Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պոպուլյար եւս մեկ օրինագիծ

Փետրվար 28,2002 00:00

Ոչ պոպուլյար եւս մեկ օրինագիծ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները ավելի քան կտրուկ արձագանքեցին «ԶԼՄ-ների մասին» կառավարության ներկայացրած օրինագծին: Քաղաքական ուժերը, որոնք «ժողովրդավարականի» համարում ունեն՝ դրան անդրադարձան միայն այն դեպքերում, երբ լրագրողները նրանց հարցադրումներով դիմեցին: Այդ կարեւորագույն խնդրում որոշակի պասիվություն էր դրսեւորել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը: Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս է վերաբերվում հիշյալ օրինագծին իր գլխավորած կուսակցությունը, Ալբերտ Բազեյանը երեկ պատասխանեց, թե ինքն այդ իմաստով առանձնակի մտահոգություն չունի, քանի որ օրինագիծն այնքան ցայտուն կերպով է հակասում Հայաստանի Հիմնական օրենքին, որ այն նույնիսկ իշխանամետ կամ նախագահամետ խորհրդարանը չի համարձակվի ընդունել: «Ես համոզված եմ, որ այդ հակասահմանադրական եւ անտրամաբանական օրինագիծը նույնիսկ ԱԺ քննարկման չի ներկայացվի: Մենք չենք արձագանքել այդ խնդրին ոչ այն պատճառով, որ չենք կիսում լրատվամիջոցների ներկայացուցիչների մտահոգությունները, այլ այն պատճառով, որ այդ հարցում անկախ քաղաքական դիրքորոշումներից բոլոր լրատվամիջոցներն արտահայտել են իրենց կարծիքը: Բացի այդ, խնդիրը բավական մեծ հնչեղություն ստացավ ու, այդ իմաստով, մեր լրացուցիչ օժանդակության կարիքը, կարծես, չկար»,- պարզաբանեց Ա.Բազեյանը: Վերջինս համաձայն էր մեր այն դիտարկմանը, թե «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն էլ էր հակասահմանադրական, բայց խորհրդարանն այն ընդունեց: Այդուհանդերձ, կուսակցության նախագահը նկատեց. «Այո, այդ օրենքն ընդունվեց: Բայց ԶԼՄ-ներին վերաբերող նախագիծն այնքան ոչ պոպուլյար է, որ ոչ ոք չի պնդի այդ տարբերակը: Դրանով, ի վերջո, իշխանությունն իրեն էլ է վարկաբեկելու ու հեղինակազրկելու»: Միաժամանակ պարոն Բազեյանը վստահեցրեց, թե կուսակցությունը հետեւում է այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումներին եւ հարկ եղած դեպքում, անշուշտ, կաջակցի լրատվամիջոցներին՝ լինի դա հայտարարություններով կամ որեւէ այլ նախաձեռնությամբ: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել