Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական Եվրոպա, միասնական արժույթ

Փետրվար 28,2002 00:00

Միասնական Եվրոպա, միասնական արժույթ Հենց այս կարգախոսով Եվրամիության անդամ 15 երկրից 12-ը (բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Դանիայի եւ Շվեդիայի) Մաստրխում կնքեցին Արժույթի եվրոպական միության ստեղծման պայմանագիրը եւ 1999 թ. հունվարի 1-ից 12 երկիր սկսեցին նոր արժույթով իրականացնել առայժմ անկանխիկ գործարքներ: Ընթացիկ տարվա առաջին օրվանից շրջանառվում է նաեւ կանխիկ եվրոն: Ու թեեւ Հայաստանը եվրոյի զամբյուղի երկիր չէ ու առաջիկայում էլ այդ զամբյուղում հայտնվելը մեզ չի «սպառնում», այնուհանդերձ, որոշեցինք ճշտել, թե նոր, եվրոպական արժույթը (եվրոպական բազում արժեքներից մեկը, որն առայժմ չի պարտադրվում Եվրոպա ձգտող երկրներին) ինչպես է տարածվում Հայաստանում: Բայց մինչ այդ. Եվրամիությունում Եվրոպական միասնական արժույթը պաշտոնական, օրինական վճարման միջոց է 12 երկրում: Ու քանի որ սա նշանակում է որոշակի զիջումներ ինքնուրույնության հաշվին, ուստի արժույթի տեսքն ու ձեւը մշակվել են առավելագույնս մանրամասնորեն: Վերջնական տեսքը հաստատվել է 1996 թվականին՝ Դուբլինում: Թողարկվել են 500, 200, 100, 50, 20, 10, 5 եվրո արժեքով թղթադրամներ եւ 1, 2 եվրո ու 50, 20, 1, 5, 2, 1 եվրոսենթ արժեքով մետաղադրամներ: Թղթադրամների ձեւավորման համար օգտագործվել են եվրոպական հզոր ու խոշորագույն կառույցների ու հուշարձանների պատկերներ, ընդ որում բացառապես այն հուշարձանները, որոնք չեն պահպանվել: Թղթադրամի երեսին պատկերված դռներն ու պատուհանները խորհրդանշում են ԵՄ-ի ներսում համագործակցության եւ միմյանց համար բաց լինելու ոգին: Բոլոր թղթադրամների հակառակ երեսին պատկերված են կամուրջներ, ինչը խորհրդանշում է մարդկանց հարաբերվել-շփվելը: Չափերով եւ արժեքով ամենափոքր 5 եվրոն` 120/62 սմ չափի, ամենամեծը՝ 500 եվրոն՝ 160/82: Բոլոր թղթադրամներն էլ ունեն կեղծումից պաշտպանող մի քանի համակարգեր. ջրանիշ, հոլոգրաֆիկ շերտ կամ պատկեր, ներգիծ (սպիրալ), թղթադրամի տարբեր կողմերում պատկերված թվերի համադրություն, անկյան տակ նայելիս գունափոխություն կամ եվրոյի խորհրդանիշի երեւան գալ, ինֆրակարմիր ճառագայթների ներքո խիստ որոշակի պատկերի առկայություն եւ այլն: Ի դեպ, խոշոր թղթադրամների (50, 100, 200, 500) պաշտպանական համակարգերը առավել հուսալի են: Եվրոսենթ մետաղադրամները պատրաստված են սկանդինավյան ոսկի կոչվող համաձուլվածքից, պարունակում են 1 տոկոս անագ: Մետաղադրամների առաջին խմբաքանակի (80 միլիարդ հատ) հատման համար պահանջվել է 1500 տոննա անագ: Եվրոսենթի երեսին պատկերված է Եվրոպայի քարտեզը ԵՄ-ի դրոշի աստղերի ֆոնին: Թեեւ պատկերը նույնն է, այնուհանդերձ՝ ըստ մտահղացման, 1, 2, 5 եվրոսենթերը շեշտում են Եվրոպայի տեղը աշխարհում, 10, 20, 50 եվրոսենթերը ներկայացնում են եվրոպան միասնական ազգ, իսկ 1, 2 եվրոն պատկերում են Եվրոպան առանց սահմանների: Ի տարբերություն սրա, եվրոսենթի հակառակ երեսը տարբեր է՝ կախված նրանից, թե որ երկրում է հատվել տվյալ մետաղադրամը: Սրանով հանդերձ, հատված բոլոր մետաղադրամներն էլ պաշտոնական, օրինական վճարման միջոց են եվրոյի գոտու բոլոր երկրներում: Հայաստանում Մեզ մոտ նկատվում է կանխիկ եվրոյով իրականացվող գործառնությունների ծավալի աճ: Բանկային գաղտնիքը պահպանելու պայմանով տրամադրված տեղեկություններով Արդշինբանկը այս երկու ամսում իրականացրել է մոտ 50 հազ. եվրոյի վճարումներ տարբեր հաշիվներից, Կոնվերս բանկով տարադրամի առք ու վաճառքի ձեւով 1000 եվրոյի մատույցներում գումար է անցել, HSBS բանկում կանխիկ եվրոյով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալը անցնում է 300 հազարից: Թեւեւ եվրոն եկել է փոխարինելու միանգամից 12 արժույթի, Հայաստանում հիմնականում փոխանակվում է գերմանական մարկ ու ֆրանսիական ֆրանկ: Մնացյալից կամ չի փոխանակվում, կամ էլ՝ չնչին քանակությամբ: Մի քիչ քաղաքականություն Իր ծննդյան օրից եվրոն կայուն արժույթ էր, մասնավորաբար գերմանական մարկի նկատմամբ եվրոյի փոխարժեքը 2/1 հարաբերությամբ պահպանվում է արդեն 3 տարի: Եվրոն սկզբում թանկ էր նաեւ ԱՄՆ դոլարից: ԱՄՆ օդուժի ջանքերով նախկին Հարավսլավիայի տարածքը ռմբակոծելուց հետո դոլար -եվրո փոխարժեքը հօգուտ առաջինի է: Կարծիք կա, թե ԱՄՆ-ը նախաձեռնեց ու իրականացրեց ռմբահարումները, ավելի շատ իր դոլարի հաղթարշավի համար կանաչ ճանապարհ բացելու նպատակով: Այժմ մեկ եվրոն արժե մոտ 0,8 ԱՄՆ դոլար, մոտ 27 ռուսական ռուբլի, մոտ 500 հայկական դրամ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել