Դաշտենցի հրաշալի բանասացը Այսպես կանվանեի ես երիտասարդ գրականագետ Կարո Վարդանյանին, որի առաջին մենագրությունը՝ «Սասուն աշխարհի բանասացը», նվիրված է Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությանը։ Հիշում եմ, մանկությանս տարիներին, երբ ռադիոյով լսում էի իրենց ստեղծագործությունները կարդացող հայ գրողներին, ամենաշատը տպավորված էի Խ. Դաշտենցի՝ «Հարդը գնում է, ցորենն է մնում» բանաստեղծության կրկնվող այս տողերով։ Ես անձամբ չեմ ճանաչել Դաշտենցին, բայց կարդալով Կ. Վարդանյանի աշխատությունը, գտել եմ մի լավ բարեկամի ու խորհրդատուի, որի կյանքն ու գործը ներկայացված են անսխալ, գնահատականները տրված են սպառիչ, իսկ գրքի հեղինակը գրողի ժամանակակիցն է։ Վեց գլխից բաղկացած այս մենագրության մեջ հեղինակին հաջողվել է ամփոփ եւ սեղմ ներկայացնել Դաշտենցի կյանքը (սկսած տառապալից մանկությունից՝ մինչեւ մահը) եւ ստեղծագործական դժվարին ուղին (գլուխ 1-ին), ապա վերլուծել Դաշտենցի քնարերգության գլուխգործոց «Ֆայտոն Ալեքը» պոեմը, որը մի քաղցր վերհուշ է կառապան-ֆայտոնչիների սերնդի մասին (գլուխ 2-րդ)։ 3-րդ գլուխը նվիրված է Դաշտենց թարգմանչին, որը 25 տարի շարունակ թարգմանել է Շեքսպիրին (19 պիես)՝ հին ու նոր անգլերենի հրաշալի իմացությամբ եւ բանաստեղծական մեծ ձիրքով, հաճախ էլ այդ հաջողված թարգմանություններով քողարկել է իր սեփական պոեզիայի արժեքները։ 4-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է «Բայրոնը եւ հայերը» աշխատությանը, որը հայագետ Բայրոնի հանդեպ ունեցած Դաշտենցի հիացմունքի արձագանքն է։ 5-րդ գլխում վերլուծվում է Դաշտենցի անդրանիկ վեպը՝ «Խոդեդանը», որը Սասուն աշխարհի շքեղ բնության մի տեղեկատո, հանրագիտարան է։ Եվ, վերջապես, 6-րդ գլուխը նվիրված է հայոց նորագույն ժամանակների էպոսին՝ «Ռանչպարների կանչին», որը հայ առասպելածին սերնդի հիշատակարանն է։ Այդ սերունդն էր, որ ոտքի ելավ որոնելու նախնյաց ավանդը՝ Բրաբիոն ծաղիկը։ Գրքի նախաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Հայրյանի բնորոշմամբ, Վարդանյանի աշխատությունը աչքի է ընկնում ընտրած նյութի խոր ու բազմակողմանի իմացությամբ։ Հեղինակն օժտված է պատկերավոր մտածողությամբ եւ նրա խոսքի հոսքը նման է լեռնային աղբյուրի ջրի, որին նայելիս երեւում է հատակը։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ