Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ

Փետրվար 27,2002 00:00

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ Վերջերս իշխանավորները ղարաբաղյան փոխզիջման վերաբերյալ իրենց մտքերը զուգակցում են «հայրենասիրական» կարգախոսներով: Օրերս նույնն արեց Սերժ Սարգսյանը («Ազգ», 21 փետրվարի): Իր հարցազրույցում նա հայտարարում է, որ խաղաղության գինը երբեք չի կարող լինել Ղարաբաղի անկախությունը, եւ անմիջապես էլ ավելացնում, որ «այդ գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը»: Մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում այս առիթով եւ Արցախյան ազատամարտի երախտավոր մեր բոլոր, նաեւ նահատակ, ընկերների անունից վճռականությամբ լի հայտարարում. – Արցախի եւ ողջ Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը ներկա սահմաններն են եւ ազատագրված բոլոր հողերի համակողմանի յուրացումը: Անվտանգության միջազգային երաշխիքներ գոյություն չունեն: Ներկա սահմանների ցանկացած փոփոխություն անխուսափելիորեն հանգեցնելու է նոր պատերազմի: Այդ մասին գիտեն հայտարարություններ անող բարձր պաշտոնյաները: – Ոչ պաշտպանության նախարարը եւ ոչ էլ այլ պաշտոնյա, Երեւանում կամ Ստեփանակերտում, հողերով սակարկելու իրավունք չունեն: Մեր ընկերների արյամբ ազատագրված եւ առանց բացառության հայրենիքի անբաժան մասը հանդիսացող «որոշ տարածք» հանձնելը, դրա մասին մտածելն անգամ, դավաճանություն է, որը վտանգում է հայ ժողովրդի գոյությունը տարածաշրջանում: Այդ մասին բարձր պաշտոնյաները արդեն ազդարարված են: – Այո, Ղարաբաղն այլեւս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, սակայն դա այսօրվա «հանձնող» դիվանագիտության հաղթանակը չէ, այլ ազատագրական պատերազմի արդյունք, որը մենք պատրաստ ենք պաշտպանելու ցանկացած գնով: Ադրբեջանի կողմից Արցախը հայկական տարածք ճանաչելը զիջում չէ, «պայմանագիր» կոչված թղթի կտորն էլ խաղաղություն չէ, տարածքների ցանկացած զիջում նոր պատերազմ է: Այս մասին պետք է իմանանք ազգովի, եթե չենք ուզում, որ եւս մեկ սերունդ անիմաստ պատերազմի զոհ դառնա: Արցախյան պատերազմի մասնակից հրամանատարներ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԲԵԿԹԱՇՅԱՆ, ՈՍԿԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, ԿՈՐՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ, ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել