Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՆՑՅԱԼԸ

Փետրվար 23,2002 00:00

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՆՑՅԱԼԸ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից ամիսներ անց, 1989թ. Վանաձորի քաղաքային իշխանությունները, հավանաբար, գորբաչովյան վերակառուցման քաղաքականության ազդեցության տակ, շատ ավելի բարեհաճ են եղել մամուլի քննադատական հրապարակումների հանդեպ, քան՝ ներկայումս, երբ 30-ականների միտումներ են նկատվում։ Համեմատության համար ներկայացնենք 1989թ. օգոստոսին «Կայծ» թերթում տպագրված հաշվետվությունից (նախկին ղեկավարներից մեկի) մի մեջբերում. «Օրախնդիր սուր հարցերի լուսաբանման գործում լրագրողների կողմից դեռեւս նկատվում է երկյուղածություն, սուր հարցերը շրջանցելու միտում։ Դեռեւս չի հաջողվում անդրադառնալ երկար տարիներ քննադատության համար, մեղմ ասած, «անձեռնմխելի» օբյեկտներին ու անձանց»։ Փաստորեն, նախկին իշխանությունները խրախուսել են քննադատությունը, ի տարբերություն ներկայիս որոշ իշխանավորների, որոնք, «լավագույն» դեպքում, քննադատությունը բաժանում են «առողջի» եւ «անառողջի»։ «Բնականաբար»՝ եթե փաստերը ճիշտ են, ուրեմն քննադատությունն… «անառողջ» է եւ հակառակը։ Վատագույն դեպքում «չտեսնելու» են տալիս քննադատությունը կամ «մանրից» հալածանքների ենթարկում «ժողովրդի թշնամիներին»՝ հնարավոր բոլոր լծակներով։ «Առավոտի»՝ 9.01.2002թ. «Դուրս եկեք տեսեք ինչ վիճակի մեջ է ժողովուրդը» հոդվածի առնչությամբ Վանաձորի քաղաքապետարան էր «հրավիրվել» ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղարը, որպեսզի բացատրություններ ներկայացնի, թե ինչպե՞ս է համարձակվել արտահայտել մտքեր, որոնք «ստվեր» են գցում իշխանությունների հեղինակությանը։ Հիշեցնենք, որ հոդվածում ներկայացված էր ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղարի վերաբերմունքը՝ երկրի սոցիալ- տնտեսական ծանր վիճակի հանդեպ, եւ այդ հարցում նրա բացասական գնահատականը՝ իշխանությունների գործունեությանը։ Ինչեւէ։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղարը մերժել է իշխանությունների «հրավերը», բանավոր մեկ անգամ եւս հաստատելով հոդվածում տպագրվածի հավաստիությունը, սակայն, այնուամենայնիվ, հոդվածի կապակցությամբ տեղի է ունեցել թեթեւակի «ռազբորկա»՝ «հակամարտող կողմերի» միջեւ։ Միջանկյալ նշենք, որ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղարի՝ ասուլիսում արտահայտված քննադատական այլ մտքերին, որոնք վերաբերում էին նաեւ ԱԺ ընտրություններում ռամկավարների հավաքելիք հնարավոր ձայներին, շատ ավելի քաղաքակիրթ ձեւով արձագանքեց ՀՌԱԿ ատենապետը՝ հեռուստատեսությամբ պարզապես հրապարակավ անհամաձայնություն հայտնեց այդ առթիվ, մինչդեռ հոդվածում քննադատության «թիրախ» բնագավառներից եւ ոչ մի արձագանք չեղավ, բացի վերոնշյալ «շուխուրը»՝ տեղական մակարդակով։ Համեմատության համար նաեւ նշենք, որ 1991-98թթ. Վանաձորի իշխանություններն էլ ավելի «ըմբռնումային» վերաբերմունք էին ցուցաբերում քննադատության հանդեպ։ Այսպես, 1992թ. Վանաձորի քաղաքային «Վերածնունդ» պաշտոնաթերթը «Բաց նամակ» էր տպագրել (ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթը) քաղխորհրդի նախագահի դեմ, սակայն դրանից հետո խմբագիրը շարունակեց աշխատել մինչեւ 1998թ. (հաջորդ իշխանությունների գալը), ինչը խոսում է այն ժամանակվա իշխանությունների՝ մամուլի քննադատական հրապարակումների հանդեպ հանդուրժողականության մասին։ Իսկ կարո՞ղ է ներկայումս պետական մամուլն իր ղեկավարության «թանին թթու ասել»։ Հազիվ թե։ Նման դեպքում խմբագիրը կազատվի աշխատանքից։ Օրինակներ աչքի առաջ են՝ ինչքան ուզեք։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել