտվիր, մարդուգել, ես իմ ձեռքը վաղուց եմ պարզել։ Արվեստի մեջ քո գոյանալու ընթացքը ինքնին պիտի լինի սիրելի։ Մուկը տամուկ, կատուն անտուն է։ Կատուն կերավ կոկորդիլոս, ուստի գրեց ակրոստիկոս. Կոկորդը մաքրեց՝ հըմ-հըմ, Իսկ փորը ցցեց՝ ցմ-ցմ Մեր հարազատ ՍՍՀՄ։ Մի ձեռքով՝ հոլ Իլյիչի, Երկուսով՝ դհոլ ուրիշի, Ատամներով՝ ցոգոլ չի զիջի։ Ու ոտքով՝ մի գոլ… Հափչի։ Մի քիչ ջերմություն չհերիքեց, եւ կարկուտ դարձան անձրեւի կաթիլները։ Անելանելիության ելքը խոնարհությունն է, բայց ո՞ւմ առաջ… Երբ Սարգիսը փիս է, Սարգսյանը փասիան է։ Իմաստունը տուն է, տնաքանդը ժանտ է։ Ժանգը դարչնագույն է, դարչինը թույն է։ Սերը խամրում է, փողը համրում է։ Առաջնորդը ղո՞րթ էր, երբ հորթը խորթ էր։ Լեզուն նախընտրեց ոսկոր չունենալ, որովհետեւ ատամներով է պաշտպանված։ Երկու ձեռքը երկու ոտք են մաքրում, երկու ոտքը հատակի փալասն են կեղտոտում։ Բանալին ի՞նչ անի, երբ կողպեքը փչանում է։ Լավատես լինես, թե ընդհակառակը, դու ընդամենը քո սեփական տեսքն ես փոխում, եթե նաեւ չես լինում արեւելյան թե արեւմտյան ակնաբույժ։ Մեզնից հեռանալով՝ հիվանդը մեզ ավանդ է թողնում… Երբ շահը խուլ է, մի ոտը խարխուլ է։ Մենակությունն անգնահատելի գանձ է, երբ այն ծախսել իմանաս նաեւ ուրիշների համար։ Հոգին խորն է, թրքոտ ախոռն է։ Հավաքական խելքը հավաքովի է։ Հավաքովի խելքը մանրառատ է։ Մանրառատ խելքը պետք է մագնիսի շուրջը խտանա։ Երանավետ ուրախությունը չի կչկչում։ Հավաքական լռությունը իմաստության համր նշանդրեքն է առօրեականի հետ։ Դառը մտքերով մի մտիր արտը, որպեսզի բերքդ անուշ լինի։ Մուրճ ու մանգաղը սուրճ ու մանղալ չդարձավ, այլ ման գալու կամուրջ դարձավ Հաղթանակից Կիեւյան։ Իմանալը քիչ է, դիմանալ է պետք։ Գիր արարելը քիչ է, կիրառել է պետք։ Լեղապատառին կարեկցելը քիչ է, կարը կցել է պետք։ Հասկանալը քիչ է, հասկը քաղել է պետք։ Գործելը քիչ է, բարեգործել է պետք։ Սիրահարվելը քիչ է, սիրավարվել է պետք։ Քարը փեշիցդ գցելը քիչ է, քարը փշրել է պետք։ Բերքահավաքը քիչ է, բերդաքաղաք է պետք։ Պարկեշտ լինելը քիչ է, պարկը լցնել է պետք։ Ծերանալը սարի ծերին պետք է լինի։ Բարությունից՝ հարություն, հարությունից՝ բարություն։ Քանի որ մուտքը քիչ է, ելքը պետք է լինի։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել