Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տիրոջ ծառա

Փետրվար 27,2002 00:00

Երկու տիրոջ ծառա Շաբաթ օրվա համարում անդրադարձել էինք «Կյանքի հմտություններ» առարկայի ճակատագրին։ Հանրապետության շուրջ 150 դպրոցներում փորձնական կարգով դասավանդվող առարկան ոմանց կարծիքով նպաստում է աշակերտների վարքի անկմանը, մյուսների կարծիքով հակառակը՝ կյանքում կողմնորոշվելու եւ ճիշտ վարվելակերպի հմտություններ է ուսուցանում։ Այս արձագանքը եւս այդ խնդրին է առնչվում, սակայն հարցի մեկ այլ կողմը ներկայացնելով։ «Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի եւ ԿԳ նախարարության հատուկ կրթության վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանի միջեւ անհամաձայնություն կա»,- կարծում է «Կյանքի հմտություններ» առարկայի աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ ծրագրի ղեկավարը սկզբում Ռ. Ստեփանյանն էր, իսկ ֆինանսական պատասխանատվությունը դրված էր Վ. Մարտիրոսյանի վրա։ Սակայն շատ հարցեր՝ «փաստաթղթային, հանձնարարությունների եւ պատասխանատվությունը կիսելու առումով, մնացել էին անորոշ, ինչը հաճախ երկու ղեկավարների միջեւ տարաձայնություններ էր ծնում»։ Ըստ Լ. Ալեքսանյանի՝ խառնաշփոթն այնքան մեծ էր, որ իրենց աշխատանքային խումբը «չէր իմանում՝ ում ենթարկվեր»։ Թեեւ ԿԳ նախարարի հրամանով ծրագիրն ուներ նաեւ ղեկավարների խորհուրդ՝ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի գլխավորությամբ։ Խորհրդի կազմում էր նաեւ փոխնախարար Արա Ավետիսյանը։ Աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը մեզ տեղեկացրեց, որ ծրագրի ղեկավարի պարտականությունները՝ ե՛ւ բովանդակային, ե՛ւ ֆինանսական առումով ներկայումս դրված են ԿԲԿ-ի տնօրեն Վ. Մարտիրոսյանի վրա, ինչի վերաբերյալ «կարծես հրաման չկա»։ Ըստ Լ. Ալեքսանյանի, շուրջ 2,5 տարի «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրն այժմ մնացել է անավարտ։ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը պարտաճանաչ կերպով կատարել է աշխատավարձերի եւ մնացած բոլոր վճարումները, հատկացրել անհրաժեշտ պարագաներ ու ձեռնարկներ, տարբեր փուլերով վերապատրաստել շուրջ 270 ուսուցիչ՝ պայմանով, որ նախարարությունը եւս հետագայում իր միջոցներով նպաստի հիշյալ ծրագրի ընդլայնմանը։ Սակայն, ըստ Լ. Ալեքսանյանի, ԿԳ նախարարությունը ձեռնպահ է մնում ծրագիրն ավարտին հասցնելուց։ Ինչի արդյունքում՝ ֆինանսների բացակայության պատճառով իրենց 8 հոգանոց խումբը կրճատվել-կիսվել է։ Եվ միայն «էնտուզիազմն է ստիպում մնացած 4 հոգուն տներից կտրվել եւ երբեմն-երբեմն գալ աշխատավայր»։ Լուսինե Ալեքսանյանը նաեւ համոզված է, որ փոքր ցանկության դեպքում ԿԳ նախարարությունը կարող է արդեն սկսած գործը ավարտին հասցնել։ Իսկ իրենց աշխատանքային խումբն այնքա՜ն է սիրում ծրագիրը, որ պատրաստ է բյուջետային հիմնարկների չնչին աշխատավարձերի չափով վճարվելու դեպքում անգամ ջերմեռանդորեն աշխատել։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել