Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐՔՆ ԱՌԱՆՑ ԱՄԲԱՐԻ

Փետրվար 26,2002 00:00

ԲԵՐՔՆ ԱՌԱՆՑ ԱՄԲԱՐԻ Մի խումբ ֆերմերների անհանգստության առիթը Գյուղատնտեսական մեծածախ շուկայի ամբար-պահեստն է, որն արդեն մասնավորեցվել է եւ որից այժմ չեն օգտվում։ Ազատանցի ֆերմերներ Լ. Թովմասյանը, Ե. Հարությունյանը, Գ. Հունոյանը նշում են, որ հիշյալ պահեստը (Ազատան գյուղի տարածքում գտնվող) «դժվարին, անտանելի տարիներից հետո գյուղում բազա էր դարձել գյուղատնտեսությունը զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար։ Մեր կազմակերպչական աշխատանքից օգտվում էր գյուղի չքավոր խավը՝ 250 ընտանիք, ստանալով 2500 դրամ օրավարձ, պետության համար դառնալով վճարունակ եւ կենսամակարդակը բարելաված խավ»։ Պահեստը 6000 քմ տարածք է զբաղեցնում եւ 4000 տոննա կարտոֆիլի տարողություն ունի։ Թեեւ պահեստի վաճառքի մասին հայտարարություն է տպագրվել, այնուամենայնիվ, ֆերմերները տեղեկացնում են, որ վաճառքից հետո են իմացել այդ մասին։ Իսկ գնել է այն «Մավա իմպուլս» ՍՊԸ-ն։ Հենց սրանից հետո էլ առաջացել են խնդիրները։ Նկատենք, որ «Գյուղատնտեսական մեծածախ շուկա» ՓԲԸ-ի բաժնետերեր են գյուղնախարարությունը (11%), Երեւանի քաղաքապետարանը (21%), «Հայհացահատիկը», Արարատի գինու գործարանը եւ այլն։ Խորհրդի նիստի արձանագրությունից տեղեկանում ենք, որ գյուղնախն ու քաղաքապետարանը առարկություն են ունեցել պահեստի վաճառքի վերաբերյալ։ Սակայն նախարարության իրավաբանական վարչության պետ Ռաֆիկ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ ձայների հարաբերակցությունը փոքր է եղել հարցի վերաբերյալ բացասական որոշում կայացնելու համար։ Պահեստը վաճառվել է, որից հետո ֆերմերների վկայությամբ, «պահեստից գիշերով ապամոնտաժվել եւ գողացվել են շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարի արժողության կաբելներ, պոմպեր եւ այլ սարքավորումներ։ Այսինքն, պահեստի գնման գնից էլ ավելի եկամուտ արդեն ստացել են (պահեստը վաճառվել է 12800000 դրամով)։ Նոյեմբերի 5-ին տանիքի ապամոնտաժման պատճառով 40 տոննա բարձր որակի սերմացու ցրտահարվել եւ փչացել է։ Վնասը կազմում է մոտ 8 մլն դրամ։ Գնորդը հրաժարվեց 10 տոննա սերմացու պահեստավորելուց, որի հետեւանքով այդ քանակությունը մնաց դաշտում՝ պատճառելով 2 մլն դրամի վնաս»։ Իսկ գյուղնախարարության իրավաբանական վարչության պետն ավելացնում է, որ «կա շինարարական տեսչություն, առանց որի թույլտվության ոչ մեկը ոչ մի կառույց քանդելու իրավունք չունի։ Նույնիսկ սեփականատերը։ Տվյալ դեպքում թույլտվություն չի եղել։ Այսօր նման կառույց քանդելը ազգի դեմ հանցագործություն է»։ «Մավա իմպուլսը», բնականաբար, այլ բան է ասում։ Ըստ ընկերության տնօրեն Ալբերտ Շահբազյանի, պահեստն իրենք ձեռք են բերել քանդված վիճակում, «ջերմություն, էլեկտրաէներգիա, զովացում ապահովող սարքավորումներն արդեն չէին աշխատում։ Մենք էլ չենք քանդում շինությունը, այլ ապամոնտաժում ենք, որովհետեւ այսօր հացամթերքների արտադրություն ունենք, մեծ քանակությամբ ցորեն ենք գնում, որի մի մասը ուզում ենք պահեստավորել մեր պահեստում՝ Երեւանում մոնտաժվելիք»։ Իսկ «վնասը մեր պատճառով չի եղել։ Կարտոֆիլը եղել է լավ եւ վատ որակի»,- պարզաբանում է Ա. Շահբազյանը։ Ի դեպ, «Մավա իմպուլսի» տնօրենն ասում է, որ պատրաստ են բանակցությունների՝ կարտոֆիլը պահեստավորելու համար։ Իսկ գյուղնախարարության իրավաբանական վարչության պետն ասում է. «Թեկուզ անօրինական գործողություններով, ուժային մեթոդներով, այսինքն մարզպետի միջոցով, ՆԳ մարմինների միջոցով, բայց կասեցրել ենք քանդումը։ Սակայն դա հարցի լուծում չի»։ Այնինչ, որքան կարելի է հասկանալ, պահեստավորելու մասին չի խոսք գնում, այլ պահեստը հետ գնելու։ Ֆերմերները ցանկություն են հայտնել պահեստը վաճառված գնով հետ գնել։ Սակայն «Մավա իմպուլսը» իր սեփականությունը վաճառելու մասին անգամ չի էլ մտածում։ Թե ֆերմերները, թե Ռ. Հովհաննիսյանն ակնարկեցին, որ վաճառքի գործընթացն առանց խախտումների չի եղել։ Ըստ իրավաբանական վարչության պետ Ռ. Հովհաննիսյանի, «նոտարն իրավունք չուներ փաստաթղթի պատճենով առուվաճառք ձեւակերպել», խոսքը խորհրդի նիստի արձանագրությանն է վերաբերում, «նա անպայման պետք է պահանջեր իսկականը, որտեղից կերեւային գյուղնախարարության առարկությունները, չնայած, դա էականորեն չէր ազդի»։ Շիրակի փոխմարզպետի եւ ֆերմերների տվյալներով, երբ նախագահ Քոչարյանն այցելել է մարզ, հանձնարարական է տվել խնդրին լուծում տալ։ Իսկ 2001թ. դեկտեմբերի 21-ին տարածքային կառավարման նախարարը խորհրդակցության ժամանակ հանձնարարական է տվել. «ՀՀ գյուղնախարարությանը, ՀՀ Շիրակի մարզպետին՝ քննարկել եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարտոֆիլի պահեստային տարածքները ֆերմերներին վերադարձնելու ուղղությամբ»։ Նկատենք, սա արդեն վաճառքից հետո է եղել։ Դրանից հետո մեկ այլ խորհրդակցություն է հրավիրվել, որից հետո նախարարությունը տրամագծորեն հակառակ եզրակացության է հանգել խնդրի վերաբերյալ. որ արդեն մասնավորեցված է, սեփականատերն ինքնուրույն պիտի որոշի, իսկ սեփականատերը, նախարարության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ Էդգար Ղազարյանի փոխանցմամբ, համաձայնության չի եկել։ Այս դեպքում դժվար է իհարկե առարկել սեփականատիրոջը, բայց արդեն անհասկանալի է դառնում դեկտեմբերի 21-ի հանձնարարականը։ Պրն Ղազարյանի տեղեկատվությամբ, քանի որ ֆերմերները մատնացույց էին անում ինչ-որ անօրինականություններ, նրանց առաջարկվել է նաեւ դիմել դատարան։ Դատարան չեն դիմել, բայց մի ամբողջ գյուղ եւ տարեկան մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ առանց պահեստի է մնում, որի մասին հարկավոր է մտածել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել