«ԻՆՁ ԲԱԺԱՆԵՑԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻՑ» Հավատք եւ ոգի Ցվետանա Պասկալեւան արդեն երկու տարի է, ինչ գործազուրկ լրագրող է: Ինչպես նա ասաց՝ «սա տուգանք է Սամվել Բաբայանի համար»: Ազգային հեռուստատեսության եթերում դուրս եկող նրա «Ասպեկտ» ծրագիրը արգելեցին Ցվետանայի՝ Սամվել Բաբայանի օգտին ցուցաբերած դիրքորոշումից հետո: «Դիրքորոշման դեպքում միշտ պետք է պարտաստ լինես բարձր գնով հատուցելու: Ինձ բաժանեցին հեռուսադիտողից, եւ ես շատ եմ ափսոսում դրա համար: Ինձ զրկեցին խոսքից եւ հեռուստադիտողի հետ շփվելու հնարավորությունից: Սա ծրագիրը արգելելու առաջին դեպքը չէ, եւ անպայման կվերադառնամ»,- խոստանում է Ցվետանան: Այժմ Ցվետանան Սամվել Բաբայանի պայքարի եւ ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական կոմիտեների անդամ է: Այս կոմիտեներից մեկի համար նա որոշեց ռեպորտաժ պատրաստել ազատագրված Շուշիի մասին: Սակայն աշխատանքի ընթացքում գտավ, որ իր ձեռքում շատ հարուստ թեմա է… եւ8230 ռեպորտաժը դարձավ ֆիլմ: «Հավատք եւ ոգի» ֆիլմը յոթերորդն է, որ նկարահանել է Ցվետանան եւ նվիրել Ղարաբաղին: Այն նվիրված է Շուշիի ազատագրմանը: Ֆիլմի ստեղծման վրա մեծ եւ ծանր աշխատանք տարվեց: Այն մոնտաժվեց «Շարմ» ստուդիայում, ֆիլմի մոնտաժողն է Անդրանիկ Մկրտչյանը: Նրանց Ցվետանան մարդկային եւ մասնագիտական հատուկ շնորհակալություն է հայտնում (ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Ցվետանա Պասկալեւան է): 2001թ. Ա. Մկրտչյանի հետ նրանք ամիս ու կես՝ գիշերներ շարունակ աշխատում էին ֆիլմի ստեղծման վրա: Եվ այն, որ ջարդեցին մեքենայի պատուհանը, Ցվետանան կապում է հենց ֆիլմի ստեղծման հետ (վախեցնելու համար): 2001 թ. «Ազատ Արցախ» թերթում հրապարակվեց Պասկալեւայի մասին, որտեղ նրան անվանում են չակերտավոր հայ ժողովրդի ընկեր: Այն ժամանակ Ցվետանան չպատասխանեց հոդվածին, դա արեց մարտական ընկերների իր կոմիտեն: «Հավատք ու ոգի» ֆիլմը Ց. Պասկալեւան նվիրում է Հայաստանում իր գործունեության 10-ամյակին եւ համարում է այդ հոդվածի պատասխան: Ինչպես նաեւ ֆիլմը նվիրվում է բոլոր այն հայերին, ովքեր դրամատիկ փոխեցին Ցվետանայի կյանքը եւ դարձրին նրան հայ ժողովրդի մի մասնիկ: «Հավատք եւ ոգի» ֆիլմը որպես համաշխարհային պրեմիերա ցուցադրվեց 2001թ. դեկտեմբերի 7-ին՝ Լոս Անջելեսում: Ցուցադրելու օրը նախապես մտածված էր, եւ Հեռուստատեսային արվեստի եւ գիտության ակադեմիայի Լեոնարդ Հ. Գոլդենսոնի անվան թատրոնի մենեջերը ընդառաջ գնաց Ցվետանային, հասկանալով՝ որքան խորհրդանշական է հայ ժողովրդի համար այս օրը: Ցվետանան մեծ նվաճում է համարում ֆիլմի ցուցադրվելը այս թատրոնի դահլիճում, որտեղ տեղի է ունենում «Էմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունը: Ինչպես պատմում է Ց. Պասկալեւան, «դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, եւ ոչ միայն հայեր էին ներկա գտնվում»: Ի դեպ, ֆիլմը ներկայացվեց անգլերեն: «Քար լռություն էր տիրում դահլիճում, եւ լսվում էր, թե ինչպես է հանդիսատեսը շնչում՝ մեկ մարդու պես: Ֆիլմի ցուցադրումից հետո դահլիճը չէր կարող ուշքի գալ, եւ մի քանի րոպե նստած մնալուց հետո 20 րոպե ծափահարում էր: Մեր հերոսների խոսքը հասավ հանդիսատեսին»,- պատմում է Ց. Պասկալեւան: Ֆիլմի գլխավոր հերոսները Շուշիի ազատագրմանը մասնակցած արցախյան երեք հրամանատարներ են՝ Կոմանդոսը, Արկադի Կարապետյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը: Նրանք՝ հիմնվելով պահպանված փաստաթղթերի վրա, պատմում են, թե ինչպես եղավ ազատագրումը, թե ինչ ուժեր օգտագործվեցին եւ ինչ գնով ստացան նրանք իրենց հայրենի հողերը: Հողի մասին խոսելիս հրամանատարները միաձայն ասում են. «Ոչ մի քայլ հետ, մենք չափազանց բարձր գնով ենք նվաճել մեր հողերը»: «Հավատք եւ ոգի» Ֆիլմից հետո ցուցադրվեց երկրորդը՝ «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ», որը նկարահանվել է 1992-1993թթ.: Այս ֆիլմը Ցվետանան համարում է իր ֆիլմերից ամենաողբերգականը, այն արտացոլում է Արցախի բնակչության ողբերգությունը: Եվ, ինչպես Ցվետանան է համարում, երկրորդ ֆիլմն ավելի է ընդգծում առաջինի հզորությունը եւ օգնում է հասկանալ հրամանատարների խոսքերը: Ցվետանան համարում է, որ «Հավատք եւ ոգի»-ն չի հավակնում ամբողջովին պատկերելու Շուշիի ազատագրումը, այս թեման դեռ կարելի է լրացնել՝ այլ տեսանկյունից: Նկարահանման ժամանակ Կոմանդոսն ասել է Ցվետանային. «Դու առաջինն ես, որ ցանկանում ես մանրամասներ իմանալ: Իմ կարծիքով՝ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա դա ոչ ոքի պետք չէ»: Ֆիլմի գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ ազատագրման օպերացիայի մասին պատմում են այն մարդիկ, ովքեր անմիջականորեն են մասնակիցները դրան եւ տարբեր ուղղություններով շարժվում էին դեպի Շուշի: Ազգային հեռուստատեսությունը 2001թ. մայիսի 9-ին ցուցադրել էր մի ֆիլմ Շուշիի մասին, սակայն նրա հերոսները, ինչպես համարում է Ցվետանան, այլ դեմքեր էին եւ չկար ոչ մի խոսք Լաչինի ամենահզոր ուղղության հրամանատար Սամվել Բաբայանի դերի մասին: Ամերիկայում ֆիլմի ցուցադրումից հետո Ց. Պասկալեւային մոտեցավ ամերիկացի մի պրոդյուսեր եւ ասաց. «Ես հայ չեմ, բայց հպարտանում եմ քեզանով», եւ առաջարկեց ամերիկյան մի շարք հեռուստաալիքների (որոնցից մեկը պատմական կինոնկարներ է ցուցադրում), համար 50 րոպեանոց ֆիլմ պատրաստել, որն ամբողջությամբ ցույց կտա ղարաբաղյան հարցը՝ տարածքների պատմական տեսակետից: Ցվետանան չէր սպասում նման առաջարկության եւ պատրաստվում է օգտագործել այս հնարավորությունը: Նրա կարծիքով, սա հարմար առաջարկ է ժամանակի, քարոզչության եւ ռազմավարության տեսակետից՝ «Նման առաջարկներ ամեն օր չեն հանդիպում: Սակայն դա շատ մեծ աշխատանք է պահանջելու, եւ առանց օգնության ես չեմ կարողանա այս հարցը լուծել»: «Հավատք եւ ոգի» ֆիլմը ԱՄՆ-ում ցուցադրվելուց անմիջապես հետո ներկայացվել է «Արմենիա» հեռուստաընկերությանը եւ Ազգային հեռուստատեսությանը: Տնօրեններից ոչ մեկը, արդեն 1,5 ամիս է՝ չի արձագանքում: Տիգրան Նաղդալյանի քարտուղարուհու խոսքերով, տնօրենը ֆիլմը դիտելու ժամանակ չունի: Սակայն Ցվետանան համոզված է, որ ֆիլմը, իհարկե, արդեն դիտվել է, սակայն վախը նրանց թույլ չի տալիս ցուցադրել այն, քանի որ ֆիլմում երեք հրամանատարները պատմում են Սամվել Բաբայանի՝ Շուշիի ազատագրմանը մասնակցելու մասին: «Ոմանց դա դուր չի գալիս,- ասում է Ցվետանան,- սակայն դա իրականություն է, եւ դրանից չես փախչի: Ի տարբերություն Համլետ Ղուշչյանի «գլուխգործոց» կինոնկարի, որտեղ նա վարկաբեկում է Սամվել Բաբայանին, եւ որը շատ հապշտապ, դեռ Բաբայանի դատից առաջ, ցուցադրվեց միանգամից երկու՝ «Արմենիա» եւ «Պրոմեթեւս» հեռուստաալիքներով: Մի՞թե կարելի է եթեր տրամադրել նրանց, ովքեր ստոր գաղափարներով պղծում են հեռուստադիտողի միտքը: Եթերային այս հանցագործության համար դեռ պետք է պատասխան տան: Ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից, որ զրկված է «Հավատք եւ ոգի» ֆիլմը տեսնելու հնարավորությունից: Իսկ խոսքը գնում է Ազգային հերոսի մասին: Անցած տարին Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակն էր, պետությունը շքեղ հանդիսություններ էր կազմակերպել եւ աստղաբաշխական գումարներ ծախսել տոնակատարությունների համար: Տոնակատարություններով չես ապացուցի քո քրիստոնեությունը: Այս ամենն այնքան հեռու է հավատքից եւ հոգուց: Մարդն իր հոգու խորքում պետք է քրիստոնյա լինի եւ ամեն օր դա ցույց տա իր վարքով»,- ասում է Ցվետանա Պասկալեւան: «Սա աբսուրդային իրավիճակ է՝ արտասահմանում հայկական պրոպագանդա է գնում, իսկ մենք ինքներս մեզ չենք ուզում օգնել: Պատկերացրեք՝ այս ֆիլմը լիներ Ադրբեջանի ձեռքերում, ինչե՜ր նրանք կանեին, եթե նույնիսկ ստից են պրոպագանդա ստեղծում: Զարմանալի ժողովուրդ են հայերը՝ ունենալ ճշմարտությունը եւ չօգտագործել այն: Մենք ինքներս չենք ուզում լսել ճշմարտությունը: Եվ պետք չէ բողոքել, որ մեզ չեն ուզում լսել եւ չեն հարգում: Երբ ինքներս չենք ուզում իրար լսել, ուրիշները մեզ չեն լսի»: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ