Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՈ՛, ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ ԵՆՔ»

Փետրվար 28,2002 00:00

«ԱՅՈ՛, ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ ԵՆՔ» Ասում է Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, Սահմանադրության խորհրդարանական կառավարում նախատեսող նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը։ – Ձեր գնահատականով, ԱԺ-ում Սահմանադրության նախագծերի քննարկման անհաջող սկիզբը իրո՞ք պատկերավոր ապացույց դարձավ, որ խորհրդարանական կառավարումը Հայաստանում չի գործելու։ – Այդ նիստն իր անտրամաբանական եւ հակաօրինական մոտեցումներով իրոք ցույց տվեց, թե համակարգն ինչ լուրջ թերություններ ունի։ Բայց ճիշտ հակառակն ապացուցեց. չէ՞ որ այդ բոլորն իրականացնում եւ կազմակերպում էր այն մեծամասնությունը, որն, ըստ էության, առաջնորդվում է նախագահի թելադրանքով։ Այն, որ ժողովուրդն արդարացի հուսահատված է, չի սիրում խորհրդարանը՝ պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ խորհրդարանական մեծամասնությունը հանրապետության նախագահի որոշումների դակիչն է ընդամենը։ Այս տեսակետից, այդ նիստն իրականում ուղղակի ապացուցեց, թե ինչքան է հակացուցված նախագահական համակարգը Հայաստանին, քանի որ այդ կառավարման պայմաններում, որպես կանոն (եւ դա տեսել ենք տարիների ընթացքում), խորհրդարանական մեծամասնությունն իրականացնում է այն գիծը, որը հաճո է հանրապետության նախագահին։ – Այդ նիստին հետեւած այլ մեկնաբանություններից մեկն էլ այս էր, թե վեցյակը՝ տեսնելով, որ իրենց նախագիծն ակնհայտորեն տապալվելու է, գնում է առավելագույն աղմուկ հանելու եւ ձգձգումների ճանապարհով։ – Իրականում մենք չէինք երկարաձգողը, այլ նիստը նախագահողները։ Քանի որ, երբ ներկայացվեց հատուկ կարգը, ըստ կանոնակարգի՝ ընդամենը պիտի քվեարկվեր այն եւ սկսվեր քննարկումը։ Բայց քանի որ հրահանգը մերժելն էր, սկսվեց ձգձգումը։ – Սակայն եթե պայմանավորվածությունների համաձայն ավելի վաղ ներկայացնեիք այդ կարգը… – Ո՛չ մի պայմանավորվածություն չի եղել։ Ուրբաթ օրը նախագահության նիստում հանկարծ հայտնաբերելով, որ 7-րդ տեղում է Սահմանադրությունը, բնական հարց առաջացավ՝ հնարավո՞ր է, որ նախագիծն այս եռօրյայում քննարկվի։ Պատասխանեցին՝ թե այո։ Մենք ընդհանրապես տեղյակ չենք եղել։ Եթե այդպիսի նպատակ կար, առնվազն պետք էր գումարել հանձնաժողովի նիստ, եթե համարում են, որ այն գլխադասային է։ Այդպիսի բան չի արվել։ Տիգրան Թորոսյանն ընդամենն ասաց ինձ, որ առավոտյան մոտենամ՝ բանակցենք։ Ինչի՞ մասին։ Հանձնաժողովի նախագահ ես՝ նիստ հրավիրիր, թող որոշում կայացվի։ Ինչքա՞ն կարելի է տնավարի գործել։ Ի դեպ, մինչեւ հիմա էլ նիստ չի գումարվել։ – Սակայն եթե վիճարկում եք, թե Սահմանադրական հանձնաժողովը գլխադասային է այս քննարկումների համար, անելանելի վիճակ է ստեղծվում՝ որտե՞ղ պիտի նախապես համաձայնեցվի այդ հատուկ կարգը։ – Իրոք, անօրինական էր Արմեն Խաչատրյանի որոշումը ժամանակավոր հանձնաժողովը գլխադասային դարձնելու վերաբերյալ։ ԱԺ կանոնակարգով ժամանակավոր հանձնաժողովի խնդիրները սահմանում է միայն եւ միայն ԱԺ-ն, իսկ ԱԺ նախագահն ազատ է այս կամ այն հանձնաժողովը նշանակել գլխադասային, բայց դա վերաբերում է միայն եւ միայն մշտական հանձնաժողովներին։ Այո, գտնում ենք, որ փակուղու մեջ ենք։ Բայց լուծում կա։ Երբ հանձնաժողովը ներկայացնի իր եզրակացությունը, ԱԺ-ն պիտի կողմնորոշվի եւ ինքը տա այդ լիազորությունը, որոշի՝ այն գլխադասային է կամ ոչ։ Բայց ես տրամաբանական եմ համարում, որ միաժամանակ գլխադասային լինեն նաեւ բոլոր մշտական հանձնաժողովները։ – Սակայն Սահմանադրական հանձնաժողովը չի կարող եզրակացություն ներկայացնել, քանի դեռ չի ավարտել իր աշխատանքները։ – Բայց եթե արդեն եզրակացություններ են տվել նախագծերին՝ էլ ի՞նչ են անում։ Եթե գործում են որպես գլխադասային՝ դա ապօրինի է։ Ամեն դեպքում, ելքը միակն է. պետք է օրակարգի առանձին հարց դարձնել հանձնաժողովի եզրակացությունները նախագծերի վերաբերյալ։ ԱԺ-ն կարող է դուրս բերել մեզ այս փակուղուց։ – Ուրեմն, Սահմանադրական հանձնաժողովի այսօրվա նիստում այդ կարգը չե՞ք ներկայացնելու։ Իսկ Տիգրան Թորոսյանը հրապարակավ համաձայնություն էր հայտնել դրա շատ դրույթների, ասենք, առավելագույն հրապարակայնություն ապահովելու վերաբերյալ։ – Ինչո՞ւ չէ, կարելի է նաեւ հանձնաժողովում քննարկել։ Ավելի լավ, եթե իրենք չունեն առարկություն։ Եթե ունենան՝ հեղինակները կպնդեն իրենց հատուկ կարգը, հանձնաժողովն էլ կարող է առաջարկել որոշակի փոփոխություններ։ – Կանխորոշված էր, թե ինչպիսին են լինելու ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունները, նաեւ այն, թե ինչ պահվածք է ցուցաբերելու խորհրդարանական մեծամասնությունը։ Այս ամենը տեսնելով՝ 6-յակը ապարդյուն չի՞ համարում իր տարբերակն ԱԺ-ում հանգամանալից քննարկելու ջանքերը։ – Ո՛չ, ապարդյուն չէ։ Մի շարք հանգամանքների բերումով. բնական է՝ թույլ չենք տա, որպեսզի այսպիսի ծածկադմփոցով, առանց քննարկման եւ էությունը վերլուծելու փորձեն մերժել։ Բացառվո՛ւմ է։ Առ այսօր հասարակությունն, ըստ էության, տեղյակ չէ՝ ինչո՞վ են տարբերվում այդ նախագծերը։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան, եւ հասարակությունը տեղյակ լինի։ Մարդ առնվազն կարճատես պիտի լինի, որպեսզի ենթադրի, թե մի քվեարկությամբ մեր նախագիծն օրակարգից դուրս կգա եւ, ինչպես ենթադրում է Տիգրան Թորոսյանը, կհանձնվի արխիվ։ Մենք կարող ենք միշտ էլ նորից ներկայացնել այդ նախագիծը՝ որոշակի փոփոխություններով։ Այդ իրավունքից մեզ ոչ ոք չի զրկել։ Իսկ որ քաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է փոխվել՝ դա էլ է ակնհայտ։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել