Լրահոս
Օրվա լրահոսը

Ի

Փետրվար 23,2002 00:00

Ի ցույց Ես լռությունն եմ անապատների նաեւ ձկների։ Ես «կրկին» բառի անմտությունն եմ։ Ես փաթիլների միջեւ պահպանվող տարածությունն եմ։ Ես ճանապարհի երկարությունն եմ։ Ես տղաների ու աղջիկների տարբերությունն եմ։ Ես կղզիների առանձնությունն եմ։ Ես առարկան եմ։ Ես կռահումն եմ գնչուhիների։ Ես ուղեվարձն եմ։ Ես դեղձանիկի սովորությունն եմ։ Ես գարեջրի առաջին կումն եմ։ Ես անհավատի մոլորությունն եմ։ Ես ձնեմարդու անմահությունն եմ։ Ես նկարների տափակությունն եմ։ Ես Տիգրան Պ.-ի սեւագրությունն եմ։ Ես ապրանքի անպետքությունն եմ։ Ես անկման ծիրն եմ։ Ես խաչմերուկն եմ։ Ես պարագիծն եմ փոքր լճերի։ Ես մեծ ծովերի հակառակ ափն եմ։ Ես արձանների անշարժությունն եմ։ Ես Ա քաղաքից Բ գնացող հեծանվորդն եմ։ Ես կշռաքարի վստահությունն եմ։ Ես համարյա իմ լուսանկարն եմ։ Ես գլաքարի ողորկությունն եմ։ Ես քաղաքների ջղաձգումն եմ։ Ես Բաբելոնն եմ։ Ես Էրեբունի բերդաքաղաքն եմ։ Ես Վայոց ձորն եմ։ Ես Լճաշենում գտնված սայլն եմ։ Ես պոռնիկների աշխատավարձն եմ։ Ես աղբահավաք մեքենաներն եմ։ Ես տնանկների ազատությունն եմ։ Ես դատավորին տրված կաշառքն եմ։ Ես սահնակների ու ձյան շփումն եմ։ Ես բարբաջանքն եմ։ Ես Արտավազդի տխմարությունն եմ։ Ես աշուղների միալար հանգն եմ։ Ես Բ քաղաքից Ա վերադարձող հեծանվորդն եմ։ Ես ինչ-որ բանի նմանությունն եմ։ Ես խանութների ցուցափեղկերն եմ։ Ես «չքնաղ» բառի անճշտությունն եմ։ Ես անցած տարվա լավ եղանակն եմ։ Ես ճերմակ թղթի հակառակ կողմն եմ։ Ես կայարանի սպասասրահն եմ։ Ես սարդոստայնն եմ։ Ես նախնիների կորած պատկերն եմ։ Ես Ռիչարդ Բախի Ջոնաթան ճայն եմ։ Ես էշի մեկն եմ։ Ես լուսաբացից առաջվա պահն եմ։ Ես ժամապահն եմ։ Ես հիմարների երազահանն եմ։ Ես շրջմոլիկն եմ։ Ես վերջին դեպքն եմ։ Ես հարյուր տարվա գինու խցանն եմ։ Ես խանձված խոտն եմ։ Ես խաղաղության տեւողությունն եմ։ Ես փարավոնի մարմնի զմուռսն եմ։ Ես միջակետն եմ։ Բոդլերի «Լեշն» եմ։ Ես վախի չափն եմ։ Ես ջրի գինն եմ։ Ես շան կաղկանձն եմ։ Ես սղոցվածքն եմ հին կաղնիների։ Ես մեռնող-հառնող աստվածությունն եմ։ Ես ժամացույցի փոքր սլաքն եմ։ Ես Արջունան եմ։ Ես պատշգամբում կախված սխտորն եմ։ Ես Աբովյանի մահվան պատճառն եմ։ Ես «հորըս արեւ» ասող տղան եմ։ Ես ժամը վեցին մեկնող գնացքն եմ։ Ես Գանձասարի մարգագետինն եմ։ Ես քրիզանթեմի ճերմակ թերթիկն եմ։ Ես Հորացիոն եմ։ Ես ճամփին ընկած հիսուն դրամն եմ։ Ես գյուղի մութն եմ։ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել