Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի

Փետրվար 27,2002 00:00

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի Ռուսական «Կովկաս», վրացական «Բաթումի» եւ «Փոթի» երկաթգծալաստանավային ճանապարհի շահագործման խնդրում իրենց լուման ներդնելու պատրաստակամություն են հայտնում Ռուսաստանի եւ Հայաստանի ապրանք արտադրողների միությունները։ Ռուսական կողմի լուման լինելու է հարցի լոբբինգը, հայկականինը՝ միության անդամ գործարարների միջոցով հնարավորինս ապահովել ճանապարհը շահավետ դարձնելու համար պահանջվող 1 մլն տոննա բեռնափոխադրումը։ Ի դեպ, Հայաստանի ապրանք արտադրողների միության (ՀԱԱՄ) նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, միայն 500 տոննան հնարավոր է ապահովել նավթամթերքի եւ հացամթերքի ներկրումից։ Ըստ պրն Սաֆարյանի տեղեկությունների, Հայաստանի նավթամթերքի եւ հացամթերքի խոշորագույն ներկրողները դեմ չեն այդ տարբերակին։ Նշենք միայն, որ այդ ճանապարհով բեռներ փոխադրելը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Այս խնդիրը լուծելու համար հայկական կողմին անհրաժեշտ է երկու լաստանավ գնել, ինչը կբացառի կրկնակի բեռնաթափումն ու բեռնումը՝ խնայելով դրանց համար վճարվելիք վերը նշված լրացուցիչ ֆինանսական միջոցները։ Ինչ վերաբերում է ստեղծված քաղաքական իրավիճակում խնդրի լուծման հավանականություններին, ՀԱԱՄ նախագահի կարծիքով, Վրաստանը պետք է գիտակցի, որ 1 մլն վրացիներ գտնվում են Ռուսաստանում եւ 200 մլն դոլար տարեկան անհատական տրանսվերտներ են Ռուսաստանից գալիս Վրաստան։ Ի դեպ, դա ավելին է, քան տարբեր միջազգային հիմնադրամներից Վրաստանի ստանալիք տարեկան գումարները։ Եվ ապա՝ ըստ Վ. Սաֆարյանի, ամերիկյան տնտեսական մոդելով երկիրը վերաձեւավորելու համար տարիներ են անհրաժեշտ, մինչդեռ Վրաստանի տնտեսությունը տեխնոլոգիական առումով կապված է Ռուսաստանի հետ։ Անկախ այս հարաբերությունների հետագա զարգացումից, ՀԱԱՄ նախագահի համոզմամբ, Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական դիրքում է, որ նա պետք է ունենա իր անկախ կոմունիկացիոն ճանապարհները։ «Դա Ռուսաստան-Հայաստան-Իրան համագործակցությունն է։ Դրան կմիանան նաեւ Չինաստանն ու Հնդկաստանը։ Ըստ վերջին քաղաքական զարգացումների՝ Չինաստան- Հնդկաստան-Իրան-Ռուսաստան նոր մոտեցում է ձեւավորվում, որը դիմակայում է ամերիկյան կողմին։ Սա ընդգծվեց նաեւ սպորտի լեզվով՝ օլիմպիական խաղերի ժամանակ»։ Մեղրիում՝ Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի համար գերռազմավարական նշանակություն ունեցող վայրում, ըստ Վ. Սաֆարյանի, հնարավոր է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնք բարձրացնելով Մեղրիի տնտեսական կարգավիճակը՝ նոր լծակ կդառնան աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում։ ՀԱԱՄ նախագահը չբացառեց առաջիկայում Մեղրիում իրանական նավթի մշակման գործարանի հիմնումը, որը կբավարարի տարածաշրջանի նավթի պահանջը. «Սա լուրջ ծրագիր է, որը կարող է հիմք հանդիսանալ հետագայում Մեղրի-Երեւան երկաթուղու ստեղծման համար։ Այստեղ կարեւոր դեր ունի նաեւ Իրան-Հայաստան գազատարը»։ Հայաստանի տնտեսական անկախություն ապահովելու այս մոդելը ՀԱԱՄ նախագահն ավելի արդյունավետ է համարում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել