Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Փետրվար 26,2002 00:00

ԳԼԽԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ Սոլթ Լեյքում Հայաստանի մարզիկների մրցելույթներն ավարտեցին դահուկորդները։ Վանեսա Ռաքեջյանը հատուկ ոլորավայրէջքում բավականին հաջող հանդես գալուց հետո, ուժերը փորձեց նաեւ հսկա ոլորավայրէջքում։ Այստեղ նրանից առանձնակի սպասելիքներ չկային եւ, ինչպես մրցավայրից հաղորդել էր Յուրի Ալեքսանյանը, լեռնադահուկորդուհին այս ձեւում ընդամենն իր վարկը բարձրացնելու նպատակ էր դրել, մանավանդ որ հսկա ոլորավայրէջքն «իր ձեւը չէ»։ Այդուհանդերձ, Վանեսան լիովին արդարացրեց իրեն՝ դառնալով մեր պատվիրակությունից ամենից ավելի հաջող հանդես եկող օլիմպիականը։ Մեկնարկի ելնելու հայտավորված 69 մարզուհիներից առաջին իսկ փորձահերթում 12 հոգի չկարողացավ հասնել եզրագիծ։ Վանեսան 1.42.66 ժամանակով 56-րդն էր։ Երկրորդ փորձից հետո, երբ արդյունքներն ամփոփվեցին, մարսելցի մեր հայրենակցուհին զգալիորեն բարելավել էր դիրքերը եւ ասպարեզում մնացած 57 մասնակիցների պայքարում գրավել 47-րդ տեղը։ Դեռ Սոլթ Լեյք մեկնելուց առաջ մասնագետներն ասում էին, թե որոշ հույսեր են կապում ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանի հետ, որը լավ մարզավիճակում է։ Ճիշտ է, նա չէր կարող պայքարել բարձր տեղերի, առավել եւս մեդալների համար, սակայն մարզիչները վստահ էին, որ վետերան մարզիկը կբարելավի նախորդ երկու օլիմպիադաներում ցույց տված իր արդյունքները։ Սակայն մարզումներից մեկում Արսենը վնասել էր ծունկը։ Թերեւս դա էր պատճառը, որ ոլորավայրէջքի որակավորման փուլում նա ի վիճակի չեղավ մրցուղին անցնել մինչեւ վերջ ու դուրս մնաց հետագա պայքարից։ Դեռ օրեր առաջ դահուկավազորդ Արամ Հաջյանը, երկու մրցատարածություններում վերջին տեղեր զբաղեցնելուց հետո, ցանկություն էր հայտնել մասնակցել նաեւ 50 կմ դահուկավազքին ու ավելի բարձր տեղեր գրավել։ Սակայն նրա այդ երազանքն այդպես էլ մնաց չիրագործված։ Հայտավորված 64 հոգուց երեքը չմեկնարկեցին, երկուսը կեսից դադարեցրին պայքարը։ Արամը 2։48.48,1 ժամանակով զբաղեցրեց 58-րդ տեղը՝ շրջանցելով միայն բրազիլացի Ալեքսանդեր Պեննային։ Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույները Սոլթ Լեյք Սիթիում անցկացված ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերում՝ մեկ անգամ եւս հաստատելով օլիմպիական «Գլխավորը ոչ թե հաղթելը, այլ մասնակցելն է» նշանաբանը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել