ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՍԱՆՔ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ Մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանը Սոլթ Լեյք Սիթիից իր եզրափակիչ ռեպորտաժում տեղեկացնում է։ Հաշվի առնելով, որ տղամարդկանց 50 կմ դահուկավազքում նախավերջին տեղը զբաղեցրած գյումրեցի Արամ Հաջիյանը չեմպիոնին զիջել է 42.42,4 րոպե, կարելի է չդժգոհել նրանից, մանավանդ որ օլիմպիական խաղերը Արամի կյանքում առաջին լուրջ փորձությունն էին։ Արժե նշել, որ Հայաստանի մարզիկներից մինչ այդ 50 կմ-ում մրցել է Արամի մարզիչը՝ Սլավա Սարգսյանը (1982թ. ԽՍՀՄ ժողովուրդների 5-րդ սպարտակիադա)։ Սպասելիքներ կային փորձառու Արսեն Հարությունյանից։ Բոլորս ականատես եղանք նրա սահքին։ Մեկնարկի կետը ծովի մակերեւույթից բարձր էր 2488 մետր, եզրագիծը՝ 2274։ Մարզիկները պետք է անցնեին 57 դարպասներով։ Արսենը մեկնարկից զարգացրեց չափազանց մեծ արագություն։ Սահուն եւ համաչափ էին նրա շարժումներն ու անցումները։ Այդ կերպ կտրեց-անցավ մինչեւ 49-րդ դարպասը, ապա «շրջանցեց» 50-րդը եւ… դուրս մնաց պայքարից։ Ափսոս։ Մինչդեռ՝ այնքան քիչ էր մնացել ավարտին։ – Շատ էի ուզում «լավ քշել»,- զրույցի ժամանակ տխուր ասաց Արսենը։- Ինձ ճիշտ հասկացեք. վետերան եմ եւ ցանկանում էի լավ արդյունքով հրաժեշտ տալ գործուն սպորտին։ Նախօրյակին հսկա ոլորավայրէջքում հանդես եկած Վանեսա Ռաքեջյանին մեկնարկից անմիջապես հետո դավաճանեց… դահուկի ամրակը։ Մարզուհին արագորեն կապեց, շարունակեց վայրէջքը, բայց, միեւնույն է, ժամանակի առումով հայուհին զգալիորեն ետ մնաց առաջատարից։ Երկրորդ մրցահերթում Վանեսան ավելի քան արագ սահեց։ Բայց, միեւնույն է, մեր աղջիկն ընդհանուր հաշվարկով գրավեց 47-րդ տեղը։ Եվ այսպես, ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերի վարագույրը փակվեց։ Խաղերի մայրաքաղաքին արագորեն հրաժեշտ են տալիս հյուրերը եւ նրանց թվում լրագրողները։ Ընդհանրապես, Խաղերում հավատարմագրված էին 200 երկրների 10 հազար 500 լրագրողներ։ Նրանք օրնիբուն ելումուտ էին անում «Սոլթ փյալզ» (աղե պալատ) մամուլի կենտրոն, որը բաց էր 24 ժամ։ Այնտեղ միաժամանակ կարող էին աշխատել 600 լրագրող, որոնց տրամադրության տակ էին դրված 2500 հեռուստացույց, 1200 կոմպյուտեր, 3500 հեռախոս… Խաղերն ավարտվեցին, այժմ գալու է վերլուծությունների ժամանակը։ Մասնագետները կխորհեն, մարզիկները ծանրութեթեւ կանեն իրենց մրցելույթները, կվերլուծեն Խաղերում ստացած դասերը։ Մեր մարզիկների մրցելույթների մասին թարմ տպավորությունը հետեւյալն է. ամերիկահայ բոբսլեյիստներից դժգոհելու որեւէ հիմք չունենք։ Մարդիկ ինքնակամ նախապատրաստվել են եւ հայրենասիրության դրսեւորումով հանդես եկան մեր դրոշի ներքո։ 38 անձնակազմերի մրցավեճում մեր «մեքենան» ճանաչվեց 33-րդը։ Եվ եթե ինչ-ինչ պատճառներով կազմից դուրս չմնար գլխավոր հրողը՝ հսկայամարմին Արա Բերզջյանը, հնարավոր է, որ մեր երկյակի ցուցանիշը շատ ավելի բարձր լիներ։ Ռուսաստանցի գեղասահորդները «գովազդեցին» Հայաստանը, փոխարենը մեզնից ստացան օլիմպիադայում հանդես գալու պատիվ։ Ամեն դեպքում, նրանց գրաված ետին տեղերը չեն կարող ուրախացնել։ Ինչ վերաբերում է դահուկավազորդներին, ասենք, որ վաղօրոք գիտեինք նրանց գրավելիք ցածր տեղերի մասին։ Շիրակի մարզի Սեպասար գյուղի բնակիչ Մարգարիտ Նիկոլյանի համար օլիմպիական խաղերն ավելի շատ ուսուցողական նշանակություն ունեցան։ Մարգարիտն անձամբ շփվեց աշխարհի հզորների հետ, նրանցից շատ բան սովորեց եւ այժմ բավականին իմաստնացած՝ իր ծննդավայրում գիտելիքներն ու փորձը կհաղորդի սկսնակ դահուկորդներին։ Արամ Հաջիյանի մասին կարող ենք ասել, որ նա մարզական լավ ապագա կունենա, եթե նպատակային լինեն պարապմունքները։ Նա ապացուցեց, որ ունի մարզիկին անհրաժեշտ կամք, համառություն եւ մրցելով հինգ տարբեր տարածություններում (երկու ոճով), վերջնականապես որոշեց իր նախասիրած մրցատարածությունները՝ 15 կմ եւ 30 կմ։ Հաջիյանի հետ մարզիչները որոշակի հույսեր են կապում։ Ամեն դեպքում, ինքն է խոստովանում, որ պետք է բարելավի ընդհանուր ֆիզպատրաստվածության որակը։ Վերջում նշենք, որ փետրվարի 23-ի երեկոյան Սոլթ Լեյքի համայնքը հանդիպում կազմակերպեց մեր պատվիրակության հետ։ Դա հրաշալի մի երեկույթ էր տանտերերի եւ մեզ համար։ Մանրամասների մասին՝ հայրենիքում։