Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ չոր հացից արյան համ չի գալիս

Փետրվար 23,2002 00:00

Իմ չոր հացից արյան համ չի գալիս Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին 1996թ. ապրիլի 26-ին կալանավորվել եմ ՀՀ ՆԳՆ-ի կողմից։ 1997թ. դեկտեմբերի 25-ին, ՀՀ ԳԴ-ի կողմից՝ նախագահությամբ Թաթուլ Բադասյանի, դատապարտվել եմ մահապատժի։ Նախաքննության ընթացքում իմ վրա գործադրված թե՛ հոգեբանական եւ թե՛ ֆիզիկական ճնշումների ներքո, այնուամենայնիվ, հանձն չեմ առել ինձ ուղղված շինծու մեղադրանքը։ Մեղադրանքը հանձն չեմ առել նաեւ ՀՀ Գ. դատարանում, ուր պետական մեղադրողի դերում հանդես էր գալիս դատախազ Ն. Ներսեսյանը։ Դատավճռից մինչ օրս դիմել եմ ՀՀ տարբեր մարմիններ՝ փաստելով գործի վերանայման անհրաժեշտությունը։ Դիմել եմ ՀՀ Գ. դատախազության տարբեր ատյաններ։ ՀՀ Գ. դատախազին ուղղված բողոքներս հղվել են իմ գործով պետական մեղադրող Ն. Ներսեսյանին, որից էլ ստացել եմ պատասխան, ուր պրն Ներսեսյանը ինձ ներկայացրել է այնպիսի մի նոր մեղադրական, որ գործի մեջ անգամ բացակայում են այդպիսի դրվագներ։ Միայն 2001թ. երկու անգամ դիմել եմ ՀՀ Գ. դատախազին՝ փաստաբան ունենալու խնդրանքով։ Բազմիցս դիմել եմ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Պ. Հայրիկյանին։ 24.08.2001թ. դիմել եմ ներման խնդրագրով։ Մի շարք դիմումներ ուղղել եմ Վճռաբեկ պալատի նախագահ Մհեր Խաչատրյանին… Մեծարգո պրն նախագահ, ես չեմ փորձում իմ կատարած հանցանքի համար արդարանալ եւ ողջ մեղքը բարդել իրավապահ մարմինների վրա, փաստելով, որ կատարվել են իմ հանդեպ բռնարարքներ եւ այլն։ Ես չեմ փորձում արդարանալ, թե նախկին իշխանության ժամանակահատվածում, ուր տիրում էր սովի ու չքավորության վարակը, ստիպված էի դիմելու հանցավոր արարքի՝ մի կտոր հաց ձեռք բերելու համար, որպեսզի պաշտպանեի ընտանիքիս ֆիզիկական գոյությունը։ Ես չեմ փորձում իբր արդարացում մեղադրել շատ ու շատ դատավոր ու դատախազների, մեծ ու փոքր չինովնիկների, որոնց հացից, իրոք որ արյան համ է գալիս եւ նրանց հացը շաղախված է անմեղ զոհերի արյունով։ Ես չեմ փորձում արդարանալ մեր տարաբախտ ժողովրդի առջեւ, Ձեր առջեւ, Աստծո առջեւ… Ես չեմ ժխտում, որ կատարել եմ հանցագործություն եւ մեծ ցավ եմ ապրում, երբ ստիպված եմ լինում, հանցագործ լինելով հանդերձ, դատական իշխանություններին ասել՝ մի եղեք հանցագործ, մի եղեք «բեզպրիդել», մի եղեք մարդասպան։ Ես մարդ չեմ սպանել։ Ես կատարել եմ հանցագործություն։ Ինձ դատեք իմ հանցանքի չափով։ Ոչ ավել, ոչ պակաս։ Որեւէ մեկը իրավասու չէ ինձ համեմատել «Հոկտեմբերի 27»-ը իրականացրած ոհմակի հետ։ Ոչ մի դատախազ ու դատավոր իրավասու չէ ինձ դասել հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվողների հետ նույն հարթակում։ Հետ տվեք մեզ՝ դատապարտյալներիս, մեզանից խլված մեր ապրելու իրավունքը։ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել