Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի ինքնասպանության գործի քննությունը

Փետրվար 28,2002 00:00

Զինվորի ինքնասպանության գործի քննությունը Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանում փետրվարի 6-ից սկսած (Սպայի տան դահլիճում) ընթանում է Արարատ Մխոյանի, Էմիլ Հակոբյանի, Սուրեն Հովնիկյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Նախագահող դատավորն է Վահան Հովհաննիսյանը, մեղադրողը՝ Գուգարքի կայազորի զինդատախազի օգնական Արման Մազմանյանը։ Ամբաստանյալների պաշտպաններն են Կարինե Գասպարյանը, Լարիսա Դոխոյանը եւ Բենիամին Մինասյանը։ Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել է N զորամասում կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանի կողմից 2001թ. հուլիսի 27-ին ինքնասպանություն կատարելու դեպքի առթիվ։ Այդ կապակցությամբ զորամասում ԶԴ կողմից արձանագրվել են նաեւ զանազան չարաշահումներ, որոնք, ըստ մեղադրական եզրակացության, պարբերական բնույթ են կրել։ Փետրվարի 26-ին դատարան ներկայացան վկա- զորամասի բուժծառայության աշխատակիցները, որոնք վկայեցին, որ հունիսի 2-7-ը սերժանտ Պողոսյանը գտնվել է իրենց մոտ, ստացիոնար բուժման մեջ, սակայն իրենք տեղյակ չեն եղել, թե հիվանդի վերքերը ծեծի արդյունք են, քանի որ տուժողը պատճառաբանել էր, թե ընկել է։ «Դուք հավատացի՞ք, որ նա ընկել է»,- հարցրեց նախագահողը վկա Ռոման Նիկոյանին եւ հիշեցրեց, որ վկան նախաքննության ժամանակ ասել է, որ այնքան էլ չի հավատացել ընկնելու տարբերակին։ Դատավորին վկան առանձնապես չառարկեց, բայց արդարացավ. «Դե, մարդ ա, կարող ա տարբեր ձեւի ընկնի»։ Հատկանշական է, որ Մ. Պողոսյանի դիակը հայտնաբերելու պահին նրա գլխին եղած զինվորական գլխարկի զինանշանը պոկված է եղել, ինչը վկայել են տարբեր վկաներ։ Այս առթիվ պաշտպան Բ. Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դիակի հայտնաբերման առնչությամբ կատարված արձանագրության մեջ նշված չի եղել, որ զինանշանը պոկված էր։ Ըստ գործի տվյալների, մարմնական վնասվածքներ Մ. Պողոսյանի դեմքին կամ այլ մասերին՝ չեն եղել, բացի պարանոցի վրայի՝ մետաղալարով սեղմելու արդյունքում առկա «ճմլման անկոցը»։ Ինքնասպանությունն ի հայտ է եկել, երբ զինվորների հաշվառման ընթացքում նկատվել է կրտսեր սերժանտ Մ. Պողոսյանի բացակայությունը։ Ուշագրավ էր փաստաբան Գասպարյանի հարց- դիտողությունը վկա, կապիտան Մարտիրոսյանին. «Ձեր մոտ հո հաճախ մարդ չի՞ կախվում, ինչո՞ւ սկզբից տանիք բարձրացավ»։ Վկաները բնութագրելով տուժող Մ. Պողոսյանին, ասում էին, որ նա դրական անձ էր, սակայն փոքր-ինչ ինքնամփոփ էր։ Այս զորամասում ընդունված է եղել (ըստ մեղադրականի), որ երբեմն շարքային զինվորների փոխարեն սերժանտը կատարի օրապահի պարտականությունները, քանի որ առանձին շարքայիններ պարզապես արտոնյալներ էին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել