Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացին դատի է տվել քաղաքապետարանին

Փետրվար 26,2002 00:00

Քաղաքացին դատի է տվել քաղաքապետարանին Քաղաքացին, որը դատի է տվել քաղաքապետարանին, այս օրերին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում փորձում է ստանալ պարզաբանում, որը, ըստ էության, ինքը չպիտի աներ, այլ քաղաքապետը եւ կամ առնվազն… նրա ենթակաները։ Եվ այն էլ… գործը դատարան չպիտի հասներ։ Արաբկիրի համայնքի Ադոնցի փողոցի 5բ. 3 տանը կից 1998-ին կառուցվեց ինքնակամ մի շինություն, որը քաղաքապետի, Արաբկիրի համայնքապետի, քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից համարվեց ապօրինի, ճարտարապետական նորմերին անհամապատասխան, քաղաքաշինությանը խորթ, հակա… սանիտարական։ Հետեւաբար քաղաքապետի կողմից կայացվեց որոշում՝ Հայկ Ավետիսյանի կողմից կառուցված կառույցը 10-օրյա ժամկետում քանդելու մասին։ Այսպես շատ է լինում։ Քաղաքապետը որոշում է, իսկ նրա ենթականերն էլ «զեկուցում» են, թե որոշումը կատարված է։ Իրականում, 23.10.98-ից անցել է տարիներ, սակայն քաղաքապետը տեղյակ չէ, որ իր որոշումը… (ապօրինության, հակասանիտարականի, չճարտարապետության մասին)… կասեցվել է։ Իր կողմից։ Հայցվոր Քնարիկ Բենիկյանը վերոնշյալ ինքնակամ կառույցի համար բավականին նյարդեր է քայքայել։ Նախ՝ լինելով սեփականատեր, կանգնել է մի իրողության առաջ, որպիսին նորմալ երկրներում նորմալ իրավահարաբերությունների պայմաններում չեն հայտնվում։ Առանց նրա համաձայնության՝ իր հողի վրա աճել է մի կառույց, որը քանդելու համար ժամկետ, հանձնարարական տրվեց, հսկողությունն էլ դրվեց քաղաքապետի տեղակալ Վ. Վարդապետյանի վրա։ Ուշագրավն այս պատմության մեջ այն չէ, որ քաղաքացին դիմել է ընդդեմ քաղաքապետարանի դատարան։ Այլ այն, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է արել ձախը, կամ հակառակը։ Քաղաքացուն հուլիսի 3-ին «քաղաքապետարանը» պատասխանում է, թե «քանդելու որոշումը կասեցվել է», իսկ օգոստոսի 17-ին քաղաքացուն խաբում, թե «ձեր հարցը քննարկվում է»։ Մի դեպքում ճառում են, թե ապօրինի է կառույցը, հանձնարարում քանդել այն, մի դեպքում՝ իրենց իսկ ձեռքով գրած որոշումը կասեցնում։ Եթե քաղաքապետարանը չի հարգում իր մի անգամ կայացրած որոշումը, ապա քաղաքացին ինչպես հավատա, թե վերադասի որոշումը կլինի վերջնական։ Ք. Բենիկյանն ասաց, որ չի դիմել միայն Անգլիայի թագուհուն։ Նա բողոքներ է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմին, նրան առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին, ԱԺ-ին, ՀՀ կառավարության աշխատակազմին, տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերով նախարարին, դատախազությանը։ Քաղաքացիների բողոք-դիմումները վերին ատյաններում պետք է ուսումնասիրվեն եւ ընթացք տրվեն մեկ ամսվա ընթացքում։ Է, որ դիմել է, մեջն ի՞նչ կա։ Խաբված տարիներ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել