Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՏԱԼ ՆԱՀԱՆՋ

Փետրվար 28,2002 00:00

ՏՈՏԱԼ ՆԱՀԱՆՋ Ուղիղ մեկ տարի առաջ փետրվարի 27-ին «Հանրապետություն» կուսակցությունը Արարատում անցկացրեց կուսակցության հիմնադիր ժողով: Մեկ ամիս անց պաշտոնական գրանցում ստացավ, իսկ ապրիլի 9-ին Արարատ գյուղում կազմավորեց իր առաջին սկզբնական կազմակերպությունը: Կուսակցությունը երեկ դարձյալ Արարատում էր, այս անգամ՝ Արարատի ազգաբնակչության, կուսակցության անդամների ու համակիրների հետ հանդիպելու նպատակով: Կուսակցության մեկամյա գործունեությունը «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ արդյունավետ է եղել: «Բավարար է ասել, որ անցած տարվա ընթացքում մենք սկզբնական կառույցներ ենք ստեղծել հանրապետության ողջ տարածքում»,- նշեց նա՝ նկատելով, թե դա անհրաժեշտ պայման էր հասարակության հետ ակտիվ շփումներ ունենալու եւ երկխոսություն վարելու համար: Բանախոսն ընդգծեց, որ մեկ տարվա ընթացքում կուսակցությունն ակտիվ գործունեություն է վարել հանրապետության քաղաքական կյանքում, տարբեր եւ պատեհ առիթներով ընդունել է շուրջ 13 քաղաքական հայտարարություն, որոնցում անդրադարձել է ինչպես «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը, այնպես էլ՝ ընթացող արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներին, Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ այլն: Ս.Սուրենյանցն ասաց, թե առաջիկա ընտրություններին պատրաստվելով հանդերձ՝ կուսակցությունը չի հրաժարվել իր որդեգրած սկզբունքներից եւ օրակարգում պահում է նախագահական արտահերթ ընտրությունների պահանջը: Ելույթ ունենալով՝ կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, «Հանրապետության» մեկամյա գործունեության հետ մեկտեղ, անդրադարձավ նաեւ Հայաստանում վերջին տարիներին նկատվող գործընթացներին: «Ստիպված ենք արձանագրել, որ որեւէ ոլորտում առաջընթաց տեղի չի ունեցել: Անցած տարի եւս եղան աղմկահարույց հանցագործություններ՝ սպանվեց Գագիկ Պողոսյանը, «Պապլավոկում»՝ Պողոս Պողոսյանը»,- թվարկեց Ա.Բազեյանն՝ ընդգծելով, թե առաջինի սպանությունն առայժմ բացահայտված չէ, իսկ երկրորդի գործով ավարտված դատավարության արդյունքները հայտնի են եւ ինքնատիպ գործող իշխանությանը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ կուսակցության նախագահն արձանագրեց, որ այդ ոլորտում իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանը նահանջներ արձանագրեց. մեր երկրի նկատմամբ երկու գերտերություններ՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, ըստ էության, պատժամիջոցներ կիրառեցին, մի դեպքում՝ վերացնելով 907 բանաձեւն ու ֆինանսական մեծ օժանդակություն հատկացնելով Ադրբեջանին, մյուս դեպքում՝ պահանջելով ՌԴ-ին ունեցած մեր պետական պարտքերն արագ վճարել մասնավորապես գույքի տեսքով: Խոսելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Ա.Բազեյանն ասաց, թե ներկա իշխանություններն այդ հարցում եւս նահանջ են գրանցել՝ փաստորեն վերադառնալով 97-ին ներկայացված առաջարկներին՝ «Փուլայինի» փոքր-ինչ մոդիֆիկացված տարբերակին: Վերջինս կրկնեց կուսակցության դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորման իմաստով: Այն է՝ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, փոխզիջումների հիման վրա, բայց ԼՂ-ն չի կարող ունենալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ուներ 88-ին: Նա ասաց, թե պետք է տեսնել՝ ինչ փոխզիջումների է պատրաստ ադրբեջանական կողմը, որից հետո կարելի է քննարկել, թե ինչ փոխզիջումների ենք պատրաստ մենք, այլ ոչ թե՝ միանշանակ հայտարարել, թե էս գլխից պատրաստակամ ենք զիջել ազատագրված տարածքները՝ փոխարենը ստանալով Ղարաբաղի անկախություն, իսկ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի եւ Նախիջեւան-Մեղրի միջանցքները բերել նույն կարգավիճակի: Խորհրդարանում Սահմանադրության շուրջ ընթացող քննարկումների վերաբերյալ նախագահ Քոչարյանի՝ «թամաշա», «ղալմաղալ» որակումները նկատի ունենալով՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա.Բազեյանը նկատեց, թե դա բերում է այն համոզման, որ Քոչարյանը նպատակ ունի եւս մեկ անգամ վարկաբեկել խորհրդարանը, պատգամավորներին: Նրա կարծիքով, դրանով նախագահը փորձում է լուծել երկու խնդիր՝ ժողովրդին ցույց տալ, որ չի կարելի խորհրդարանին վստահել երկրի ամբողջական իշխանությունը եւ լրացուցիչ հող նախապատրաստել հետագայում պատեհ առիթով ԱԺ-ն կամայականորեն լուծարելու համար: Ըստ կուսակցության նախագահի, այդ դեպքում քաղաքական ուժերը պայքարի մեջ կմտնեն ԱԺ ընտրություններին մասնակցելու համար՝ առժամանակ մի կողմ թողնելով Քոչարյանին եւ թույլ տալով նրան հանդես գալ արբիտրի դերում: Վերջինս էլ՝ օգտագործելով պետական ու իշխանական լծակները, խորհրդարան կբերի իր համար ավելի վերահսկելի ուժերի ու իր թիկունքը ապահովելուց հետո միայն կգնա նախագահական ընտրությունների: «Դրանք մեկ խնդիր են հետապնդում՝ ամրապնդել Քոչարյանի իշխանությունն ու ապահովել նրա վերընտրությունը նախագահի պաշտոնում: Մեր խնդիրն է՝ դա թույլ չտալ ու համախմբել քաղաքական ուժերին ու հասարակությանը՝ այս վարչախմբից օր առաջ ազատվելու համար»,- հայտարարեց կուսակցության նախագահը: Ըստ նրա՝ դա լավագույն լուծումը կլինի: Բայց եթե, այնուամենայնիվ, չհաջողվի իրականացնել, ապա «Հանրապետությունը» կլինի այն առանցքը, որը կփորձի համախմբել ընդդիմադիր դաշտը եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ընդդեմ Քոչարյանի: Միաժամանակ պրն Բազեյանն ընդգծեց, թե կուսակցությունն այդ իմաստով հավակնություններ չունի եւ կարող է նախագահի թեկնածու չառաջադրել՝ պաշտպանելով առաջադրվելիք միասնական թեկնածուին: Հանդիպման ընթացքում երկրում ընթացող զարգացումներին անդրադարձավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը: Վերջինս հայտարարեց՝ «Մեր երկրում այսօր հնարավոր չէ լինել նորմալ մարդ, չլինել հիվանդ եւ լինել դիմություն: Երկրում միանշանակ անվստահության, հավատի կորստի մթնոլորտ է, եւ սա վերաբերում է նախեւառաջ դատական համակարգին: Մի երկիր, որտեղ տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27», որտեղ գործով դատավարությունը շարունակվում է, որտեղ կասկածներն ու վարկածները բազմաթիվ են եւ չստուգված, տեղի է ունենում «Առագաստ» սրճարանի սպանությունը: Հասարակության աչքի առաջ 6-7 հոգով ծեծում, սպանում են մարդուն, հետո ներկայացնում, թե դա «անզգույշ սպանություն» է: Եվ այս ամենից հետո իշխանություններն ուզում են, որ «27»-ի դատավարությանը հավատաս: Եթե մեր երկրի դատական համակարգն այնպիսին է, որ բացեիբաց, հանրության աչքի առաջ կատարված սպանությունն է կոծկվում՝ ինչպե՞ս հավատալ մնացած դատավարություններին»,- նկատեց Ա.Սարգսյանը: Նա կարծիք հայտնեց, որ «27»-ի գործի դատավարության նկատմամբ վստահություն ներշնչելու համար գոնե իշխանությունները պետք է շահագրգիռ լինեին, որ «Պապլավոկի» դեպքում օրենքը գործեր ողջ խստությամբ, եւ գործը բացահայտվեր ամբողջությամբ. «Բայց արի ու տես, որ իշխանությունները թքած ունեն հասարակական կարծիքի վրա: Ուրեմն ի՞նչ արդարադատության մասին կարող է խոսք լինել»: Եվս մեկ անգամ հիշեցնելով նախագահ Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե Պ.Պողոսյանը կենդանի լիներ՝ ինքը նրան շատ բան կասեր, Ա.Սարգսյանը նկատեց. «Իսկ ես ի՞նչ գիտեմ՝ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին կամ Կարեն Դեմիրճյանին ասելու բան չունե՞ր: Կարծում եմ, որ ուներ, որովհետեւ նույն Շավարշ Քոչարյանին ինքն ասաց, որ եթե նա ԱԺ-ում 2/3 է հավաքելու, այդ դեպքում ինքն էլ ի՞նչ է անելու: Ակնհայտ էր, չէ՞, որ Վ.Սարգսյանն ու Կ.Դեմիրճյանը ԱԺ-ում 2/3-ը հավաքել էին: Այդ դեպքում էլ ինքն ի՞նչ էր անում: Ուրեմն ասելու բան ուներ ու թող «բարիդրացիության», «եղբայրության» մասին ելույթներով խաղեր չխաղա»,- նախագահ Քոչարյանին նկատի ունենալով՝ նետեց Ա.Սարգսյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել