Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնանման դատավարությունը սահմանադրական

Փետրվար 26,2002 00:00

Նույնանման դատավարությունը սահմանադրական պահանջ է Շատ նորմեր, ինչպես քրեական դատավարության, այնպես էլ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված են բառացիորեն նույն բովանդակությամբ, այն է՝ վճռաբեկ բողոք բերելու հիմք է՝ դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը։ Նույնն են նաեւ գործի քննության սահմանների վերաբերյալ նորմերը եւ այլն։ Սակայն որոշ դատավարական նորմեր տրամագծորեն հակառակն են, թեպետ պետք է նույնը լիներ։ Այսպես, եթե քրեական գործերով նախատեսված է դատական վիճաբանությունների փուլ, ապա քաղաքացիական դատավարությամբ, որքան էլ տարօրինակ է, դատական վիճաբանությունների փուլ նախատեսված չէ։ Քրդատօրի 354 հոդվածի համաձայն, դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի արտասանած ճառերից։ Նրանք, ճառերից հետո, իրավունք ունեն եւս մեկական անգամ ելույթ ունենալ ռեպլիկի կարգով։ Սակայն, որքան էլ զարմանալի ու տարօրինակ է, քաղաքացիական գործերով նախատեսված չէ դատական վիճաբանություններ։ Մինչդեռ դատավարությունն առանց դատական վիճաբանությունների հիշեցնում է տխրահռչակ «տրոյկայի դատավարություն» կոչվածը։ Ստացվում է, որ քաղաքացիական հայցվորը, պատասխանողը, նրանց ներկայացուցիչները, քրեական գործով դատական վիճաբանության, ռեպլիկի իրավունք ունեն, իսկ քաղաքացիական գործերով այդպիսի իրավասություն չունեն։ Մինչդեռ առանց դատական վիճաբանությունների՝ հայցվորի, պատասխանողի կամ նրանց ներկայացուցչի մասնակցությունը դատաքննությանը դառնում է գրեթե ձեւական, վերածվում է իմիտացիայի։ Այնինչ, դատական վիճաբանությունները օրինական ու հիմնավոր վճիռ կայացնելու երաշխիք են։ Քաղաքացիական գործերով դատական վիճաբանություններ նախատեսված է աշխարհի բոլոր երկրների քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, այդ թվում նաեւ Ռուսաստանի, Վրաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների։ Միայն վճռաբեկ դատարանի պալատների համար դատական վիճաբանությունների փուլ չպետք է լինի, ինչպես այն նախատեսված չէ նաեւ վճռաբեկ դատարանի քրեական գործերի պալատի համար։ Եվս մի հանգամանքի մասին։ Դատական վիճաբանությունները արդյունավետ միջոց են դատարանի դահլիճում գտնվող քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման համար, որը նպաստում է նաեւ իրավական պետության կայացմանը։ Քաղաքացիական գործերով կողմերին դատական վիճաբանությունների իրավունքից զրկելը հանգեցնում է մարդու իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ոտնահարմանը։ Ուստի անհրաժեշտ է քաղաքացիական դատավարությամբ նույնպես նախատեսել դատական վիճաբանությունների փուլ, ինչպես այն նախատեսված է քրեական դատավարությամբ։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել