Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք գնում ենք Երեւան»

Փետրվար 23,2002 00:00

«Մենք գնում ենք Երեւան» Ձմռան ցրտին տնից դուրս գալու չէ։ Մանավանդ որ ապրում ես գյուղում ու մերկասառույցը պատել է գյուղի ծուռումուռ փողոցները։ Այդ ժամանակ ամենահաճելի զբաղմունքը տաք վառարանի մոտ նստելն ու հարեւան-բարեկամի հետ տաք թեյ խմելը, տաք-տաք զրուցելն է։ Բայց արի ու տես, որ ինչ-որ գործով պետք է հարեւան գյուղ կամ շրջկենտրոն մեկնել։ Միջգյուղային տրանսպորտ չկա, իսկ ճանապարհին կանգնելը, ինչ-որ մի ծանոթ մեքենայի սպասելը պարզապես իզուր է. ո՞վ է գժվել սառած ճամփեքին մեքենա հանի։ Սպասում են, մինչեւ Երեւան մեկնող միկրոավտոբուսներից մեկի վարորդը բարեխիղճ կգտնվի ու կարգելակի մեքենան։ Հազար օրհնանք տալով բարձրանում են, կանգնում մի ոտքի վրա (երկու ոտքի համար տեղ չկա) կամ նստում մեկի ծնկներին, որի դեմքը չի էլ երեւում՝ այնքան շատ մարդ կա։ Դե, երկար ճանապարհ չէ, մի կերպ կտեղավորվեն. մինչեւ շրջկենտրոն, ասենք, Նոյեմբերյան, հազիվ 5 րոպե է։ Ու ակամայից երանի են տալիս Երեւան մեկնողներին. «Գնում էլ են, գալիս էլ, տրանսպորտը լիքն է, իսկ գյուղից գյուղ չեն կարողանում գնալ»։ Այսպես հաստատ նրանք են ասում, ովքեր երբեւէ Երեւան չեն մեկնել կամ մեկնել են, բայց ոչ այսօրվա միկրոավտոբուսներով, այն էլ՝ ձմեռվա կեսին, երբ ուսանողների մեկնելու ժամանակն է։ Սկսվում են դասերն, ու պետք է մեկնեն Երեւան։ Օրը դեռ չի լուսացել, կիսամութ է, ու գյուղի ծուռումուռ, սառցապատ ճանապարհին ընկնելով-բարձրանալով, թեք տեղերում սահելով, մի կերպ հասնում ես կանգառ։ Պարզվում է, որ քեզ հատկացրած տեղը արդեն զբաղված է ու ստիպված ես նստել հետեւի շարքում։ Գուցե դու «խելոք» ես, չես խոսում, բայց ահա մեկը վազելով գալիս է ու մեկ ուրիշի. – Էս տեղը իմն է, նստողը ես եմ, էն ո՞վ է եկել-տեղս գրավել։ Ու կռիվը սկսվում է։ 10 րոպե, 20 րոպե, կես ժամ, 1 ժամ, մինչեւ նրանցից մեկը հոգնում է՝ հետ դառնում, կամ հաշտեցնում են, նստեցնում իրար կողքի։ Մի քանիսն էլ՝ շրջկենտրոն կամ հարեւան գյուղ մեկնողներ, խնդրում են ու մի կերպ տեղավորվում։ Շնչել անգամ չի լինում, բայց, դե, մի քանի կանգառ է, մի կերպ կդիմանանք՝ մինչեւ իջնեն։ Բայց հարեւան գյուղում մեկի իջնելու հետ երկուսը բարձրանում են, մյուս գյուղում էլ, շրջկենտրոնում էլ, ու այդպես՝ մինչեւ Իջեւան։ Զարմանում ես. որտե՞ղ է տեղավորվում այսքան մարդ։ Հետաքրքրությունից դրդված ուզում ես հետ նայել, բայց շրջվել չես կարողանում. մի քանիսը կանգնած են կողքիդ եւ հետ կամ կողմ նայել անհնար է։ Առջեւդ էլ վարորդի հաստ վիզն է, ու ճանապարհն էլ չի երեւում։ Երիտասարդների ծիծաղ, երեխաների լաց, պառավների բամբասանք, վարորդի նախասիրած՝ ուղեղ սղոցող ռաբիս երաժշտություն՝ ահա քո ողջ ճանապարհի ուղեկիցը։ Ոմանք այդ սոդոմ-գոմորին չդիմանալով կամ մեքենայում վատ զգալու պատճառով քնաբեր են խմում։ Ճանապարհն էլ՝ անհարթ (մանավանդ Իջեւան-Դիլիջան հատվածը, որը դեռեւս չի վերանորոգվել), մեքենան ընկնում է մի փոսի մեջ, մի 10 մետր թռչում։ Կանգնածները գլխով հարվածում են առաստաղին, «վայ» կանչում ու ընկնում քնածների վրա։ Խեղճերը արթնանում են ու… բողոքի ալիքը բարձրանում է. – Տո՛, կարգին քշի։ Կանգնում ես, քո հաշվին կանգնի։ Հազիվ քնել էի,- եւ այլն, եւ այլն։ Այսպես էլի մի կերպ տեղ կհասնենք։ Բայց հանկարծ պարզվում է, որ մեքենայի անսարքության պատճառով ստիպված ենք սպասել ավելի քան 1 ժամ, մինչեւ մի որեւէ մեքենայի վարորդ օգնության ձեռք մեկնի, որի հիմնական ձեւը՝ մեքենայի կցելն է մյուսի «պոչին»։ Մի կերպ՝ քաշելով-բոթելով տեղ ենք հասնում, նախատեսվածից մի քանի ժամ էլ ուշ։ Դիմավորողները սառել-փայտացել են կանգնած, սպասող տաքսիների վարորդները՝ քնել ղեկին, իսկ ջարդված ուղեւորներս մի տեսակ կորցրել ենք զգալու ունակությունը։ Առաջին անգամ Երեւան մեկնողները հաստատ չեն համարձակվի մեկնել երկրորդ անգամ, իսկ մեր՝ ուսանողներիս համար դա արդեն սովորական բան է, յուրատեսակ՝ հերթական անհաջողություն։ ԳԱՅԱՆԵ ԵԳԱՆՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել