ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ – Պրն Իշխանյան, «Առագաստ» սրճարանում ՀՀ նախագահի թիկնապահների կողմից կատարած սպանությունը Ձեր որակմամբ ամենասահմռկեցուցիչն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Ո՞րն է դատավճռի վերաբերյալ Ձեր գնահատականը: – Եթե անդրադառնանք բուն դատավճռին, ապա ամեն ինչ արդեն պարզ էր առաջադրված մեղադրանքից եւ նախաքննության ընթացքից: Այլ բան, որ դատավարության ընթացքում հնարավոր էր պարզել նոր հանգամանքներ: Ասենք, հրավիրել վկաներ, ինչը դատարանը մերժում էր, համենայնդեպս, դատավարության վերջին օրը: Անաչառ դատարանը պարտավոր էր գործը վերադարձնել նոր քննության, քանի որ օբյեկտիվ քննություն չի կատարվել: Ի վերջո, կատարվել է սպանություն բազմաթիվ վկաների ներկայությամբ: Այդ ինչպես է, որ Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչը գալով Երեւան, 3 օրվա ընթացքում գտնում եւ ցուցմունքներ է ստանում վկաներից, իսկ Հայաստանի դատախազությունը թարմ հետքերով չի կարողանում հայտնաբերել այդ նույն վկաներին: Ես դեռ չեմ անդրադառնում այն խնդրին, որ սպանության փաստով ձերբակալվածներ չկային: Եթե ընդունենք, որ այդ մեղադրանքի շրջանակում կարելի է ազատության մեջ գտնվել, ապա կարելի է թվարկել բազմաթիվ այլ գործեր, երբ ոչ թե սպանության, այլ տնտեսական մեղադրանքի կասկածներով մարդիկ ամիսներով, տարիներով պահվում են մեկուսարաններում: Այս գործի քննությունը ցույց տվեց Հայաստանի պետության սնանկությունը: Մի երկիր, որտեղ դատական իշխանություն գոյություն չունի՝ այդ երկիրն ընդհանրապես ի վիճակի չէ զարգանալու: Դատական իշխանությունը պետության կմախքն է: Եթե մինչ այս դեպքը ժողովուրդը դատարաններին չէր վստահում, ապա այսուհետեւ ընդհանրապես վստահության որեւէ նշույլ չի կարող լինել: Սա շատ ցայտուն օրինակ է: Ուղղակի կարելի է դատական իշխանությունը վերացնել Հայաստանում եւ գործադիր իշխանությունը որոշի, թե ով ինչ պատիժ է կրելու, ինչպես եղել է միջնադարում կամ դրանից առաջ: Այս դատավարությամբ իշխանությունների կողմից հիմք դրվեց Լինչի դատաստանի օրինականացմանը: – Դատավճռի հրապարակումից հետո իրենց խոսքն ասացին մեր պետական գործիչները: Հատուկենտ հնչած պարսավանքներն ուղղված էին ոչ թե քննչական մարմիններին կամ դատական իշխանությանը, այլ` հասարակությանը: – Տվյալ դեպքում ես մի բան կասեմ. հասարակության հիմնական բաղադրիչ մասը քաղաքական կուսակցություններն են, հատկապես՝ քաղաքական կուսակցությունների վերնախավը, որոնք պատգամավորներն են: Եվ, երբ նրանք են հայեցողական կեցվածք ընդունում` պաշտպանելով դատարանին, ապա առաջին հերթին թող իրենց աչքի գերանը տեսնեն, հետո նոր հասարակությանը մեղադրեն: Եվ, եթե հասարակությունն այս վիճակում է, առաջին հերթին պատասխանատու են հենց այդ գործիչները: Դատավարության ավարտից հետո պարզվեց, որ Հայաստանում այսօր իշխանամետությունը հակապետականամետություն է: Եթե մի սիրային պատմության համար աշխարհի ամենահզոր պաշտոնյայի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսվեց, այս դեպքում մեր իշխանամետները դրսեւորեցին տիպիկ հակապետական կեցվածք: Իրական պետական կեցվածքն այն է, երբ պայքարում ես, որպեսզի քո երկրի քաղաքացիները պաշտպանված լինեն օրենքով: – Դատավճռի հրապարակմանն անմիջապես հետեւեց ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, որն, ըստ էության, պաշտպանում էր իր կողմից առաջ քաշված մեղադրանքը: – Որեւէ մեկը չի վիճարկում, թե անզգույշ սպանության մեղադրանքով ինչ դատավճիռ էր կայացվելու: Եթե իսկապես մենք ընդունում ենք, որ դեպքը անզգույշ սպանություն էր, ապա, թերեւս, այդ մեկ տարի պայմանականն էլ կարելի էր չտալ ամբաստանյալին: Հարցը բոլորովին այլ է. մենք ոչ թե ասում ենք, որ այդ մեղադրանքով մեղմ դատավճիռ է կայացվել, այլ որ առաջադրված մեղադրանքը չէր համապատասխանում հանցագործության բնույթին: Խմբակային ծեծի հետեւանքով մարդ է սպանվել եւ սա բոլորովին չի համապատասխանում անզգույշ սպանության հոդվածին: Հարցն այն է, որ դատախազությունը առաջադրել է այնպիսի մեղադրանք, որը ձեռնտու է եղել գործադիր իշխանությանը: – Որոշ լրատվամիջոցներ փորձեցին քաղաքականացնել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ունեցած դերը Մեծ Բրիտանիայի քաղաքացու գրավոր վկայության առնչությամբ: – Այն, որ տարբեր համամարդկային գաղափարներ, տարբեր երկրներ եւ նույնիսկ տարբեր կազմակերպություններ օգտագործում են հանուն իրենց շահերի եւ կրկնակի ստանդարտներով, դա որեւէ մեկը չի վիճարկում, բայց գոյություն ունեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք իրենց հիմնադրման օրվանից առաջնորդվում են միայն բարոյական սկզբունքներով եւ որեւէ մեկը չի կարող վիճարկել նրանց իսկապես իրենց գաղափարներին նվիրված լինելը: Դրանցից մեկը Human Rights Watch-ն է եւ մի քանի այլ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց նպատակը ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ նրանք երբեք քաղաքական խնդիրներ չեն լուծում: Սա նաեւ այն կազմակերպությունն է, որի եզրակացությունները Եվրոպական խորհուրդը հիմք է ընդունում: Հարցազրույցը՝ ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ