Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ «ՍԵՂԱՆԻ ՏԱԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՏՐՈՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՈՏՔԵՐԸ»

Փետրվար 27,2002 00:00

ԻՍԿ «ՍԵՂԱՆԻ ՏԱԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՏՐՈՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՈՏՔԵՐԸ» Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Էլդար Զեյնալովի հետ կայացած այս զրույցում արծարծվում են ղարաբաղյան կարգավորման, Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի հետագա անդամակցության, Աֆղանստանում ԱՄՆ գործողությունների, մեր երկրների միջեւ ապագա փոխհարաբերությունների խնդիրները: – Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո փոխվե՞լ է արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: – Եվրոպայի խորհրդին անդամա կցելուց հետո եկավ փոքրիկ «ռեւանշի» որոշակի մի փուլ: «Ռեւանշ» այն ռեւերանսների համար, որ Ադրբեջանն անում էր ԵԽ-ին դուր գալու համար: Օրինակ, տեղի ունեցան մի քանի քաղաքական դատավարություններ, ասենք, Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների մի խմբի դատավարությունը, որոնց սոցիալական բողոքը գնահատվեց որպես ընդդիմության գործողություն: – Եթե նկատի առնենք Ադրբեջանի իրավապաշտպանների, այլ գործիչների հայտարարություններն ու ելույթները, ապա Ձեր երկրում կոռուպցիան եւ մարդու իրավունքների խախտումները հասնում են վտանգավոր չափերի: Ի՞նչ նպատակով, ըստ Ձեզ, Ադրբեջանը մտավ Եվրոպայի խորհուրդ` վարկանի՞շ, տարածաշրջանում հարեւաններից ետ չմնալու ձգտո՞ւմ, անկախության, անվտանգության ամրապնդո՞ւմ, թե՞: – Կոռուպցիան Ադրբեջանում արեւմտյանից տարբերվում է նրանով, որ եթե այնտեղ վճարում են անօրինական բաների համար, մեզ մոտ` եւ անօրինական, եւ օրենքով հասնող բաների համար: Պրակտիկորեն պետության գործունեության բոլոր ոլորտները տրամադրվել են պաշտոնյաների հայեցողությանը: Համարվում է, որ մնացածը նրանք «կհավաքեն» ինքնուրույն: Այսօր մենք ունենք բյուրոկրատների մի խավ, որը շահագրգռված է գողության համար պայմաններ ստեղծելու, ակտիվության արգելակման, իշխանությունների հետ սերտաճման մեջ: Ինչ ակնկալիքներ ուներ նման վերնախավը ԵԽ անդամագրվելի՞ս: Կարծում եմ, կային նոր ներդրումների ակնկալիքներ: Կոռուպցիայի մեր մակարդակի պայմաններում դա նշանակում է մասնավոր գրպանների հարստացում: Ազդեց նաեւ այն մտավախությունը, թե եթե միայն Հայաստանն ընդունվի ԵԽ, կխախտվի ղարաբաղյան խնդրում հավասարակշռությունը, ինչը կարող է դառնալ ընդդիմության կողմից իշխանությունը զավթելու առիթ: Չէ՞ որ անկախության առաջին երկու տարիների ընթացքում նախագահական աթոռի վրա եղել է 5 մարդ, չորս տարիների ընթացքում տեղի է ունեցել պետական հեղաշրջման 9 փորձ: – Ինչպե՞ս է զարգանում իրավիճակը ԵԽ-ի՝ Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին պահանջից հետո: Կարո՞ղ եք նշել նրանց մոտավոր քանակը (վերջին ընթացքում բերվում էին բավական տարբեր թվեր` 100-ից մինչեւ մի քանի հազարը): – Չգիտեմ որտեղից է ծագել մի քանի հազար թիվը: Մեր կազմակերպության կազմած ցուցակն ամենամեծն է եւ ընդգրկում է 670 քաղբանտարկյալ: Եվս 300-400 մարդ արդեն ազատության մեջ են՝ դատապարտվածության իրենց ժամկետն ավարտելու, համաներումների եւ ներումների արդյունքում: 30-ից ավելի քաղբանտարկյալներ մահացել են կամ սպանվել ազատազրկման վայրերում: Ընդդիմության եւ իրավապաշտպանների կազմած մյուս ցուցակներում գրանցված է 70-ից (սրանք ընդդիմադիր ազգայնական կազմակերպությունների անդամներ են) մինչեւ 213 մարդ, կախված քաղաքական հայացքներից եւ կազմողների ջանասիրությունից: Կալանավորների այս խմբի նկատմամբ հիմնական պարտավորությունը այն պարտավորություններն են, որոնք շարադրված են N222 երաշխավորագրի մեջ եւ մինչ օրս չեն վերացվել: Դրանք նախատեսում են կամ ազատում, կամ նոր դատավարություններ նրանց համար, որոնց քաղբանտարկյալ են համարում իրավապաշտպան կազմակերպությունները: Այսօրվա դրությամբ 2000թ. N222 որոշման իրականացման արդյունքում սկսվել է 3 բանտարկյալի գործերի վերանայումը, ազատ է արձակված եվս 200 մարդ: Սակայն դրանով էլ գործը կանգ առավ եւ ավելի քան 600 քաղբանտարկյալների ճակատագիրը առաջվա նման անորոշ է: Հավանաբար կիրագործվի «վրացական տարբերակը»` քաղբանտարկայլների 95%-ը ազատ կարձակվի եւ կլինեն նոր դատավարություններ մնացածների նկատմամբ: – Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան կարգավորման մեջ ձեւավորված իրավիճակը: – Արգելակված է: Խնդիրն այն է, որ համանախագահները շահագրգռված ֆիգուրներ են: Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ին հետաքրքրում է Ադրբեջանի նավթը, երկիրը տարածաշրջանային ռազմական առճակատման մեջ ներքաշելը: Եթե հաշվի առնենք միջնորդության աքսիոմը (նրանք պետք է լինեն անշահախնդիր), ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընտրությունը պետք է համարել անհաջող: Սա ավելի շուտ հավասարակշռությունը կամ հրադադարը վերահսկող մի խումբ է: Պատահական չէ, որ Մինսկի խումբն իր լավագույն արդյունքները արձանագրեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը դեռ չէր ավարտել Հայաստանի հետ իր ռազմական միության ձեւակերպումը, իսկ երկրորդ համանախագահը Շվեդիան էր, որը տարածաշրջանում չուներ ռազմական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահեր: Լճացման այս համատեքստում չափազանց տարօրինակ է թվում պաշտոնական բանակցողների՝ իրենց երկրների «երրորդ սեկտորից» անջատվածությունը: Վերջիններն արդեն բավական հաշտվել են միմյանց հետ եւ սկսել են զգուշավոր համագործակցությունը: Փոխանակ օգտվեն թարմ գաղափարներից, կառավարությունները վանում են հասարակական կազմակերպություններին, ճշգրտորեն որոշարկելով առաջնահերթությունները. սկզբում պաշտոնական բանակցությունների ավարտ, հետո, վերեւից եկող հրահանգով` «խաղաղություն, բարեկամություն» ժողովուրդների միջեւ: Անկասկած, կա իրավիճակն ուժային մեթոդով փոխելու վտանգը, հատկապես Աֆղանստանում Ամերիկայի ցույց տված օրինակից հետո: – Ի՞նչն է իրականում խանգարում ղարաբաղյան ռեալ կարգավորմանը. կողմերը ցանկություն չունեն զիջումներ անելո՞ւ, ժողովուրդները պատրա՞ստ չեն ընդունել զիջումները, ղեկավարները, քաղաքական վերնախավերն ընդունակ չե՞ն որեւէ որոշման, թե՞: – Ամեն ինչից՝ քիչ-քիչ: Քաղաքական ներկայիս վերնախավերը իշխանության են եկել ղարաբաղյան ալիքի վրա, բայց չկարողացան իրագործել իրենց ռազմավարական նպատակները. «միացումը»՝ մի կողմի համար, «ազատագրումը»՝ մյուսի: – Կարո՞ղ են արդյոք մեր երկրների ժողովուրդները «կշիռ» ունենալ կարգավորման մասին որոշումները կայացնելիս: – Ամենավերջին հերթին ես կխոսեի ժողովուրդների ցանկությունների մասին: Իսկ շա՞տ են արդյոք հարցրել նրանց կարծիքները կոնֆլիկտի սկզբին: Եվ ի՞նչ ստացան իրենց քաջագործությունների համար երկու կողմերի կամավորները: Հիմա էլ, շատերը, շատ շատերն ավելի մտածում են իրենց ընտանիքների գոյատեւման, քան թե Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի մասին: Եթե անգամ կռվեն, ապա ոչ թե աբստրակտ կարգավիճակի, այլ իրենց ընտանիքների բավական կոնկրետ պաշտպանության համար: – Արդարացվա՞ծ եք համարում Աֆղանստանում ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունը: Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանային համագործակցության կապումը ԱՄՆ հակաահաբեկչական քաղաքականության հետ: – Իրականում սա պարզապես ազդեցության ոլորտների նոր վերաբաշխում է, ընդ որում` վերջին կես դարի ընթացքում բոլոր այն ձեւավորված միջազգային ինստիտուտների արժեզրկմամբ, որոնք կոչված էին թույլ չտալու պատերազմներն ու ահաբեկչությունը: Ինչո՞ւ, օրինակ, ԱՄՆ-ն չփորձեց ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը: Մի՞թե գերտերությունների շարքերում կգտնվեր մեկը, որ բարձրաձայն կարդարացներ թալիբների գործողությունները: Ոչ ոք չէր արդարացնի, բայց ի հեճուկս ինքնագոհ քեռի Սեմի, որեւէ մեկը կդներ վետո: Չի՞ հիշեցնում սա Մինսկի խմբի գործունեությունը, երբ սեղանի տակ միջնորդները տրորում են միմյանց ոտքերը: Ամենեւին էլ պատահական չեն խոսակցությունները, թե բին Լադենը թաքնվում է Բաքվում, Ղարաբաղում, Չեչնիայում կամ Մերձդնեստրում: Բոլորն են ուզում, որ փախստական ահաբեկչի ետեւից ընկած քեռի Սեմն օգնի լուծել իրենց հինավուրց խնդիրները: Անգամ, կարծես, ինչ-որ աֆրիկյան երկրի իշխանություններն են հիմա ամերիկացիներին հրավիրում հարցեր լուծելու իրենց զինված «ահաբեկչական» ընդդիմության հետ: Խնդիրն այն է, որ քեռին այդքան էլ բարի չէ, եւ դրանից հետո ոչ մի տեղ չի գնա: Լեռնային Ղարաբաղի աներեւույթ անկախության համար պայքարում Հայաստանը դիմեց Ռուսաստանին, եւ այժմ հայտնաբերել է, որ վնասել է իր ինքնիշխանությանը: Այսպես էլ Ադրբեջանը, եթե ներգրավվի ամերիկացիների ռազմական խաղերի մեջ, երբեւէ այդ ամենեւին էլ ոչ իրավահավասար գործընկերության պարտավորություններով իր ոտքերն ու ձեռքերը կապկպված կհայտնաբերի: Ինչո՞վ է պակաս Հարավային Կովկասը Թուրքմենստանից, որ հայտարարել է հարատեւ չեզոքություն: Թե՞ պարտադիր է բարեկամություն անել որեւէ մեկի դեմ, այլ ոչ թե հանուն ինչ-որ բանի: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» կենտրոն Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am/hetq էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել