Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

Փետրվար 26,2002 00:00

ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «Հայաստան» հրատարակչությունը 2001-ին լույս է ընծայել Կարլ Ռեյմունդ Պոպերի «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները» գրքի 1-ին հատորը՝ «Պլատոնի կախարդանքը»։ «Այս գիրքը դեմոկրատիայի մի եռանդուն ու խոր պաշտպանություն է։ Պոպերի գրոհը Պլատոնի վրա թեեւ ուղղափառ չէ, այնուամենայնիվ, իմ կարծիքով, լրիվ արդարացի է։ Հեգելի նրա վերլուծությունը սպանիչ է։ Մարքսի հախից նա եկել է հավասար վարպետությամբ ու բացահայտել է մեր օրերի այս դժբախտությունների համար ունեցած պատասխանատվության նրա արժանի բաժինը»,- սա 20-րդ դարի հանճարներից մեկի՝ Բերտրան Ռասելի կարծիքն է պրոֆեսոր Կարլ Պոպերի գրքի մասին։ Գիրք, որի համար պրոֆեսորը շահել է Ամերիկյան քաղաքական գիտությունների միության 1976թ. Լիպինքոթի մրցանակը։ «Պլատոնի կախարդանքում» Պոպերն այնպիսի մանրամասնությամբ եւ այնքան համոզիչ է ջախջախում Պլատոնի հակադեմոկրատական եւ հակամարդկային դրույթները, որ, ինչպես գրքի թարգմանիչ Մերուժան Հարությունյանն է վերջում՝ «Թարգմանի խոսքում», գրել. «Պոպերն իր ընթերցողին համոզում է միմիայն Պլատոնից քաղած տողերով, ուրեմն՝ Պոպերի միակ վկան ինքը՝ Պլատոնն է։ Պոպերն ասում է, թե շատերն են ասում, իբր «Պլատոնը աստվածային փիլիսոփա» է։ Եվ այս հատորում, թերեւս չափազանց մեղմ ու զուսպ, իր ինտելեկտուալ ազնվությունը չխախտելով, ցույց է տալիս, որ Պլատոնը ոչ միայն աստվածային չէ, այլեւ… մի՞թե ակնհայտ չէ, որ Պլատոնին «աստվածային փիլիսոփա» համարողը կամ մոլորված է, կամ «Աստված» ասելով նկատի ունի Նեռ ու սատանային»։ Իր նախաբանում Պոպերն ասում է. «Հանուն քաղաքակրթության հարատեւության, պիտի անպայման հրաժարվենք մեծ մարդկանց պաշտամունքից։ Մեծ մարդիկ ունակ են մեծ սխալներ անելու», եւ հավատարիմ մնալով այդ առաջաբանին, ի ցույց է բերում մեծն Պլատոնի մեծ սխալները։ Ուղղակի ներկայացնելով Պլատոնի՝ տոտալիտարիզմին տուրք տվող մտքերը, նա ջախջախում է դրանք, նախապես ազնվորեն խոստովանելով՝ «Չնայած Պլատոնի փիլիսոփայության շատ կողմերով հիանում եմ, բայց հակված եմ կործանելու այն, ինչը նրա փիլիսոփայության մեջ, իմ կարծիքով՝ վնասակար է»։ Խոսքը Պլատոնի քաղաքական փիլիսոփայության տոտալիտարությանը հակվածության մասին է։ Զարմանալի չէ, ուրեմն, որ տեսակների ծագման մասին Պլատոնի շարադրանքում տղամարդուն՝ կենդանիներից բարձրագույնին, ստեղծել են աստվածները։ Մյուս տեսակները ստեղծվել են նրանից՝ ապականվելու, այլանդակվելու պրոցեսով։ Նախ՝ վախկոտ ու չարագործ տղամարդիկ այլասերվել, դարձել են կին։ Իմաստնությունից զուրկ տղամարդիկ այլասերվել, դարձել են ստորակարգ անասուն։ Իսկ թռչուններն առաջացել են անվնաս, բայց չափազանց անհոգ անձանցից, ովքեր չափից ավելի են վստահում իրենց զգացմունքներին։ Ձկներն ու խեցեմորթները առաջացել են ամենահիմար, ամենաապուշ եւ անարժան տղամարդկանցից։ Սակայն դա ոչինչ է նրա համեմատությամբ, ինչ Պոպերը անվանել է «ապշեցուցիչ թշնամանք առ անհատը»։ Խոսքը վերաբերում է Պլատոնի նկարագրած եւ երազած պետության բարձրագույն ձեւի հասարակարգին։ Այս պետության մեջ «կանայք, երեխաներն ու ողջ շարժական ունեցվածքը հանրային են»։ Իսկ դեմոկրատների նկատմամբ ատելությունը հասնում է նրան, որ վերջիններս Պլատոնի գործերում նկարագրված են որպես լկտի, անօրեն ու անամոթ մարդիկ, ովքեր ավարի հետեւից ընկած կատաղի ու սարսափելի գազան են, ովքեր գերի են իրենց ամեն քմահաճույքին ու ապրում են միմիայն հանուն իրենց բավականության, հանուն անպետք ու անմաքուր ցանկությունների։ Իսկ դեմոկրատիան, ըստ Պլատոնի, ծնվում է այն ժամանակ, երբ «աղքատները հաղթում են ու մի քանիսին սպանում, մի քանիսին արտաքսում ու քաղաքացիական իրավունքներն ու հասարակական պաշտոնները՝ հավասարության հիմունքներով իրար են բաժանում»։ Ըստ Պոպերի (եւ նա դա հիմնավորապես ապացուցում է) Պլատոնի չար հանճարից են ծնունդ առել թե ցեղապաշտական, թե ռասիստական (նաեւ՝ ֆաշիստական), թե կոմունիստական բոլոր այն տեսությունները, որոնք ի վերջո հանգեցնում են ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի որեւէ տեսակին։ Պոպերն ապացուցում է, որ Պլատոնի գովերգյալ մարդասիրությունը, ճշմարտության, բարու, արդարի եւ գեղեցիկի նկատմամբ սերն այնքան էլ իրական չեն։ Այլապես նրա գովերգած քաղաք-պետությունը (որի բնակիչներն իբր ամենաերջանիկներն ու բարեկեցիկները պիտի լինեին) չէր ունենա երեք դասակարգ՝ խնամակալ-վերակացուների («աստվածային փիլիսոփաների»), զինվորների ու աշխատավորների։ Ընդ որում, իշխողների պարտավորությունը «սուտն ու խաբեությունը բանեցնելու ղեկավարությունն է», նա պնդում է, թե սուտն «անհրաժեշտ է, որ հոտը հասնի բարձրագույն կատարելության», իսկ զինվորների մասին գրում է, թե «քանի պատերազմը չի վերջացել, ոչ ոք իրավունք չունի քաջին ասելու «ոչ»։ Եթե զինվորը ցանկություն ունի սեռական հարաբերություն ունենալ որեւէ մեկի հետ՝ արու թե էգ, այս օրենքն ավելի կքաղցրացնի ու կմեծացնի նրա խիզախության չարչարանաց գինը»։ Պլատոնի՝ ֆաշիզմի նախահայրը լինելու մասին խոսում են նրա նոր քաղաք ստեղծելու մասին մտքերը. «Նախ պետք է վերցնել քաղաքն ու մարդկանց բնավորությունը՝ որպես կտավ ու նախեւառաջ մաքրեն այդ կտավը։ 10 տարեկանից մեծ բոլոր քաղաքացիներին պիտի քաղաքից արտաքսեն կամ բռնի տեղահանեն։ Իսկ երեխաներին, ովքեր զերծ են իրենց ծնողների վատ վարք ու բարքի ազդեցությունից, պիտի պահեն»։ Կամ հետեւյալ կտորը. Պլատոնն ասում է, թե բժիշկն «իրավունք չունի խնամելու այնպիսի մարդու, ով ընդունակ չէ իր ամենօրյա պարտականությունները կատարելու, քանզի նման մարդն օգուտ չի տալիս ոչ պետությանը՝ ոչ իրեն», սա վերաբերում է նաեւ հիվանդ երեխաներին։ Նա պահանջում է, որ մարդկանց, տիրող ցեղի նկատմամբ կիրառվի նույն սկզբունքը, ինչ կիրառում է փորձված անասնաբույժը շների, ձիերի կամ թռչունների նկատմամբ՝ «նույն սկզբունքները կիրառելի են տղամարդկանց համար»։ Հիմնովին ջախջախելով «մարդասեր-Պլատոնի» միֆը, Պոպերը, ելնելով բազմաթիվ փաստերից, եզրահանգում է, որ Պլատոնն ինքն է ցանկացել դառնալ այն «փիլիսոփա-թագավորը», որի անհրաժեշտության մասին այդքան գրել է։ Ընդ որում, ըստ սըր Կարլ Պոպերի, Պլատոնը երբեք այդ ցանկությունը բացահայտ չի արտահայտել, այլ միայն ակնարկել է՝ «տեսեք ինձ՝ ձեր բնական իշխանին՝ փիլիսոփա թագավորին, ով լավ գիտի, թե ինչպես ղեկավարի։ Թե ուզում եք՝ պիտի անպայման իմ մոտ գաք ու պնդեք։ Բայց ես չեմ գա ու աղաչի ձեզ»։ Բայց Պոպերի գիրքը միայն Պլատոնի հակամարդկային եւ հակաազատական գաղափարները կործանելու համար չէ։ Այս գիրքը, ինչպես իրավացիորեն նշել է Ջ. Ֆիելդը, «մի հույժ հետաքրքիր ու կարեւոր գործ է, ինչը ծայրեծայր գրգռում եւ խթանում է մարդու միտքը։ Նրա ամեն նախադասությունը մտածելու տեղիք է տալիս»։ Ազատ եւ բաց հասարակության պաշտպանությանը նվիրված այս աշխատության առաջին հատորը, վստահ ենք, շատ օգտակար կլինի ինչպես ապագա եւ ներկա փիլիսոփաներին, այնպես էլ քաղաքագետներին եւ տարբեր գործիչների։ Հուսով ենք, որ «Սորոսի» հիմնադրամը, որի նպատակը եւս, ինչպես Կարլ Պոպերինը, բաց հասարակության կառուցումն է, կշարունակի իր այդ կարեւոր գործը, եւ շուտով հայալեզու ընթերցողներին հասու կլինի նաեւ սըր Կարլ Պոպերի «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները» գրքի հաջորդ հատորը եւս, որում արդեն անխղճաբար կործանվում են ազատականության մյուս խոշոր թշնամիները՝ Մարքսն ու Հեգելը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել