Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Փետրվար 27,2002 00:00

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Չնայած այն բանին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ դրա շուրջ ընթացող ակտիվ բանակցություններ չեն ընթանում, այդուհանդերձ, կարգավորման հնարավոր տարբերակների շուրջ քննարկումները ժամանակ առ ժամանակ հրապարակային բնույթ են ստանում: Այսպես, կարգավորմանն իրար հաջորդելով անդրադարձան մասնավորապես Հայաստանի նախագահը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները՝ պնդելով, թե այն չի լինելու Հայաստանի տարածքների հաշվին, Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում: Ի լրումն այդ ամենի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայկական ուժերի կողմից գրավված տարածքները կարող են վերադարձվել իբրեւ փոխզիջում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում: Իհարկե, հարկ է նշել, որ հակամարտությանը կրկին անդրադառնալու հիմնական պատճառներից մեկն էլ, թերեւս, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի վատթարացող առողջությունն է եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները: Դա վերջերս փաստել են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները, ակնարկելով, թե ընդդիմությունն ու իշխանությունները պատրաստվում են իշխանափոխության: Թե կա՞ն, արդյոք, նման զարգացումներ խոստացող ավելի հիմնավոր փաստեր, քան միայն Ալիեւի առողջությունն է՝ առայժմ դժվար է ասել: Բայց երեկ արդեն ԼՂՀ իշխանություններն են անհանգստություն հայտնել Ալիեւի առողջական վիճակի հետ կապված՝ ենթադրելով, թե դա կարող է Ղարաբաղի շուրջ պատերազմական գործողությունների վերսկսման պատճառ դառնալ: Մենք փորձեցինք Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Մուսաֆաթի» գործիչներից ճշտել, թե որքանո՞վ է իրականում մտահոգիչ Ալիեւի առողջական վիճակը, եւ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, թե Ադրբեջանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանատանը դիվանագետների հետ հանդիպումներ են ունեցել ու քննարկել իշխանափոխության հարցը: Մինչ այդ, սակայն, հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահի հերթական ընտրությունները սպասվում են միայն 2003-ի աշնանը: «Մուսաֆաթ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիզադեի հետ մեր զրույցի ժամանակ վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց ամերիկյան դիվանագետների հետ իշխանափոխության շուրջ եղած բանակցությունների փաստը: Նա միայն ասաց, թե ավելին, քան գիտենք, հանդիպման մասնակիցներից ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ դրա մանրամասները չհրապարակելու մասին համաձայնություն է ձեռք բերվել: Հ.Հաջիզադեն ճշտեց միայն, թե այդ հանդիպումը եղել է ոչ թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյայի, այլ այդ երկրից ժամանած կոնկրետ կազմակերպության աշխատակազմի ղեկավարի հետ: Որպես այդպիսին, ըստ պրն Հաջիզադեի, Ադրբեջանի ներքաղաքական կյանքում որեւէ առանձնակի ակտիվություն չկա. «Գուցե դա տեղի է ունենում ներքաղաքական կյանքի ետնաբեմում՝ կապված Հեյդար Ալիեւի առողջության վատթարացման հետ: Բայց դա միշտ է եղել եւ նորություն չէ»: Ինչ վերաբերում է Հ.Ալիեւի առողջական վիճակին, ապա, «Մուսաֆաթի» ներկայացուցչի հավաստիացմամբ, նախագահի վիճակն այնքան ծանր չէ, ինչպես ներկայացվում է, եւ նա շուտով վերադառնալու է Բաքու: Ասել է թե, դա, թերեւս, մի կողմից կարող է փարատել ԼՂ իշխանությունների հայտնած մտահոգությունը, մյուս կողմից՝ առաջացնել ՀՀ իշխանությունների ափսոսանքը, եթե, իհարկե, վերջիններս շարունակում են խնդրի կարգավորման հետաձգման հույսեր փայփայել հատկապես Ալիեւի անգործունեության կամ մահվան հետ կապված: Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ ԼՂՀ կարգավիճակին եւ գրավյալ տարածքներին վերաբերող հայտարարություններին, Հ.Հաջիզադեն արձագանքեց. «Նման տարբերակն անընդունելի է: Տարածքները պետք է վերադարձվեն առանց նախապայմանների»: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա, ըստ Հ.Հաջիզադեի, ԼՂ-ն որեւէ այլ կարգավիճակի չի կարող հավակնել, քան Ադրբեջանի կազմում լինելով որոշակի ինքնավարություն ստանալն է: Ադրբեջանցի գործիչը հավաստիացրեց, թե այդ հարցում ե՛ւ այդ երկրի քաղաքական ուժերը, ե՛ւ իշխանությունները միակամ են: Ասել է թե, հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումներն այդ իմաստով շարունակում են մնալ իրարամերժ: Այդ դեպքում արդյո՞ք բանակցությունները դատապարտված չեն այսուհետ եւս փակուղում հայտնվել: «Կարծում եմ, այդ դեպքում բանակցություններն, այո, փակուղի կմտնեն: Պետք է լինեն խնդրի լուծման փոխզիջումային տարբերակներ եւ առաջարկներ, որոնք լավ պայմաններ կապահովեն կողմերի համար»,- կարծիք հայտնեց Հ.Հաջիզադեն: Արդյո՞ք իբրեւ այդպիսիք կարող են համարվել Փարիզյան սկզբունքները, որոնց մասին դարձյալ ակնարկվում է Հայաստանում: «Բանն այն է, որ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ ասել է՝ «Փարիզյան սկզբունք»: Այդ մասին խոսում է հայկական կողմն ու ասում, որ նման սկզբունք կա, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները հերքում են դրա գոյությունը: Կարճ ասած՝ բանն այն է, որ պետք է հարցն արագ լուծել եւ, ի վերջո, նորմալ համագործակցություններ հաստատել, շահագործել երկաթուղին, բացել հաղորդակցության ճանապարհները: Իսկ եթե ամեն ինչ մնա ինչպես որ կա, կամ եթե Ադրբեջանին ինչ-որ կերպ ստիպեն կորցնել իր տարածքները՝ ոչ մի համաձայնության մասին խոսք լինել չի կարող: Մեր ժողովուրդների միջեւ փոխադարձ վիրավորանքի վիհը կմնա, եւ Հայաստանը դարձյալ սովից կմեռնի ինչ-որ անհասկանալի Ղարաբաղի համար»,- ասաց պրն Հաջիզադեն, թերեւս, մոռանալով, որ ԼՂ հիմնախնդրի չկարգավորված մնալը նաեւ որոշակիորեն խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի տնտեսական զարգացմանը, իսկ Ղարաբաղը, գոնե հայկական կողմի համար, այնքան էլ «անհասկանալի» բան չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել