Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼԸ Օլիմպիական մեդալն այն նվաճողների համար ոչ միայն պատիվ է, այլեւ՝ կլորիկ գումար։ Օրինակ, Գերմանիայի սպորտի օգնության հիմնադրամը հարկադրված է լինելու բավականաչափ մեծ ծախսի տակ ընկնել։ Համաձայն խոստման, հիմնադրամը Սոլթ Լեյքի յուրաքանչյուր ոսկե մեդալակրի պետք է վճարի 15 հազար եվրո, արծաթե մրցանակակրին՝ 10 հազար, բրոնզե մրցանակակրին՝ 7,5 հազար։ Խաղերի 12-րդ օրը, իսկ դրանք դեռ շարունակվում են, նվաճած 31 օլիմպիական մեդալների համար մրցանակային ընդհանուր գումարը կազմում էր 337500 եվրո։ Սակայն ամենից ավելի բարձր վարձատրվող չեմպիոնը կարող է լինել Բելառուսի ներկայացուցիչը։ Նախագահ Լուկաշենկոն յուրաքանչյուր «ոսկու» համար խոստացել է 60 հազար դոլար , որը նաեւ չի հարկվելու։ Ռուսները նույնպես առատաձեռն են իրենց հերոսների հանդեպ. նրանք օլիմպիական չեմպիոնին պարտավորվել են պարգեւատրել 50 հազար դոլար։ Իսկ ահա ամերիկացիներն իրենց հաղթողներին երես չեն տալիս։ Այնտեղ ոսկե մեդալն արժե 25 հազար դոլար։ Ի դեպ, օլիմպիականների դրամական խրախուսումը չի սահմանափակվում միանվագ վճարումով։ Օրինակ, Կորեայի սպորտի ասոցիացիան ընտրության հնարավորություն է ընձեռում. չեմպիոնը կարող է ամբողջովին վերցնել իրեն հասանելիք 50 հազար դոլարից ավելի գումարը, կամ այն ներդնել կենսաթոշակային հիմնադրամ եւ անհրաժեշտ գումարը մաս-մաս ստանալ ամեն ամիս։ Հետաքրքրական է, որ այն երկրները, որտեղ ձմեռային մարզաձեւերն ավանդաբար մեծ մասսայականություն են վայելում՝ Շվեդիա, Նորվեգիա, ընդհանրապես պարգեւատրում չեն նախատեսում։ Սկանդինավները դա բացատրում են նրանով, որ ազգային օլիմպիական կոմիտեներն առանց այդ էլ թիմերի նախապատրաստման վրա հսկայական միջոցներ են ծախսել։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ