Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ

Փետրվար 28,2002 00:00

ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ Բարդ է օպերային թատրոնի ռեժիսորի աշխատանքը։ Մի կողմից պետք է ձգտել համամարդկային հնչողության, մյուս կողմից՝ օպերային այս կամ այն ներկայացման մեջ պետք է լսելի լինի քո ձայնը։ Սա հիանալի է գիտակցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը։ – Ներկայացրեք, խնդրեմ, Օպերային ստուդիայի կենսագրությունը։ – Այսօր, արդեն ավելի քան երկու տասնամյակ անց, Օպերային ստուդիան ունի բավականին հարուստ կենսագրություն եւ նվաճել է երաժշտական աշխարհում նոր, շնորհալի ուժեր ձեւավորող դարբնոցի համբավ։ Իրենց բեմական մկրտությունն այստեղ ստացած մի շարք երգիչ-երգչուհիներ լավագույնս ներկայացել եւ գործում են Հայաստանի ազգային եւ աշխարհի տարբեր թատրոններում։ Իբրեւ ինքնուրույն թատրոն, Օպերային ստուդիան լրացրել եւ լրացնում է կամերային օպերային ստեղծագործությունների պակասը մեր երաժշտական կյանքում։ Ուզում եմ անպայման նշել, որ Օպերային ստուդիայի նախաձեռնության ակունքներում հայ մշակույթի, հայ երաժշտարվեստի երախտավորների անուններ են. կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյան, դիրիժոր Ռաֆայել Մանգասարյան, ռեժիսոր Վահագն Բագրատունի։ – Երկու խոսք Օպերային ստուդիայի խաղացանկի եւ մասնավորապես Ձեր բեմադրած օպերային ներկայացումների մասին։ – Ընդհանրապես ստուդիայի խաղացանկի առաջին ներկայացմանը՝ Մոցարտի «Այսպես են վարվում բոլորը…» օպերային, հաջորդել են Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ռախմանինովի «Ալեկո», Մոցարտի «Թատրոնի տնօրենը», Ռոսինիի «Ամուսնական մուրհակ», Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի», Լեոնկավալոյի «Պայացներ», Գերշվինի «Պորգի եւ Բես», Չայկովսկու «Իոլանտա» եւ այլ օպերաների բեմադրություններ։ 1995 թվականից գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանի եւ իմ աշխատանքով մեր իրականության մեջ առաջին անգամ ներկայացրինք Պասկալ Դյուսապենի «Նեոբ» օրատորիան, բեմադրեցինք շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի «Պրոմեթեւս 12», Հայդնի «Դեղագործը», Չիմառոզայի «Դիրիժորը», Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Պուչինիի «Քույր Անժելիկան»։ – Կարծում եմ, կխոսենք նաեւ ստուդիայի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի մասին։ – Օպերային թատրոնում նվագախումբը, երգչախումբը, մենակատարները մեկ միավոր են։ Ստուդիայի սիմֆոնիկ նվագախումբը, վերը նշված ներկայացումներից զատ, հանդես է եկել առանձին ծրագրերով, հայ եւ համաշխարհային կոմպոզիտորների գործերի հետաքրքիր մեկնաբանություններով։ Իր երգացանկով եւ կատարողական բարձր մակարդակով ճանաչված է ստուդիայի «Կոմիտաս» երգչախումբը, որն ի դեպ անցյալ տարի Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով մեկնեց ԱՄՆ հյուրախաղերի։ Նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ հնչել են Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Դյուսապենի մեսսաներն ու օրատորիաները, ներկայացվել երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Անչափ կարեւորում եմ դիրիժորներ Մերուժան Սիմոնյանի, Արմեն Վարդանյանի, խմբավարներ Նեկտար Միրաքյանի ու Գրիգոր Կուզիկյանի աշխատանքը։ Եվ իհարկե, կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի ուշադրությունը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել