Հանգիստը հարաբերական է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության պետ Յուրի Ալեքսանյանը Սոլթ Լեյք Սիթիից հաղորդում է Փետրվարի 21-ը մեր մարզիկների համար հերթական ազատ օրն էր։ Սակայն այդ «հանգիստ» ասածը հարաբերական է, քանզի շարունակում են մարզվել ինչպես ասպարեզում մնացած լեռնադահուկորդները, այնպես էլ մրցումներն ավարտածները։ Ասենք, որ մերոնցից Սոլթ Լեյքին հրաժեշտ է տվել առայժմ սպորտային գեղասահքի զույգը, որը մեկնել է Մոսկվա։ «Անգործ» մնացել էր, թերեւս, միայն Վանեսա Ռաքեջյանը. նա նախօրեի ծանր պայքարից հետո վերականգնում էր ուժերը եւ երեկ պետք է մրցեր հսկա ոլորավայրէջք մրցաձեւում։ Մարզիչներն ասում են, որ Վանեսան արդեն իրենն արել է՝ սպասվածից առավել հանդես գալով սլալոմում։ Մարզուհին երեկ մրցելու էր, այսպես ասած, հեղինակությունը բարձրացնելու համար, մանավանդ որ «գիգանտը» նրան հոգեհարազատ չէ։ Ի դեպ, Վանեսային հանձնվեց օլիմպիական խաղերի պատվավոր մասնակցի հուշամեդալ… Հագեցած է Հայաստանի պատվիրակության ղեկավար, փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի առօրյան, որը գրեթե ամեն օր պաշտոնական հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Փետրվարի 20-ին նա հանդիպեց Մոլդովայի ԱՕԿ-ի նախագահ Նիկոլա Յուրավչիի, Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Եվգենի Բորիսովի եւ ՌԴ սպորտի նախարար Պավել Ռոժկովի հետ։ Ասենք, որ այստեղ նախատեսել են գարնանը կազմակերպել ԱՊՀ երկրների սպորտի ղեկավարների հանդիպում։ Քննարկվելու են բազմաթիվ հարցեր, կատարվելու են գործնական քայլեր։ ՌԴ սպորտի ղեկավարի հետ քննարկվեցին հայ-ռուսական մարզական համագործակցության կոնկրետ խնդիրներ, ինչպես նաեւ գարնանը ռուսաստանցու՝ Հայաստան կատարելիք այցի հետ կապված որոշ հարցեր։ Ծաղկաձորի մարզաբազայի տնօրեն Մխիթար Հարությունյանի ներկայությամբ պարոնայք Ռոժկովը եւ Զաքարյանը քննարկեցին ԽՍՀՄ նախկին գլխավոր օլիմպիական մարզաբազայի հետագա շահագործմանն առնչվող բովանդակ խնդիրներ։ Ռոժկովը, որն, ի դեպ, նախկին լեռնադահուկորդ է եւ ժամանակին բազմիցս ուսումնամարզական հավաքների է մասնակցել Ծաղկաձորում, խոստացավ, որ ամենամոտ ապագայում, ամենայն հավանականությամբ մի քանի շաբաթից, իրենք հիմնավոր առաջարկներ կանեն Ծաղկաձորի վերաբերյալ։ Այնուհետեւ ՀԱՕԿ-ի նախագահը հանդիպեց նաեւ Ադրբեջանի մարզական պատվիրակության ղեկավարության հետ։ Երկար քննարկվեց հատկապես առաջիկա ապրիլին Բաքվում անցկացվելիք ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականի մասնակցության հարցը…