Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼՄՈՒՄ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ…

Փետրվար 23,2002 00:00

ՖԻԼՄՈՒՄ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ… Եթե «Խավարման օրը» հայկական գեղարվեստական մարտաֆիլմը (հայերի՝ միմյանց նկատմամբ կատարվող վայրագությունների մասին պատմող) նկարահանված լիներ թուրքերի կողմից, ապա քաղաքական որոշ շրջանակներում, հավանաբար, մեծ աղմուկ կբարձրանար. «Բա մենք է՞դ ազգն ենք, որ մեզ էդպես են ներկայացրել»։ Ֆիլմում նկարագրված բռնությունն ու այլանդակ երեւույթներն էլ այնքան չափազանցված են, որ հեռուստադիտողը կարող է նաեւ կասկածել դրանց հավաստիությանը։ Ի տարբերություն հայկական մեկ այլ՝ «Ընտրություն» մարտաֆիլմի, այստեղ սյուժեն ավելի «թափառիկ» է, դեպքերը, կարծես թե, կատարվում են իրականությունից դուրս, եւ ավելի շատ իրական «շղարշով» են պատված, քան կարողանում են համոզել, թե դա «իրականություն» է։ Հիմնական գաղափարը, թերեւս, այն է, որ ուժը պետք է օգտագործել ի նպաստ բարու եւ ոչ թե չարի (այս միտքը անուղղակիորեն հնչում է ֆիլմի վերջում)։ Անշուշտ, դա այդպես պետք է լինի, սակայն արժե՞, արդյոք, այդ գաղափարի համար հասարակության մեջ տեղ գտած բացասական երեւույթները (սպանություն, բռնություն, սադիզմ) ուռճացված ձեւով ժամուկես ներկայացնել հեռուստադիտողին, վերջինիս ստիպելով «անցնել» «տանջարանի» բոլոր էտապներով։ Ֆիլմը դիտող յուրաքանչյուր ոք կարող է ակամա զարմանք ապրել, թե որտեղի՞ց այդքան չարություն հերոսների գործողություններում։ Որքա՞ն պետք է 10-12 տարեկան երեխան հոգով փչացած լինի, որ իր նման մի քանի «ավարաների» հետ մանկական հանցախումբ կազմած՝ դաժանորեն անարգանքի ու բռնության ենթարկի իր հասակակցին, նրա կիթառով «չլոցի» խաղա, վերջում էլ կիթառի «թաղում» կազմակերպի դիտահորում (եւ այդ ամենը 15-20 րոպե տեւողությամբ պատկերվի հեռուստաէկրանին)։ Դժվար է ասել, թե այդ ամենը դիտող դեռահաս հեռուստադիտողներն ինչ հետեւություն կարող են անել՝ հօգո՞ւտ, թե՞ ի վնաս։ Նայած թե՝ ով ինչ շրջապատի ազդեցության տակ է։ Չարությունը կարծես խրախուսվում է, ոչ թե դատապարտվում։ Ի տարբերություն ռուսական «մաֆիոզ» կինոֆիլմերի (օրինակ՝ «Բանդիտսկի Պետերբուրգ»), այստեղ հերոսները չունեն իրենց առջեւ դրված կոնկրետ նպատակ, հանուն որի ծրագրեր են կազմում (այս առումով, թերեւս, առավել համոզիչ էր «Ընտրություն» ֆիլմը)։ Պարզապես ցույց է տրվում, որ իրականության մեջ հարցերը որոշում են քրեականացված տարրերը՝ փողի, զենքի եւ ֆիզիկական ուժի միջոցով, եւ նրանց դեմ նույնիսկ իրավապահ համակարգն անզոր է պայքարել։ Այսինքն, եթե «կարատեիստ» չեք, ուրեմն վերջ, կորած եք։ Ի դեպ, ի տարբերություն «Ընտրություն» ֆիլմի, այստեղ իրավապահների դերը զրոյական է ցույց տրված։ Ահավասիկ, «ազարտի» մեջ ընկած մոլախաղով զբաղվողների աղմուկ-աղաղակը, հետո՝ դրան հաջորդող «ռազբորկան» ու անկարգությունները տեսնելով՝ ոստիկանը կամաց «ցվրվում» է, հետո գալիս է այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտվել է։ Անուղղակի մեղադրանք կա նաեւ իշխանությունների հասցեին, որոնք այնքան են անտարբեր սահմանի վրա «կռված տղաների» հանդեպ, նրանց հոգսերի նկատմամբ անուշադիր (այդ մասին գանգատվում է հերոսներից մեկը), որ նույնիսկ ազատամարտիկ հաշմանդամը ստիպված է փող աշխատել հանցագործ ճանապարհով՝ հանցագործներին ընկերակից դառնալով։ Ֆիլմում փորձ է արվում ապացուցել, որ հայկական մաֆիան համարժեք է իտալականին, բայց «մերն ուրիշ է» կտրվածքով։ Բացասական հերոսներից մեկն իրեն համեմատում է «Կնքահայրը» ֆիլմի հերոսի հետ՝ իրեն գերագնահատելով։ «Խավարման օրը» ֆիլմը չի խրախուսում քրիստոնեական պատվիրանները, այլ ապացուցում է, որ մեր իրականության մեջ առայժմ «ուժն է ծնում իրավունք»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել