Անփող գործուղումներ Պարզվում է, որ Հայաստանի բոլոր մշակութային կոլեկտիվները հիմնականում ինքնուրույն են իրենց գլխների «ճարը տեսնում»։ Նրանք սեփական նախաձեռնությամբ են լուծում գործուղումների հարցերը, որոնք ձեւակերպված չեն մշակույթի նախարարության միջոցով։ Իսկ նախարարությունը, եթե կա համապատասխան փաստաթղթային ձեւակերպում, մեծագույն բարյացակամության դեպքում առնվազն վճարում է նրանց ճանապարհածախսը կամ ընդհակառակը։ Այդ մասին մեզ տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Արտերկրի հետ կապերի վարչության պետ Սուսաննա Խաչատրյանը։ Ըստ նրա՝ «2001թ. որեւէ հյուրախաղի ծախս մշակույթի նախարարությունը չի հոգացել, միայն միջոցներ է տրամադրել գործուղումների 10%-ի համար»։ Լավ է, գոնե կարողացել է վճարել նախագահի Իրան կատարած այցի ճանապարհածախսը, ինչպես նաեւ նրա այցի կապակցությամբ Իրան գործուղված 17 հոգիանոց համերգային խմբի ծախսերը։ Ըստ Ս. Խաչատրյանի՝ «Երկու-երեք անգամ էլ եղել են այցեր Եվրախորհուրդ, 2 անգամ նախարար Շառոյանն է մեկնել, մեկ անգամ Ալիս Ադամյանը ցուցահանդեսի բացման է մասնակցել։ Մշակույթի նախարարության միջոցների հաշվին Նիդեռլանդներում Պատմության թանգարանի ու Մատենադարանի ցուցահանդեսի բացմանն է մասնակցել մշակույթի նախարարը՝ Պատմության թանգարանի երկու աշխատակիցների հետ (վերջիններիս ծախսերը, սակայն, հոգացել է ընդունող կողմը)»։ Վարչության պետը համոզված է, որ մյուս գերատեսչությունների համեմատությամբ՝ ամենաքիչը մշակույթի նախարարության աշխատակիցներն են պաշտոնական այցերով այլ երկրներ մեկնում։ Ու չնայած գործուղումային ժուժկալությանը՝ միջոցներն այստեղ, այնուամենայնիվ, «քչություն են անում»։ Դրա համար էլ, օրինակ, Պարի պետական անսամբլը երկար ժամանակ չէր կարողանում Չինաստան մեկնել, մինչեւ չինական կողմն իր վրա չվերցրեց նրա բոլոր ծախսերը։ Շատ-շատերի թվում գումարներ չտրվեցին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլին, Հ. Չեքիջյանի երգչախմբին, Ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ այլն։ Իսկ գործուղումների թիվը, ըստ Ս. Խաչատրյանի, շատ չէ։ Այն ամեն տարի գրեթե նույնն է մնում՝ 950-1100 (չհաշված սպորտը)՝ կապված նախարարության սուղ հնարավորությունների հետ։ «Առաջարկները շատ են, սակայն դրանցում տեղավորվել չենք կարող։ Դրա համար էլ մենք հյուրախաղերի գումար ոչ մեկի չենք տրամադրել։ Ստորագրված փաստաթղթերի հիմքում ընկած պայմանն էլ դա է եղել։ Ընդունող կողմն իր վրա է վերցրել տեղի ծախսերը, իսկ ուղարկող կողմը՝ նախարարությունը, ճանապարհածախսը»,- մեզ տեղեկացրեց Ս. Խաչատրյանը։ Նա նաեւ նկատեց, որ «մշակույթի նախարարությունը լրիվ ֆինանսավորում է միայն սպորտի ծախսերը»։ 2002-ին Ռուսաստանի հետ կա թատերախմբերի փոխանակման համաձայնություն, իսկ թե ո՞ր թատերախմբին բախտը կժպտա, կերեւա առաջիկայում։ Կարեւորը, որ «30 մարդու ֆինանսավորման հարց է դրված»։ Հունաստանի հետ եւս կա 10-15 մարդու փոխանակման ծրագիր։ Նախատեսված է Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել Իրանում եւ Գերմանիայում։ Մշակութային ծրագրեր կան Եգիպտոսի ու Չինաստանի հետ։ Իսկ մշակույթի նախարարությունը գոհ է չնչին միջոցներով իր մե՜ծ ձեռքբերումներից։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ