Աշխատանք՝ գործակալությունով Հայաստանում տիրող գործազրկության պայմաններում գնահատելի է աշխատանք գտնելու յուրաքանչյուր հնարավորություն։ Մեր երկրում աշխատանքի տեղավորվելու համար շատ արդյունավետ է «հարեւան-բարեկամ-ծանոթ» եռյակից գոնե մեկին պատկանելը։ Սակայն որքան էլ տարօինակ հնչի, կան նաեւ այլ հնարավորություններ։ Դրանցից մեկը աշխատանքի տեղավորման գործակալությունն է։ Այս ինստիտուտը Հայաստանում ստեղծվել է համաձայն Աշխատանքի միջազգային կոնվենցիայի։ Հայ իրականության մեջ գործակալությունները հայտնվեցին 1998-ին։ Ձեռնարկության գրանցումը կատարում է սոցիալական ապահովության նախարարությունը։ Սոցապ նախարարության զբաղվածության վարչության պետ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ 1998-2001 ժամանակահատվածում իրենց դիմել եւ գործունեության լիցենզիա է ստացել 29 գործակալություն, որոնցից միայն մեկը գործում է Չարենցավանում, իսկ մյուսները՝ Երեւանում։ Սոցապ նախարարության կողմից լիցենզիա ստացած գործակալությունները համարվում են իրավաբանական անձինք եւ, ըստ լիցենզիայի պայմանների, ունեն որոշակի պարտավորություններ։ Օրինակ, արգելվում է մինչեւ աշխատանքի տեղավորվելը որեւէ կանխավճար գանձել։ Գրանցվողը վճարում է միայն 1000 դրամի չափ փոխհատուցում՝ կապված ապագա ծախսերի հետ (համակարգչային եւ փաստաթղթային գրանցում, հեռախոսազանգեր՝ տվյալ մարդուն արվող աշխատանքի առաջարկներով եւն)։ Ինչ վերաբերում է գործակալության ֆինանսական գոյատեւմանը, այն սերտորեն կապված է աշխատանք գտած անձանց հետ, որոնք պարտավոր են գործակալությանը վճարել իրենց առաջին աշխատավարձի մինչեւ 50%-ը։ Տոկոսի բարձր լինելը կախված է աշխատավարձի չափից։ «Յանուս» գործակալության տնօրեն Արման Ղազարյանը հայտնեց, որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունները ստացվում են երկու ճանապարհով։ Գործակալությունը կապ է պահպանում տեղեկատվական կենտրոնների հետ (Սփյուռ, տեղեկատու բյուրո եւն) եւ նորանոր տվյալներ է ստանում գոյություն ունեցող աշխատատեղերի մասին։ Գործակալները այցելում են այս կամ այն հիմնարկը եւ առաջարկում իրենց մոտ գրանցված մասնագետների ծառայությունը։ «Յանուսի» տնօրենի խոսքերից դատելով՝ 2-րդ մեթոդը շատ ավելի արդյունավետ է, սակայն նրա իսկ կարծիքով, հայկական մենթալիտետը դեռ չի հասել այն բանին, որ իրեն թույլ տար իսպառ մոռանալ վերը նշված «ծանոթ» հասկացությունը։ Ինչեւէ, ինչպես նշեցին «Յանուսի» տնօրենը եւ «Ֆյուչր Ուորք» գործակալության փոխտնօրեն Վահագն Գեւորգյանը, աշխատանքով ապահովել հաջողվում է 10-ից մեկին։ Հարկ է նշել, որ ըստ մասնագիտության աշխատանք փնտողներից շատ ավելի հաջողակ են գտնվում իրենց սպասարկման ոլորտում որոնողները (մատուցող, վաճառող, պահակ)։ Արման Ղազարյանը հայտնեց, որ շատ հաճախ լինում են տոկոսային գանձնման պայմանը խախտողներ, եւ դա այն դեպքում, երբ գոյություն ունի կնքված եւ ստորագրված պայմանագիրը։ Սա, ի դեպ, նույնպես զուտ հայկական մենթալիտետի դրսեւորում է։ Գործակալությունը այս դեպքում ոչինչ չի կարող անել, բացի մարդկային ազնվությանը ապավինելուց, քանի որ 2001 թվից սկսած՝ աշխատանքի տեղավորման գործակալությունները գործում են առանց սոցապ նախարարության գրանցման եւ պետական լիցենզիայի։ Նշանակալի է նաեւ այն, որ հայկական օրենսդրությունում մի բառ անգամ չկա աշխատանքի տեղավորման գործակալությունների մասին, եւ հայ ժողովրդի բարօրության ու զբաղվածության մասին գիշերուզօր մտածող կառավարությունը մի փոքրիկ օրինագծով անգամ չի ուզում օգնել այն անհատ ձեռներեցներին, որոնք թեկուզ տասից մեկին, բայց տեղավորում են աշխատանքի։ ԼԻԼԻԹ ՎԱՀԱՆՅԱՆ