Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ, ԲԱՅՑ ՈՉ ԻՇԽԱՆԱՄԵՏ

Փետրվար 28,2002 00:00

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ, ԲԱՅՑ ՈՉ ԻՇԽԱՆԱՄԵՏ Ինչո՞ւ են երկրապահները հայտնվում ակամա ընդդիմության շարքերում Հայաստանի ամենաազդեցիկ եւ գործունյա հասարակական կազմակերպություններից մեկում՝ ԵԿՄ-ում, ներկայումս էլ ներառված են ավելի քան 8 հազար երկրապահներ։ Երկրապահ կամավորականների միության գործունեության ծիրի մեջ են ընդգրկված պատերազմում զոհված շուրջ 2 հազար ազատամարտիկների ընտանիքներ։ Եվ, ընդհանրապես, մոտ 60-70 հազար մարդ ուղղակիորեն ներառված կամ շփման եզրեր ունի երկրապահական կառույցի հետ։ Եթե նկատի ունենանք, որ բոլոր մակարդակի ընտրություններում «երկրապահական ընտանիքը» կարող է դառնալ ամենաակտիվ ընտրազանգվածը, ապա, անկասկած, վերջինիս դիրքորոշումների եւ տրամադրությունների հետ պետք է որ հաշվի նստի երկրի քաղաքական ողջ դաշտը։ ԵԿՄ-ն պատրաստվում է հերթական համագումարի, մարզերում արդեն ավարտվել են տարածքային կազմակերպությունների ժողովները։ ԵԿՄ-ն հայտարարում է, որ դիմություն-ընդդիմություն քաղաքական խաղերին չի մասնակցում, սակայն երկրապահներն ու նրանց ընտանիքների անդամները, նախ, որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ, իրավունք ունեն դիրքորոշումներ ունենալ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական անցուդարձերի նկատմամբ։ Բացի այդ, ազատամարտիկները հասարակության մեջ յուրօրինակ խավ են հանդիսանում եւ, ըստ այդմ, առանձնահատուկ պահանջներ ու դիրքորոշումներ ունեն երկրում ծավալված գործընթացների հանդեպ։ Պետության համար մարտնչածները առայսօր էլ ունեն պետականամետ հայացքներ (այս միտքը շեշտվել է բոլոր ժողովներում)։ Մինչեւ նրանց առաջնորդ Վազգեն Սարգսյանի մահը, երկրապահների պետականամետությունը նույնանում էր իշխանամետության հետ։ Սակայն Սպարապետի մահվանից հետո երկրապահները իրենց համար տարօրինակ գործընթացների բախվեցին։ Երկրապահների շուրջ, մեղմ ասած, սկսվեց ձեւավորվել անառողջ մթնոլորտ, որը կարծես թե հրահանգավորվում է պաշտոնյաների կողմից (տեղական «չինովնիկները», համենայնդեպս, դա անթաքույց ցուցադրում են)։ Ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների ծանրացող հիմնախնդիրները անտեսվում են բարձրագույն իշխանությունների կողմից (օրինակ, 2002թ. բյուջեի հետ կապված պատմությունը)։ 1993-94թթ. այն ժամանակվա գործող իշխանությունները մի շարք որոշումներ ընդունեցին ազատամարտիկներին արտոնություններ շնորհելու եւ նրանց առջեւ ծառացած խնդիրները թեթեւացնելու ուղղությամբ։ Սակայն ներկայումս դրանցից եւ ոչ մեկը չի գործում. «Երկրապահները ցանկանում են արժանավայել ապրել, աշխատել եւ չեն ուզում շարունակ մնալ օգնություն եւ նպաստ հայցողի դերում։ Հասկանալի է, որոշ ուժերի ձեռնտու է, որ երկրապահը շարունակ մնա խնդրողի վիճակում։ Այդպես հեշտ է նրան իրենց կամքը թելադրել»։ Սակայն աղքատների խավի մեջ հայտնված ազատամարտիկների մոտ 90 տոկոսը չի հանդուրժում իրեն վերապահված նման «կարգավիճակը»։ Զոհված ազատամարտիկների կանայք եւ մայրերը ժողովներում բողոքում էին նաեւ երկրում ստեղծված անբարոյական մթնոլորտի կապակցությամբ. «Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչ ճիվաղին հերոսացրել են, իսկ իրական հերոսները, որոնց սխրանքներով պետք է դաստիարակեն մատաղ սերնդին, մոռացության ու անուշադրության են մատնված»։ Ազատամարտիկների երեխաները կշտամբում են իրենց ծնողներին, թե ինչու ժամանակին հարստություն չեն դիզել կամ պատերազմից հետո պաշտոնների չեն տիրացել։ Իսկ ուսուցիչ, տնտեսագետ, ճարտարագետ եւ այլ երկրապահներն ու նրանց կանայք աշխատում են համոզել իրենց երեխաներին, որ իրենք ճիշտ են վարվել եւ հայրենիքի համար մարտի են գնացել արյան կանչով։ Նրանք կոմկուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչներ չեն եղել, որ պատերազմին կամա թե ակամա ներկա գտնվելը անձնական շահերի եւ բարձր պաշտոնների տիրանալու համար օգտագործեն, միավորներ հավաքեն եղբայրների կամ այլ հարազատների մահվան կապակցությամբ… Անհնար է երկրապահներին համակած դառը մտորումները մեկ հոդվածի մեջ ընդգրկել։ Արձանագրենք մի կարեւոր փաստ։ Պետության համար կյանքը չխնայած, հոգով ու սրտով պետականամետ երկրապահները այլեւս իշխանամետ չեն, եւ նրանց դիրքորոշումներում այդ հասկացությունների միջեւ անջրպետը գնալով խորանում է։ Իսկ գործող իշխանությունների հանդեպ վերջնական դիրքորոշումը երկրապահները կմշակեն հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների դատական կարգով «հայտնաբերումից» հետո։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել