Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՀԱԲԵԿԻ՞Չ ԵՆ

Փետրվար 26,2002 00:00

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՀԱԲԵԿԻ՞Չ ԵՆ Ծաղկաձորում կայացած «Հայ լրագրության զարգացման միտումները» թեմայով սեմինարի օրակարգում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի քննարկում նախատեսված չէր, սակայն ինչպես բացման խոսքում սեմինարը կազմակերպած ԵՊՀ-ի լրատվական ծառայության ղեկավար Ժաննա Մխիթարյանը նկատեց՝ անհնար էր բոլորին մտահոգող այդ օրենքին չանդրադառնալը։ Ի վերջո, հենց այդ անդրադարձն էլ երկօրյա սեմինարի ամենահետաքրքիր դրվագն էր, մանավանդ որ դժվար էր կռահել, թե ի՞նչ կապ ուներ լրագրության հետ գլոբալիզացիան, որին նվիրված մի քանի ելույթներ էին օրակարգում ընդգրկված։ Արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի այդ նախագծի առթիվ բացասական գնահատականները իրենց սրությամբ չէին զիջում նախկինում հնչածներին։ Լրագրողների իրավունքները ոտնահարող օրենքը քննադատելով՝ ելույթ ունեցողների մի մասը նաեւ շեշտում էր, որ լրագրողներն էլ իրենց պարտավորությունների եւ պատասխանատվության մասին չպետք է մոռանան։ Հայաստանում ամերիկյան «Պրոմեդիա» կազմակերպության նախագահ Պիտեր Աքստադտը, համաձայնելով, որ ներկայացվածը «շատ վատ օրինագիծ է», նաեւ նկատեց, որ «պաշտոնյաները հոգնել են լրագրողների անպատասխանատվությունից, մամուլի ազատություն չի նշանակում, որ կարելի է անել այն, ինչ ուզում եք։ Որքան շատ ազատություն ունեք, այնքան մեծ պատասխանատվություն պետք է ունենաք»։ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացրեց, որ երբ լրագրողները քննադատում են հիմնավոր, ճշտված փաստերի հիման վրա, քննադատվողները թեւ նեղվում են, բայց գնահատում եւ հարգում են նման լրագրողներին։ Նա նաեւ, ի տարբերություն իր գործընկերոջ՝ ԵՊՀ պրոռեկտոր Էդուարդ Չուբարյանի, մեծահոգաբար պաշտպանեց դեղին մամուլի շահերը, ասելով, որ «եթե պահանջարկ կա, պետք է նաեւ առաջարկ լինի»։ Միայն թե պարզ չէր, թե դեղին մամուլ ասելով ով ինչ նկատի ուներ։ Համենայնդեպս, ակնհայտ է, որ մամուլին դեղին որակում կպցնելը որոշ պաշտոնյաների համար պարզապես դարձել է ինքնապաշտպանական զրահ, մամուլի հրապարկումները արժեզրկելու, դրանցում բերված փաստերը անտեսելու համար արդարացում։ ԱԺ պատգամավոր Սերգո Երիցյանի կարծիքով, աշխարհում չկա դեղին մամուլ։ Պրն Երիցյանը նաեւ լրագրողներիս կարծիքը արտահայտելով նկատեց, որ մամուլը պետք է խոսի պետության սխալների մասին, ոչ թե գովաբանի։ Ի վերջո, լրագրողները «ոչ թե պետության, այլ իշխանությունների ներկայացուցիչներին են քարկոծում»։ Օրենքի նշված նախագծում նույնիսկ ասվում է, թե լրագրողն իրավունք չունի արատավորել իշխանավորի բարի անունը։ «Իշխանավորը ունի՞ բարի անուն»,- շատ տեղին նկատեց պատգամավորը։ Օրենքի նախագիծը Սերգո Երիցյանը այսպես գնահատեց՝ «խայտառակ օրենք է, օրենք է միայն պատասխանատվությունների մասին»։ Ու որպես ԱԺ պատգամավոր խոստացավ, որ օրենքի այս նախագիծը ԱԺ-ն չի հաստատի։ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը, գնահատելով, թե «վայրենի օրինագիծ է», նաեւ չմոռացավ դժգոհել լրագրողներից, որոնք, իր կարծիքով, բողոքում են իրենց իրավունքների սահմանափակումից, բայց իրենք էլ հաճախ այլ մարդկանց իրավունքներն են ոտնահարում։ Իր գնահատականները ավելի խստացնելով՝ ասաց. «Մեզ մոտ ծնունդ է առել ահաբեկչական լրագրություն։ Եթե Նաիրի Հունանյանը դատապարտվում է գնդակով սպանելու համար, ինչո՞ւ լրագրողները չպետք է պատժվեն խոսքով սպանելու համար»։ Զուգահեռից անհանգստացած «Առավոտը» հետաքրքրվեց, թե պատժի ի՞նչ տեսակ նկատի ունի պրն Անանյանը։ Վերջինս հանգստացրեց, թե մահապատիժը, որին արժանի է Նաիրի Հունանյանը, նկատի չուներ։ Լրագրողները պիտի պատժվեն միայն օրինական դաշտում եւ, ըստ Գառնիկ Անանյանի՝ խոսքն առաջին հերթին բարոյական պատժի մասին է։ Իսկ որպես պատժող օղակ Գ. Անանյանը կարեւորեց մասնագիտական ինչ-որ խորհրդի կամ հանձնաժողովի ձեւավորումը, որը գնահատական կտա մամուլի հրապարկումներին եւ լրագրողներին, ու նրա որոշումները (ասենք հերքում տպագրելու կամ ներողություն հայցելու ) ԶԼՄ-ները աներկբա կկատարեն։ Գաղափարը կիրառվում է զարգացած երկրներում, միայն թե կասկածում ենք, որ նման հանձնաժողովում ընդգրկելու համար կկարողանան գտնել բոլորի կողմից հարգված այնպիսի մարդկանց, որ օբյեկտիվ եւ ոչ մի կողմի կասկածը չհարուցող որոշումներ կկայացնեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել