Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշակերտների 40%-ը անվճարունակ է

Փետրվար 23,2002 00:00

Աշակերտների 40%-ը անվճարունակ է Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը սկսված է։ Եվ դպրոցներում բազմաթիվ խնդիրների կողքին թերեւս նկատվում է թիվ մեկ խնդիրը՝ վառելիքի։ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոցն այսօր ինչ-որ չափով հոգում է այս հարցը։ Ջեռուցման խնդիրն այս դպրոցում կարելի է համարել նույնիսկ լուծված. վառելիքի մի մասը տրամադրում է մարզկենտրոնը, մի մասն էլ հոգում են ծնողները։ Սակայն դպրոցն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ։ Ծանր է տնտեսական վիճակը։ Անհրաժեշտ միջոցները, որ պետք է տրամադրի մարզկենտրոնը, որոշ չափով տալիս է Եղվարդի քաղաքապետարանը։ Իսկ թե երբ է եղել մարզից ստացված վերջին օգնությունը, դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանը չի էլ հիշում։ Դպրոցն այսօր շենքի վերանորոգման խնդիրներ ունի։ Հաճախ դասասենյակները վերանորոգվում են ծնողների ուժերով։ Ըստ թիվ 1 դպրոցի տնօրեն Ռ. Սիմոնյանի. «Այսօր լուրջ ուշադրության է արժանի դասագրքերի հարցը։ Աշակերտների միայն 60%-ն է ունակ վճարելու»։ Դպրոցն այսօր չունի սեփական միջոցներ։ Եղվարդի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժինը խիստ կարիքավոր ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը մարում է ինքը (մոտավորապես 8%)։ Սակայն ստացվում է, որ սա եւս հարցի լուծում չէ.. Նախկինում դպրոցի բուժկետն ուներ առաջին օգնության պարագաներ։ Աշխատավարձն ուշացումով ստացող, չվճարումների պատճառով շատ հաճախ հոսանքից ու հեռախոսից զրկված ու նյարդային վիճակում գտնվող ուսուցչին կամ թերեւս պատահական ուշաթափվածին անգամ դպրոցը որեւէ օգնություն ցուցաբերելու ի վիճակի չէ։ Դպրոցի տնօրենը ցավով է նշում, որ ուսուցիչների աշխատավարձը ստիպված է բաժանել հարկահավաքների (խմելու, ոռոգման ջրի վարձ, հողի հարկ, աղբի վարձ…) մասնակցությամբ։ Ինչեւէ, բազմաթիվ հիմնահարցերի կողքին նկատելի է նաեւ դրականը։ Վերջերս բարձր դասարանի աշակերտները սեփական միջոցներով ցածր դասարանցիների համար նվերներ էին պատրաստել։ Դպրոցում հաճախակի են մշակութային միջոցառումները։ Անցյալ տարի «Արդինի» ստուդիայի կողմից կազմակերպված դպրոցական լիգա խաղում դպրոցի ուրախների ու հնարամիտների ակումբը («Զոռով» թիմ) գրավեց 1-ին տեղը։ Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ ուսումնական էքսկուրսիաներ։ Ըստ դպրոցի տնօրենի՝ «Ուժեղացել է դպրոց-ծնող կապը։ Ծնողները բուռն են արձագանքում դպրոցական միջոցառումներին. 1-ին դասարանում հանդիսավոր նշվում է Այբբենարանի հանդեսը, 2-րդ դասարանում՝ ռուսերեն լեզվի միջոցառումը, 3-րդ դասարանում՝ անգլերենի, բարձր դասարաններում, անշուշտ, դիմակահանդեսները, իսկ «վերջին զանգի» արարողությունը վեր է ածվում «բանակի քեֆի»։ Դպրոցում շուտով կգործի առաջին ինտերնետային կենտրոնը։ Իսկ ամեն ինչ սկսվեց 1 տարի առաջ։ «Դպրոցի բարելավման» շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված ծրագրին Կոտայքի մարզից մասնակցում էր 115 դպրոց։ Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոցը մասնակցեց «Համակարգչային օպերատորական դասընթացներ» ծրագրով եւ շահեց։ «Ստացվեց այնպես, որ առաջին ծրագիրը դեռ չավարտած, մասնակցեցինք հաջորդ ծրագրին։ Երկրորդ ծրագրի հաջողությունները, անշուշտ, ինչ-որ չափով պայմանավորված են առաջին ծրագրով ձեռք բերվածով (համակարգիչներ, տպող սարքեր…)։ Մենք ոչ միայն ծրագիր ենք շահել, այլեւ ունենք վերանորոգված կաբինետ, վերապատրաստված մասնագետներ (որոնք պատրաստվել են այդ ծրագրի հաշվին)»,- ասում է տնօրեն Ռ. Սիմոնյանը։ Այսօր 7-10-րդ դասարանների շուրջ 350 աշակերտներ օրական մեկ ժամ լինում են համակարգչային սենյակում։ Երկրորդ ծրագիրն արդեն ավարտական փուլում է, եւ օրերս կլինի ինտերնետային կենտրոնի բացումը։ Ինչպես նշեց տնօրենը, կենտրոնն անվճար կսպասարկի եղվարդցիներին։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել